Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՎԱՐՉԱԿԱՆ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6397/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/6397/05/23             2024թ.

Նախագահող դատավոր` Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշոտ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանը: Միաժամանակ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրել է միջնորդություն` ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 12.09.2023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի միջնորդությունը` վարչական ակտերի կատարումը կասեցնելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մարտիրոսյանը (ներկայացուցիչ` Նորիկ Նորիկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ` Դավիթ Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ մեկնաբանության արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, ինչը դատավարական իրավունքի էական խախտում է, որն էլ հանդիսանում է դատական սխալ:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել նույն դատական ատյանի կողմից նույն փաստական հանգամանքներով մեկ այլ դատական գործով կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտով արտահայտված նախադեպային դիրքորոշումները: Այս ամենը հանգեցրել է իրավունքի հիմնարար խախտումներ պարունակող դատական սխալի, ինչն էլ իր հերթին բերել է թե՛ նյութական, թե՛ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների, որոնք ունեն հիմնարար նշանակություն, խաթարում են արդարադատության բուն էությունը, ուստի և դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են հանդիսանում:

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտման հանգամանքներին, դատական ակտը կայացրել է հակիրճ հիմնավորմամբ` այդպես էլ չանդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք անհատական ակտում վարչական ակտին բնորոշ` անհապաղ կատարման պահանջ ներկայացնելը իրավաչափ է, թե` ոչ: ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացված ակտը որպես անհատական իրավական ակտ համարելուց հետո` Վերաքննիչ դատարանը նախ պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք այդ անհատական ակտում նման պահանջ ներառելը իրավաչափ է եղել, թե` ոչ, և նոր միայն փաստարկեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությունը:

Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Այսպես` թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 30.06.2022 թվականի որոշմամբ կատարել է հետևյալ մեկնաբանությունը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի նկատմամբ վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում` անկախ այդ իրավական ակտերի` վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ` նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առնչվող բոլոր դատավարական կանոնները, այդ թվում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները: (...) Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը թեև հիմնավոր է համարում բողոքաբերի դիրքորոշումը` վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված պահանջի քննության նկատմամբ կիրառելի են վիճարկման հայցատեսակին վերաբերող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կանոնները»:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6397/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 07-ին կայացրած որոշումը` կայացնելով նոր դատական ակտ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում և տվյալ պարագայում կիրառելի չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները, օրինական է և հիմնավորված, և հետևաբար` նշվածով պայմանավորված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.06.2022 թվականի որոշման մեջ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կասեցման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի են հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով:

 

Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նաև պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը` անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված` ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս, Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը: Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ` վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ` սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը` դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են: Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանել է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միաժամանակ օրենսդիրը, որպես բացառություն, նախատեսել է օրենքով սահմանված դեպքերում հայցվորի միջնորդությամբ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հնարավորությունն այն պարագայում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով վիճարկվող անհատական ակտերի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դրույթների կիրառելիությանը` դրանց վարչական ակտ չհանդիսանալու առանձնահատկությամբ պայմանավորված:

Այսպես.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները` օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում (տե՛ս, Գայանե Շալունցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.11.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն` օրենսդրի մոտեցման համաձայն` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ պայմանները (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

(...):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային ծառայության ոլորտում ծագող վեճերը` որպես հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր, հանձնել է ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը քննության են առնվում կոնկրետ հայցատեսակների շրջանակներում: Ընդ որում, հայցատեսակների տարբերակումը կարևոր նշանակություն ունի վարչական դատավարության կարգով իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս` հաշվի առնելով, որ հայցատեսակի ընտրությունը կանխորոշում է տվյալ հայցի քննության դատավարական կանոնները, մասնավորապես, հայցի քննության համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում` հայցի ներկայացման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման կանոնները, դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար: Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու գործընթացում հանրային ծառայողի վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը չի հանդիսանում վարչական ակտ` առնվազն վարչական ակտին բնորոշ արտաքին ներգործության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես` նշված հարաբերություններում գործատուն աշխատողի նկատմամբ հանդես չի գալիս որպես վարչական մարմին, հետևապես աշխատողի նկատմամբ չի իրականացնում վարչարարություն, որպիսի իրողությունից էլ օբյեկտիվորեն բխում է, որ հանրային ծառայությունից ազատելու կամ հանրային ծառայության ընդունելու, ինչպես նաև հանրային ծառայության իրականացման ընթացքում համապատասխան աշխատողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործատուի ընդունած իրավական ակտերը չեն կարող որակվել վարչական ակտեր:

Այնուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ վարչական դատարանին ընդդատյա բոլոր գործերի քննությունն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների շրջանակներում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայողի վերաբերյալ միջամտող անհատական իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ վեճը քննության է ենթակա այն հայցատեսակի շրջանակներում, որի միջոցով առավել արդյունավետությամբ կապահովվի հանրային ծառայողի իրավունքների դատական պաշտպանությունը և իրավունքի վերականգնումը, կիրացվի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակն իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելն է, հետևապես հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործերի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, իսկ նշված գործերով վարչադատավարական վերահսկողությունը` վիճարկման հայցին առնչվող դատավարական բոլոր իրավակարգավորումների կիրառմամբ, պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում` անկախ այդ իրավական ակտերի` վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ անձի համար դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունն ապահովելու նպատակով հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով պետք է կիրառվեն վիճարկման հայցատեսակին առնչվող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի կարգավորումները:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Աշոտ Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանը: Միաժամանակ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրել է միջնորդություն` ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ:

Դատարանը 12.09.2023 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը այն հիմնավորումներով, որ «հայցվորի կողմից միջնորդության հիմքում նշված սպառողական վարկեր ձեռք բերելու, օրենքով սահմանված կարգով ալիմենտ պահանջելու և վճարելու ողջամիտ ու մեծ հավանականությունը, հիմնված են հետագայում հայցվորի համար հնարավոր բացասական հետևանքների առաջացման ենթադրություններին, դրանցից պարզ չէ, թե վարկի և ալիմենտի ինչ չափի մասին է խոսքը վերաբերում, ուստի հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականությունը չի հիմնավորվում:

Բացի այդ, հայցվորը միջնորդությամբ նշել է, որ վարչական ակտերի չկասեցման դեպքում ինքը կզրկվի մի շարք իրավական, սոցիալական, այդ թվում` առողջապահական երաշխիքներից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորմամբ բնակության համար տուն ձեռք բերելու հնարավորությունից, որի կապակցությամբ դատարանն արձանագրում է, որ այդ փաստարկներն, ըստ էության, վերաբերում են օրենքով սահմանված որոշակի երաշխիքներից հայցվորի օգտվելու հնարավորություն չունենալուն, որը դատարանի գնահատմամբ չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտերի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու համար, քանի որ թե՛ միջնորդությունից, թե՛ կից ներկայացված փաստաթղթերից չի հետևում, որ դրանցից չօգտվելու արդյունքում հայցվոր կողմի համար կստեղծվեն այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ կամ դրանց առաջացման հավանականություն, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը, այլ կերպ ասած` կձևավորեն հիմնավոր կասկած հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հայցվորի դիրքորոշմանն, առ այն, որ հետագայում հայցվորի պաշտոնին այլ անձի նշանակումը կարող է հանգեցնել հայցվորի իրավունքների իրականացման խոչընդոտմանը, ապա դատարանը հարկ է համարում նշել, որ նախկին պաշտոնում վերականգնելու անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու համար բավարար փաստարկ կամ ապացույց դատարանին չի ներկայացվել»:

Վերաքննիչ դատարանը 07.11.2023 թվականի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 12.09.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` արձանագրելով, որ «սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում կիրառելի չեն նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ընդդատյա են վարչական դատարանին, իսկ դատական պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ նշված գործերով դատական վերահսկողությունը իրականացվել է վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով, հետևաբար վիճարկման հայցին բնորոշ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կասեցման իրավակարգավորումները հավասարապես կիրառելի են նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով, ինչը համապատասխանում է արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն նշել է, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտերը չեն հանդիսանում վարչական ակտեր, այնուհանդերձ հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքն ինքնին անձին չի կարող զրկել դատավարական այնպիսի գործիքակազմից, ինչպիսին է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, իր նկատմամբ կիրառելի լինելու հնարավորությունից: Ավելին, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանի կողմից քննելու և նշված գործերով դատական վերահսկողությունը վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով իրականացվելու ձևավորված դատական պրակտիկայի պայմաններում հայցվորները կարող են ունենալ լեգիտիմ ակնկալիք առ այն, որ իրենց կողմից ներկայացված հայցերի պարագայում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի կայացված դատական ակտը, որով արձանագրվել է, հետևյալը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի նկատմամբ վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում` անկախ այդ իրավական ակտերի` վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ` նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առնչվող բոլոր դատավարական կանոնները, այդ թվում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված` վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները: (...) Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը թեև հիմնավոր է համարում բողոքաբերի դիրքորոշումը` վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված պահանջի քննության նկատմամբ կիրառելի են վիճարկման հայցատեսակին վերաբերող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կանոնները»:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությանը, արձանագրել է, որ «սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում կիրառելի չեն նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները»:

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը նաև վարչական ակտ չհանդիսացող, սակայն վիճարկման հայցին բնորոշ իրավակագավորումներով քննվող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայցի առարկաների` ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիմնավորվածությանը` պարզելու համար այն բավարարման ենթակա լինելու իրավական նախադրյալների առկայության կամ բացակայության հարցը:

Դատարան ներկայացրած միջնորդությամբ հայցվորը, մասնավորապես, փաստարկել է, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելը հասցնելու է զգալի վնաս, մասնավորապես, վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ ինքը բավականին երկար ժամանակ կարող է զրկված լինել դատախազության համակարգում հանրային ծառայություն իրականացնելու հնարավորությունից դրանից բխող թե՛ բարոյական, թե՛ նյութական հետևանքներով հանդերձ: Ավելին, վիճարկվող վարչական ակտերի չկասեցման պարագայում հնարավոր է, որ իր զբաղեցրած պաշտոնին նշանակվի այլ անձ (կամ արդեն նշանակվել է), որը հետագայում նույնպես կարող է հանգեցնել իր իրավունքների իրականացման խոչընդոտմանը: Միաժամանակ, վիճարկվող վարչական ակտերի չկասեցման պարագայում իրեն զգալի վնաս կպատճառվի այն առումով, որ ինքը զրկվելու է աշխատավարձից, իր համար կառաջանան այնպիսի բացասական հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն իր վիճակը:

Ներկայացված միջնորդությամբ հայցվորը փաստարկել է նաև, որ չունի այլ եկամտի աղբյուրներ, իր խնամքին է վատառողջ մայրը, ինչը հաստատվում է վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնի կողմից 05.06.2023 թվականին տրված ռենտգեն հետազոտության արդյունքներն արտացոլող բժշկական փաստաթղթով, իսկ հիվանդությունը ենթադրում է երկարատև և հետևողական բուժում` հետևաբար ֆինանսական լրացուցիչ ծախսեր: Բացի այդ, իր մայրը նույնպես որևէ տեղ չի աշխատում, չունի որևէ եկամտի աղբյուր, ինչպես նաև ինքը և իր մայրը չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ այլ անշարժ գույք: Վիճարկվող ակտերի կատարման չկասեցման պայմաններում ինքը կամ իր մայրը ստիպված են լինելու ձեռք բերել սպառողական վարկեր, ինչը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ և ժամանակի ընթացքում եկամուտների բացակայության պայմաններում այդ ֆինանսական բեռը ողջամտորեն կավելանա: Ինքը փաստացի զրկվում է նաև արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորմամբ բնակության համար տուն ձեռք բերելու հնարավորությունից:

Բացի այդ, ինքը քաղաքացիական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել, ունի որդի` Գևորգ Մարտիրոսյանը, ում հայրությունը ճանաչել է: Ներկայումս փաստացի ամուսնալուծված է, և երեխան բնակվում է մոր հետ: Գևորգ Մարտիրոսյանը դեռևս չափահաս չէ, և ցանկացած պահի (այդ թվում` վարչական ակտերը դատական կարգով վիճարկման ժամանակահատվածում) առկա է օրենքով սահմանված կարգով ալիմենտ պահանջելու և վճարելու ողջամիտ ու մեծ հավանականություն, ինչով էլ պայմանավորված էականորեն կավելանան իր ամսական ծախսերը:

Վերոգրյալից բացի, իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացն ու դրան հաջորդող բողոքարկման գործընթացներն ինքնին իր համար առաջացրել են լրացուցիչ ծախսեր որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հետ կապված փաստաբանական ծառայություններից օգտվելու կապակցությամբ, ենթադրվում է, որ գործընթացի երկարատևությունն ու դրանով պայմանավորված իրավաբանական որակյալ օգնություն ստանալու անհրաժեշտությունը հանգեցնելու է հավելյալ ծախսերի կատարման:

Վիճարկվող ակտերի անհապաղ կատարման պայմաններում ինքը կզրկվի մի շարք իրավական, սոցիալական, այդ թվում` առողջապահական երաշխիքներից, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն դատախազն իրավունք ունի, ի թիվս այլնի, իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 66-րդ և 69-րդ հոդվածներով սահմանվում են դատախազի այլ սոցիալական երաշխիքները, ինչպես նաև իրավական պաշտպանության երաշխիքները:

Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածն իմպերատիվորեն սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է դատախազը պաշտոնից ազատվել: Տվյալ դեպքում, եթե վիճարկվող ակտերի կատարումը չկասեցվի և իր նախկին պաշտոնում նշանակվի այլ անձ, ապա սույն հայցի բավարարումը հիմք չի հանդիսանալու, որպեսզի ինքը վերականգնվի տվյալ դատախազության դատախազի պաշտոնին, քանի որ վերը նշված հոդվածում այդպիսի իրավական հիմք առկա չէ, ինչը նշանակում է, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելը հանգեցնելու է իր իրավունքների պաշտպանության անհնարինության:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Ինչպես վերն արդեն նշվել է, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն վիճարկվող վարչական ակտերի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու, ըստ այդմ նաև` այդ ակտերի կատարումը կասեցնելու եզրահանգման գալու համար: Ավելին, ներկայացված փաստարկներն առավելապես վերաբերում են ապագայում ենթադրաբար տեղի ունենալիք այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են օրինակ` ալիմենտ պահանջելը, սպառողական վարկեր ձեռք բերելու կամ արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկ ստանալու հնարավորությունից զրկվելը:

Անդրադառնալով հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ վերջինիս միջնորդությամբ ներկայացված փաստարկին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Հայցվորը վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում իր իրավունքների պաշտպանության անհնարինությունը փաստարկել է նրանով, որ հայցի բավարարման դեպքում իր նախկին պաշտոնում վերականգնվելն անհնարին կլինի, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում անվավեր ճանաչված ակտի առկայության պայմաններում անձին իր պաշտոնում վերականգնելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հայցվորի կողմից նշված փաստարկը:

Այսպես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով` դատախազների աշխատանքային հարաբերությունները հատուկ օրենքով` «Դատախազության մասին» ՀՀ օրենքով կարգավորված չլինելու պարագայում կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում դատախազին պաշտոնից ազատելու այնպիսի հիմք, ինչպիսին այդ պաշտոնից ազատված դատախազի վերականգնումն է նախկին պաշտոնում, այնուամենայնիվ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառելի իրավակարգավորումները երաշխավորում են վիճարկվող ակտերի անվավերության դեպքում հայցվորի նախկին պաշտոնում վերականգնվելու հնարավորությունը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ևս չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցվորի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու պայմաններից որևէ մեկի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև սույն գործով վիճարկվող ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանի (լիազորությունները կասեցված) նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Աշոտ Մարտիրոսյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 312-Ա հրամանի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809986139

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2024
N ՎԴ/6397/05/23
Որոշում