Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/0444/05/22

    Վարչական գործ թիվ ՎԴ/0444/05/22             2024թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ս. Հովակիմյան

                       Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հոֆիկ Բաղդասարյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հոֆիկ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 29.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2023 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Արմեն Կոտոլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ և 275-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչական մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ վարչական վարույթին ենթադրյալ իրավախախտման սուբյեկտի մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, ինչի արդյունքում էլ ապահովվել է վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա են վերաբերելի և թույլատրելի ապացույցներ առ այն, որ հայցվորը սահմանված կարգով ծանուցվել (իրազեկվել) է ինչպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի, օրվա և ժամի մասին, այնպես էլ չներկայանալու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն իր բացակայությամբ գործը քննելու մասին: Միաժամանակ, Տեսչական մարմինը, անհիմն գտնելով գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը, այն մերժել է, քանի որ հետաձգելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, ուստի հայցվորի լսված լինելու իրավունքը չի խախտվել, ինչպես նաև իրականացվել է պատշաճ վարչարարություն: Հայցվորն ունեցել է հնարավորություն նաև ամբողջ վարույթի շրջանակներում իր դիրքորոշումները/ապացույցները ներկայացնելու, սակայն չի օգտվել իր իրավունքներից:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 02.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հոֆիկ Բաղդասարյանը 10.12.2021 թվականի ծանուցագրով հրավիրվել է մասնակցելու պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելու կապակցությամբ 10.12.2021 թվականին հարուցված թիվ 25 վարչական վարույթի քննությանը, որը տեղի էր ունենալու 22.12.2021 թվականին ժամը 12:30-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում (հասցեն` ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2) (գ.թ. 11).

2) Հոֆիկ Բաղդասարյանի ներկայացուցիչ Գարի Գևորգյանը Տեսչական մարմնի ղեկավարին է հասցեագրել 22.12.2021 թվականի դիմում` հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ այսօր նշանակված լսումները հետաձգել ողջամիտ ժամկետով, ինչը պայմանավորված է վարույթին առնչվող ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, առկա են որոշակի տեղեկություններ և իրեղեն ապացույցներ, որոնցով ապացուցվում է Հոֆիկ Բաղդասարյանի կողմից վերագրվող զանցանքը չկատարելը, և ընդհակառակը, ստուգող տեսուչների կողմից պաշտոնեական փաստաթղթեր (արձանագրություններ) կեղծելը ապացուցող և Հոֆիկ Բաղդասարյանին անհիմն զրպարտելու և ստուգող անձանց գործով շահագրգիռ լինելու վերաբերյալ: Բացի այդ հաշվի առնելով, որ ներկայացվելիք ապացույցներով հիմնավորելու է վերոգրյալ վարույթով քննություն իրականացնող պաշտոնատար անձանց կանխակալ վերաբերմունքը, ուստի մեր կողմից ներկայացվելու են բացարկի միջնորդություններ, որոնց քննության արդյունքում հնարավոր է թիվ 25 վարչական վարույթ իրականացնող անձը քննությունից հեռացվի: (...)» (գ.թ. 50).

3) Տեսչական մարմնի ղեկավարի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշմամբ Հոֆիկ Բաղդասարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-ին հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 250.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (գ.թ. 46-47).

4) ի պատասխան թիվ 25 վարչական վարույթի վերաբերյալ նշանակված լսումները հետաձգելու մասին Գարի Գևորգյանի 22.12.2021 թվականի դիմումի` Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 24.12.2021 թվականի թիվ 1321/21-2մ գրությամբ հայտնել է, որ այն ենթակա է մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ առկա է եղել բավարար ժամանակ ներկայացնելու վարույթին առնչվող ապացույցներ, սակայն չի ներկայացվել: Միևնույն ժամանակ հայտնվել է, որ թիվ 25 վարչական վարույթի քննությունն իրականացվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ և դրա արդյունքում 22.12.2021 թվականին Հոֆիկ Բաղդասարյանի նկատմամբ կայացվել է «Տուգանք նշանակելու մասին» թիվ 415 որոշումը (գ.թ. 49):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ և 275-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդության առկայության պայմաններում գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննելու իրավական հնարավորությանը` պայմանավորված վերջինիս լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ` ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է`

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն: Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով:

Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է.

«1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը` վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (...)»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:

Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն վերապահված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.09.1977 թվականի «Վարչական մարմինների վարչական ակտերից անձանց պաշտպանության մասին» թիվ (77) 31 հանձնարարականի 1-ին կետի համաձայն` ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է բացասաբար անդրադառնալ շահագրգիռ անձի իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա, վերջինս կարող է ներկայացնել փաստեր և փաստարկներ և, համապատասխան դեպքերում, ապացույցներ, որոնք հաշվի պետք է առնվեն վարչական մարմնի կողմից:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` համապատասխան դեպքերում շահագրգիռ անձը ժամանակին և գործին համապատասխանող ձևով տեղեկացվում է նախորդ պարբերությունում նշված իրավունքների մասին:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի և նշված հանձնարարականի պահանջներին համահունչ իրավակարգավորում է սահմանված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական մարմնի պարտականությունը կարող է պատշաճորեն կատարված համարվել, եթե վարչական մարմինը մինչև միջամտող վարչական ակտի կայացումը իր տրամադրության տակ ունեցել է բավարար ապացույցներ առ այն, որ վարչական վարույթի մասնակիցն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին և իրազեկումից հետո իր տրամադրության տակ ունեցել է բավարար ժամանակ վարչական մարմնի առջև իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Հակառակ դեպքում, վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև վարչական մարմնի առջև արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքները կդառնան անիրական և երևութական` զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի` վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ գործը քննելու վարքագիծն իրավաչափ է, եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի և տեղի մասին, կամք չի դրսևորել իրացնելու գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը: Գործի քննությանը մասնակցելու` վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կամքը բացակայում է, եթե վերջինս, ժամանակին ծանուցված լինելով գործի քննության ժամանակի ու տեղի մասին, չի ներկայանում գործի քննությանը և միաժամանակ չի ներկայացնում գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1889/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վարչական վարույթի ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու հարցին, արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Անդրադառնալով վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետևաբար վարչական մարմնի ուղղակի պարտականությունն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի և ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նաև եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս, Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունն ապահովելը երաշխիք է ոչ միայն վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և (կամ) երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման համար, այլ նաև գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներն ամրագրել են այն կարևոր կանոնը, որի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` 1) տվյալ գործի քննությունը վերաբերում է արդյոք իր իրավասությանը, 2) ճիշտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը, 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին, 4) պահանջվել են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, 5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս, հիմքեր կան արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները: Դրանցից են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կամ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ կամ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցների շրջանակը: Նշված իրավանորմի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նույն հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, ապացույց է նաև վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` վարչական մարմինն անձին վարչական պատասխանատվության ենթարկելիս կրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում վերը նշված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պարտականություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներից յուրաքանչյուրն էական նշանակություն ունի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության խնդիրները լուծելու առումով, ուստի վարչական իրավախախտման գործի քննությունն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է ձեռնարկել հնարավոր, համարժեք ու ողջամիտ բոլոր միջոցները վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր ապացույցները ձեռք բերելու, դրանք հետազոտելու և գնահատելու համար: Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրությունը, որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, հատկապես կարող է որոշիչ լինել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության խնդիրները լուծելու, մասնավորապես` գործի փաստական հանգամանքները պարզելու, դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկելու, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելու համար:

Վերոգրյալ խնդիրների պատշաճ լուծումն ապահովելու համար օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածում ամրագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից պարզման ենթակա հարցերի շրջանակը, որոնցից են նաև գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունների մասին հարցերը: Ընդ որում գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց ծանուցված լինելու փաստը հաստատող ապացույցի առկայությունն ինքնին հիմք չէ գործի քննությունը վերջիններիս բացակայությամբ իրականացնելու համար, այլ անհրաժեշտ է, որպեսզի բացակայի նաև գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը:

Այսպես. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն անձի բացակայությամբ քննելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկու պայմանները. առաջին` երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին անձին ժամանակին ծանուցելու վերաբերյալ, երկրորդ` նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին, միմյանցից բաժանված են «և» շաղկապով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննությունը կարող է անձի բացակայությամբ իրականացվել միայն նշված երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, և դրանցից մեկի բացակայությունը բացառում է գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ իրականացնելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից որպես լուծման ենթակա հարց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունների մասին հարցը: Այսինքն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, պարտավոր է քննել և լուծել նաև վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունները: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված անձը չի ներկայանում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, սակայն ներկայացնում է գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է լուծել այդ միջնորդությունը` կայացնելով միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ իրականացնելու օրենսդրական պարտադիր պահանջ սահմանելն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է պատասխանատվության ենթարկվող անձի լսված լինելու իրավունքի իրացմանը և վերջինիս կողմից իր իրավունքների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու հնարավորության ապահովմանը: Հետևաբար, գործի քննությունը հետաձգելու մասին վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունը քննարկելու արդյունքում կայացվելիք որոշման տեսակը` բավարարելու կամ մերժելու մասին, պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները: Այլ կերպ ասած, վարչական իրավախախտման գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել պատասխանատվության ենթարկվող անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու, ըստ այդմ նաև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության խնդիրները լուծելու, մասնավորապես` գործի փաստական հանգամանքները պարզելու, դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկելու, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելու վարչական մարմնի պարտականության կատարման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու օրենքով կանխորոշված նպատակով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ և 275-րդ հոդվածների համադրված զարգացումը և նշված իրավանորմերի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակի իրագործման համար իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է քննվել անձի բացակայությամբ միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում.

1) երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին վարչական վարույթի մասնակցին ժամանակին ծանուցելու վերաբերյալ և,

2) եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդության առկայության պարագայում վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է նախևառաջ քննարկել այդ միջնորդությունը և այն մերժելու մասին որոշում կայացնելուց հետո միայն գործի քննությունն իրականացնել անձի բացակայությամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը պետք է բավարարվի բոլոր այն դեպքերում, երբ առկա են բավարար հիմքեր եզրահանգելու, որ միջնորդությունն ուղղված է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների, այդ թվում ներկայացուցիչ ներգրավելու, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու և այլ անհրաժեշտ գործողությունների կատարմանը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն բավարար հիմքեր եզրահանգելու, որ միջնորդությունն ուղղված է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների կատարմանը, ապա վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է կայացնել միջնորդությունը մերժելու մասին որոշում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հոֆիկ Բաղդասարյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումը:

Դատարանը 29.06.2022 թվականի վճռով բավարարել է Հոֆիկ Բաղդասարյանի հայցը` պատճառաբանելով, որ «(...) Հոֆիկ Բաղդասարյանի ներկայացուցիչը` փաստաբան Գարի Գևորգյանը միջնորդել է հետաձգել 22.12.2021 թվականին նշանակված վարչական պատասխանատվության վերաբերյալ գործի քննությունը:

Մինչդեռ Դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը նման պայմաններում ոչ միայն չի հետաձգել գործի քննությունը, այլ շարունակելով և ավարտելով այն, միջնորդությունը ներկայացնելուց երկու օր անց է գրավոր տեղեկացրել հայցվորի ներկայացուցչին` միջնորդությունը մերժելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը չի ապահովել սույն գործով հայցվորի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրացումը, ինչի հետևանքով զրկել է հայցվորին ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքից:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է, քանի որ ընդունվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով այն ենթակա է անվավեր ճանաչման»:

Վերաքննիչ դատարանը 02.11.2023 թվականի որոշմամբ մերժել է Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 29.06.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) վարչական մարմինը նման պայմաններում ոչ միայն չի հետաձգել գործի քննությունը, այլ, շարունակելով և ավարտելով այն, միջնորդությունը ներկայացնելուց երկու օր անց է գրավոր տեղեկացրել հայցվորի ներկայացուցչին` միջնորդությունը մերժելու մասին: Նման վարքագծով վարչական մարմինը չի ապահովել սույն գործով հայցվորի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրացումը, ինչի հետևանքով զրկել է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքից:

Նման պայմաններում, հիմնավոր համարելով Վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է»:

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Հոֆիկ Բաղդասարյանի ներկայացուցիչ Գարի Գևորգյանի կողմից Տեսչական մարմնի ղեկավարին հասցեագրված 22.12.2021 թվականով թվագրված դիմումով միջնորդվել է նույն օրը նշանակված լսումները հետաձգել ողջամիտ ժամկետով:

Տեսչական մարմնի ղեկավարի 22.12.2021 թվականի թիվ 415 որոշմամբ Հոֆիկ Բաղդասարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1-ին հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 250.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 24.12.2021 թվականի թիվ 1321/21-2մ գրությամբ Գարի Գևորգյանին հայտնվել է, որ վերջինիս 22.12.2021 թվականի դիմումը ենթակա է մերժման, իսկ թիվ 25 վարչական վարույթի քննությունն իրականացվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձ Հոֆիկ Բաղդասարյանի ներկայացուցիչ Գարի Գևորգյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ 22.12.2021 թվականի դիմում ներկայացված լինելու պարագայում Տեսչական մարմինը նախ պետք է անդրադառնար դրանում ներառված միջնորդությանը և միայն դրա մերժման դեպքում ավարտեր գործի քննությունը` կայացնելով թիվ 415 որոշումը: Ընդ որում, միջնորդության մերժման դեպքում էլ Տեսչական մարմինը կարող էր իրավաչափորեն ավարտել գործի քննությունը բացառապես այն դեպքում, երբ ապահոված լիներ Հոֆիկ Բաղդասարյանի լսված լինելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով: Այնինչ, սույն դեպքում Տեսչական մարմինը ոչ միայն մինչև 22.12.2021 թվականի թիվ 415 որոշումը կայացնելը չի անդրադարձել Հոֆիկ Բաղդասարյանի ներկայացուցիչ Գարի Գևորգյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ 22.12.2021 թվականի միջնորդությանը, այլ նաև վարչական վարույթի եզրափակումից երկու օր անց` 24.12.2021 թվականին կազմված Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թիվ 1321/21-2մ գրությամբ Գարի Գևորգյանին հայտնվել է, որ վերջինիս 22.12.2021 թվականի դիմումը ենթակա է մերժման:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Տեսչական մարմինը չի ապահովել սույն գործով հայցվորի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրացումը, ինչի հետևանքով զրկել է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքից:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի թերի պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Միաժամանակ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը` սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Տվյալ դեպքում Տեսչական մարմնի կողմից վճարվել է 30.750 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809969628

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2024
N ՎԴ/0444/05/22
Որոշում