Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ՀԻՄՔՈՎ ՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/4746/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/4746/05/23             2024թ.

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ նաև` Գրասենյակ)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն) Ընկերության անվամբ «Ber-Ber» ապրանքային նշանն ԱԾՄԴ 39-րդ դասի հետևյալ ծառայությունների նկատմամբ` «փոստային ծառայություններ» գրանցումը պարտավորեցնելու, և որպես նշված պահանջում ներառված պահանջներ` թիվ 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 18.04.2022 թվականի որոշումը, թիվ 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 16.08.2022 թվականի որոշումը և Գործակալության բողոքարկման խորհրդի 12.12.2022 թվականի թիվ 2022-11-1-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Գործակալությանն իր անվամբ գրանցել «Ber-Ber» ապրանքային նշանն ԱԾՄԴ 39-րդ դասի հետևյալ ծառայությունների նկատմամբ` «փոստային ծառայություններ», և որպես նշված պահանջում ներառված պահանջներ` անվավեր ճանաչել թիվ 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 18.04.2022 թվականի որոշումը, 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 16.08.2022 թվականի որոշումը և Գործակալության բողոքարկման խորհրդի 12.12.2022 թվականի թիվ 2022-11-1-Ա որոշումը: Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Սադոյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, իսկ հայցադիմումի ընդունումը մերժելու մասով ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2024 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու և մասով վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով` բողոքի ընդունումը մերժելու մասով վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Արսեն Թավադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից 14.07.2023 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության վերաբերել է Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմանն ամբողջությամբ, և այդ որոշման իրավաչափությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ, և իր 04.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու և մասով վարույթ ընդունելու մասին» որոշմամբ` Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը` հայցադիմումի ընդունումը մերժելու մասով ընդունվել է վարույթ, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով վարույթ ընդունելը մերժվել է, ինչի կապակցությամբ ներկայացվել է վճռաբեկ բողոք:

Այնուհետև, Վերաքննիչ դատարանը, կայացնելով 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ Ընկերության Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու և մասով վարույթ ընդունելու մասին» որոշման` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասի դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքի քննությունը դառնում է առարկայազուրկ, և անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը, այդ վճռաբեկ բողոքի մասով, միևնույն է հայցադիմումն այլևս հնարավոր չի լինի վարույթ ընդունված համարել, եթե Վերաքննիչ դատարանի 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը չվերացվի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերացնել թիվ ՎԴ/4746/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում առանձնացրել է այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է դրվեն դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու հիմքում` բացառելու համար այդ սահմանափակումների արդյունքում արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը: Մասնավորապես.

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման արդարացում,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում` բողոքարկման ժամկետները, չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2019 թվականի ՍԴՈ-1293 որոշումը):

Դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար որոշակի ողջամիտ ժամկետների սահմանումը, ինչը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում` դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ըստ Եվրոպական դատարանի` ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55): Եվրոպական դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վտանգվում է, եթե դատավարական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակին և խոչընդոտում են անձի վեճի ըստ էության քննությանն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Zubac v. Croatia գործով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, գանգատ թիվ 40160/12, կետ 98):

Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում` մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով նույն վճիռը, կետ 80):

Վերը նշվածի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարան դիմելու օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն քննարկելիս դատարանները պետք է առաջնորդվեն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած վերը նշված սկզբունքներով` ապահովելով արդարացի հավասարակշռություն մի կողմից` անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման շահի, մյուս կողմից` ժամկետային սահմանափակմամբ հետապնդվող` իրավական որոշակիությունն ու անվտանգությունն ապահովելու իրավաչափ նպատակի միջև: Նման հավասարակշռության խախտումն ի վնաս շահագրգիռ անձի դատական պաշտպանության իրացման շահի, դատարան դիմելիս անձին ձևական պահանջներով ծանրաբեռնելը ենթադրում է դատարանի մատչելիության իրավունքի էության խաթարում:

Դատարանի մատչելիության, այդ թվում` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ նաև` Օրենսգիրք) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Օրենսգիրքը սահմանում է նաև կոնկրետ կառուցակարգ, որի շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է գնահատել վերաքննիչ բողոքի ընդունելիությանն առնչվող պարտադիր պահանջների ու պայմանների պահպանվածությունը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է` Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, իսկ նույն Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը:

Օրենսգրքի 131-րդ հոդվածը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շարքին է դասել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը (Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն Օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում (...):

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և այդ հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը կազմում են մեկ անխզելի ամբողջական միասնություն, և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումն ածանցվում է դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումից: Այլ կերպ` Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելը դատարան հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման անխուսափելի օբյեկտիվ հետևանքն է: Այդ է պատճառը նաև, որ գործնականում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության մերժումը և հայցադիմումի ընդունման մերժումը կատարվում է մեկ միասնական որոշում ընդունելու միջոցով (բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում): Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բովանդակությունը կազմում են դատարանի փաստարկները, վերլուծությունները, հիմնավորումներն ու եզրահանգումները դատարան դիմելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու` հայցվորի միջնորդությամբ վկայակոչված պատճառը (պատճառները) հարգելի չհամարելու վերաբերյալ:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկումն ինքնին ենթադրում է բողոք բերող անձի անհամաձայնությունը բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու որոշման հետ, մասնավորապես, ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) հարգելի չհամարելու` դատարանի փաստարկների ու հիմնավորումների հետ: Նշված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման գործընթացում վերջինս արհեստականորեն չի կարող տրոհվել և դիտարկվել որպես երկու առանձին որոշումներ` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, քանզի բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության մերժումը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքն է: Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքն ինքնըստինքյան ներառում է նաև բաց թողնված ժամկետի միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բողոք:

Վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով:

Այն է` «1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`

(...)

4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն.

6) բողոք բերող անձի պահանջը (...)»:

Հիմք ընդունելով վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող վերը նշված պահանջները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում վերաքննիչ բողոքի բովանդակությունը պետք է բացահայտվի դրա բոլոր բաղադրիչների համակցությամբ, բողոք բերող անձի պահանջը պետք է դիտարկվի բողոքի մյուս բովանդակային բաղադրիչների համատեքստում` հաշվի առնելով, մասնավորապես, բողոք բերող անձի կողմից վկայակոչված նյութական կամ դատավարական նորմի` ՀՀ վարչական դատարանին վերագրվող խախտումը, այդ խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման դեպքում, եթե վերաքննիչ բողոքը բովանդակում է հակափաստարկներ ու հիմնավորումներ ընդդեմ բաց թողնված ժամկետը վերականգնելու պատճառի (պատճառների) հարգելի և ըստ այդմ` բաց թողնված ժամկետը վերականգնման ենթակա չլինելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի եզրահանգման, ապա ակնհայտ է, որ բողոքարկման օբյեկտը ներառում է նաև բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, նույնիսկ, եթե վերաքննիչ բողոքի պահանջը վերաբերում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմանը: Հետևաբար, նման իրավիճակում, եթե վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետում ներկայացված վերաքննիչ բողոքի պահանջը չի արտացոլում բողոքարկվող որոշման ամբողջական անվանումը (բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում) և պահանջի հստակեցման նպատակով վերաքննիչ բողոքը վերադարձվում է, ապա օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` հստակեցված պահանջի մասով, չի կարող դիտարկվել որպես վերաքննիչ բողոք բերելու ժամկետի խախտմամբ ներկայացված բողոք` հաշվի առնելով, որ սկզբնապես օրենքով սահմանված ժամկետում ներկայացված բողոքի փաստարկները վերաբերել են բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության ենթադրյալ ոչ իրավաչափ մերժմանը և ըստ այդմ` սկզբնապես ներկայացված վերաքննիչ բողոքն օբյեկտիվորեն ներառել է նաև բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ուղղված բողոք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը (...)»:

Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը քննարկելիս, մասնավորապես, վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքին գնահատական տալիս ելակետ պետք է ընդունվի տվյալ վերաքննիչ բողոքի սկզբնական ներկայացման օրը:

Ըստ այդմ` հաշվի առնելով, որ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ու հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը կազմում են անխզելի ամբողջական միասնություն` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում Օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասի վերը նշված կարգավորումը վերաբերում է և՛ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը, և՛ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմանը` անկախ նրանից վերաքննիչ բողոքի պահանջն սկզբնապես արտացոլել է բողոքարկվող որոշման ամբողջական անվանումը, թե` ոչ: Այն դեպքում, երբ սկզբնապես ներկայացված վերաքննիչ բողոքը բովանդակել է բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու որոշման ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ փաստարկներ ու հիմնավորումներ, ապա պահանջի հստակեցման նպատակով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով ևս վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքին գնահատական տալիս ելակետ պետք է ընդունվի տվյալ վերաքննիչ բողոքի սկզբնական ներկայացման օրը, քանզի այս դեպքում ոչ թե ներկայացվում է նոր պահանջ, այլ հստակեցման անհրաժեշտություն ունեցող պահանջի բովանդակությունը համապատասխանեցվում է վերաքննիչ բողոքի բովանդակությանը, դրանում վկայակոչված խախտումներին և վերջիններիս հիմնավորումներին:

Հակառակ մոտեցումը կնշանակի անխզելի ամբողջություն կազմող` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումն արհեստականորեն տրոհել երկու առանձին որոշումների` վերաքննիչ բողոքի պահանջը չդիտարկելով բողոքի մյուս բովանդակային տարրերի հետ համակցության մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման մոտեցման պարագայում չի ապահովվում հավասարակշռություն վերաքննիչ դատական ատյանի մատչելիության իրավունքի ժամկետային սահմանափակման և դրանով հետապնդվող իրավաչափ նպատակի միջև` խաթարելով արդար դատաքննության իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ ՎԴ/4746/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում չի կարող առաջանալ իրավիճակ, երբ վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը սահմանափակվի միայն հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման վերանայմամբ` չանդրադառնալով հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքաբերի ներկայացրած փաստարկներին, չգնահատելով ՀՀ վարչական դատարանի բողոքարկվող որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու հիմքերի առկայության (բացակայության) տեսանկյունից: Իսկ եթե վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի արդյունքում առաջացել է նման իրավիճակ, ապա վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը ենթակա է վերացման` երաշխավորելու համար դատական սխալի արդյունքում բողոքաբերի` դատական պաշտպանության և դատարանի մատչելիության խախտված իրավունքի արդյունավետ վերականգնումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով պարտավորեցնել Գործակալությանն իր անվամբ գրանցել «Ber-Ber» ապրանքային նշանն ԱԾՄԴ 39-րդ դասի հետևյալ ծառայությունների նկատմամբ` «փոստային ծառայություններ», և որպես նշված պահանջում ներառված պահանջներ` անվավեր ճանաչել թիվ 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 18.04.2022 թվականի որոշումը, 20212857 հայտով ներկայացված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին Գործակալության 16.08.2022 թվականին որոշումը և Գործակալության բողոքարկման խորհրդի 12.12.2022 թվականի թիվ 2022-11-1-Ա որոշումը: Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Դատարանը 10.07.2023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է`

փաստելով, որ տվյալ դեպքում հայցվորը բաց է թողել պարտավորեցման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը` զրկված չլինելով սահմանված ժամկետում և կարգով պարտավորեցման հայց ներկայացնելու հնարավորությունից, սակայն դրսևորել է անգործություն` դատական պաշտպանության դիմելու հարցում, այսինքն` առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու որևէ հիմնավոր պատճառ:

Վերաքննիչ դատարանը 08.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` հայցադիմումի ընդունումը մերժելու մասով Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով. «Սույն դեպքում, թեպետ վերաքննիչ բողոքով բողոքաբերը, ի թիվս այլնի, բարձրացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմնահարցը, վերջինս պահանջը ձևակերպել է հետևյալ կերպ. «ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը և վերացնել թիվ ՎԴ/4746/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 10.07.2023 թվականի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը»: (...) վերաքննիչ բողոքի պահանջի ձևակերպումից հետևում է, որ այն ուղղված է բացառապես հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ:

Վերոգրյալի լույսի ներքո (...) Վերաքննիչ դատարանն առաջարկում է բողոքաբերին հստակեցնել բողոք բերող անձի պահանջը` անհրաժեշտության դեպքում, ավելացնելով պահանջը և բողոքարկման առարկա դարձնելով 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասով: (...) վերաքննիչ բողոքի պահանջն ավելացնելու դեպքում, վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս, բողոքաբերը պետք է նաև անդրադառնա վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հարցին` ներկայացնելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն»:

Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի առնչությամբ 04.09.2023 թվականին կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու և վերաքննիչ բողոքը մասով վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է, իսկ հայցադիմումի ընդունումը մերժելու մասով վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հանգել են հետևյալին. «(...) սույն գործով բողոքաբերը բաց է թողել 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացվել է 10.07.2023 թվականին, այն ստացվել է բողոքաբերի կողմից 12.07.2023 թվականին (հիմք` փոստային հետադարձ անդորրագիր, գ.թ. 57), իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 29.08.2023 թվականին (հիմք` ծրար):

Որպիսի պարագայում, Վերաքննիչ դատարանը համարում է, որ 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, այդ թվում` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, կարող էր բողոքարկվել մինչև 19.07.2023 թվականը ներառյալ, սակայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 29.08.2023 թվականին: Միևնույն ժամանակ, սույն դեպքում բողոքաբերի կողմից չի ներկայացվել դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան միջնորդություն»:

Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: ՀՀ վճռաբեկ դատարանը 25.04.2024 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել է` Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մասով մերժելու և մասով վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով` բողոքի ընդունումը մերժելու մասով վերացվել է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի որոշումը կայացվել է Ընկերության դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը 02.10.2023 թվականին կայացրել է «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, որով Դատարանի 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հանգում են հետևյալին. ««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (...) վերաքննիչ բողոքը, (...) ներկայացված է 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման բացառապես հայցադիմումի ընդունումը մերժելու մասի դեմ:

(...) Նկատի ունենալով, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման իրավաչափությամբ է պայմանավորված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դատավարական ճակատագիրը, 10.07.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, մտել է օրինական ուժի մեջ, ինչպես նաև այն, որ սույն գործով հայցվոր կողմի բողոքն ուղղված է քննարկվող որոշման հայցադիմումի ընդունումը մերժելու մասի դեմ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում տեղ գտած իրավական կարգավորումների ծանրության ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մասով վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա մերժման (...)»:

 

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի մերժումը պայմանավորված է եղել բացառապես այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանը 04.09.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը քննության է ընդունել միայն հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման մասով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն ըստ էության չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին, քննության առարկա չի դարձրել հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքաբերի ներկայացրած փաստարկները, չի գնահատել ՀՀ վարչական դատարանի բողոքարկվող որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու հիմքերի առկայության (բացակայության) տեսանկյունից:

Նշված իրավիճակն արդյունք է Վերաքննիչ դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, որպիսի մերժումը Վճռաբեկ դատարանի 25.04.2024 թվականի որոշմամբ ոչ իրավաչափ է համարվել և գնահատվել է որպես Ընկերության դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի խախտում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտված իրավունքի դատական պաշտպանությունը չի կարող ինքնանպատակ լինել. խախտված իրավունքի դատական պաշտպանության նպատակը ոչ միայն իրավունքի խախտման փաստի ճանաչումն է դատարանի կողմից, այլ նաև խախտված իրավունքի վերականգնումն է: Առանց խախտված իրավունքի վերականգնման չի կարող երաշխավորվել անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը: Խախտված իրավունքի վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum):

Հաշվի առնելով անձի դատական պաշտպանության իրավունքի նշված նպատակը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա իրավիճակում Ընկերության դատական պաշտպանության և դատարանի մատչելիության խախտված իրավունքի վերականգնումը կարող է ապահովվել միայն Վերաքննիչ դատարանի բողոքարկված 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու դեպքում, որպիսի պայմաններում միայն հնարավոր կդառնա ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Ընկերության վերաքննիչ բողոքի հիմքերի ըստ էության քննությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նորմերի խախտումը, հանգեցրել է Ընկերության արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի հիմնարար խախտման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809984081

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2024
N ՎԴ/4746/05/23
Որոշում