Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՆՎԱԶ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՆՎԱԶ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/0358/05/22

    Վարչական գործ թիվ ՎԴ/0358/05/22             2024թ.

Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Շեկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Շեկոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտյոմ Շեկոյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 24.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Շեկոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.06.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Շեկոյանը (ներկայացուցիչ` Մարիամ Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտումը նվազ նշանակության դասելու հնարավորությունը տարածելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքերով:

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված օրինականության սկզբունքից:

Սույն դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կարգավորումը չի հակասում ՀՀ մաքսային օրենսգրքի որևէ դրույթի, սույն գործով որևէ հիմք առկա չէ, թե ինչու այն կիրառելի չպետք է լինի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի տեսակ հանդիսացող մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով: Ի վերջո, օրենսգրքի ընդհանուր մասում ամրագրված են այնպիսի հիմնարար կանոններ, որոնք բացահայտում են վարչական իրավախախտման հասկացությունը, զանցակազմի տարրերը, վարչական տույժերի տեսակներն ու նպատակները և այլն: Դրանցից որևէ մեկը հատուկ տեսակի իրավախախտումների վերաբերյալ գործերով չկիրառելու համար պետք է հատուկ օրենքով սահմանված լինեն այնպիսի առանձնահատկություններ, որոնք բացառեն ընդհանուր դրույթների կիրառումը:

Ընդ որում, որևէ օրենքով բացահայտված չեն վարչական իրավախախտումների այն հատկանիշները, որոնք դարձնում են դրանք նվազ նշանակության և այդ հատկանիշների առկայությունը և/կամ բացակայությունը պետք է քննարկվեն յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Այդուհանդերձ, յուրաքանչյուր գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառելիության հարցը լուծելիս պետք է հիմքում դնել այդ նորմի իմաստը, այն է` բացառել վարչական պատասխանատվությունն այն դեպքերում, երբ անձը չի կատարել այնպիսի արարք, որի համար վարչական տույժի կիրառումը կնպաստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածում ամրագրված նպատակներին: Նշվածի համատեքստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ և 22-րդ հոդվածները համադրելով իրավահարաբերության պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների հետ պարզ է դառնում, որ փաստացի սահմանելով վարչական իրավախախտման նվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, օրենսդիրն այդպիսին ճանաչելու հնարավորությունը չի տարածել պատասխանատվություն նախատեսող բոլոր դրույթների վրա, իսկ այս կամ այն պարագայով նվազ նշանակություն ունենալու դեպքում այդ մասին պարտադիր նշումը ներառել է դրույթի դիսպոզիցիայում:

Պնդելով, որ ներկայացված բողոքն անհիմն է` Կոմիտեի ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մաքսային մուտքի թիվ 05100033/231119/0000571544 օրդերով Ուկրաինայի քաղաքացի Արտյոմ Շեկոյանը ժամանակավոր` մինչև 22.11.2020 թվականը, ՀՀ է ներմուծել «MERCEDES-BENZ-VITO» տրանսպորտային միջոցը, ապա նշված ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը (անվիճելի փաստ).

2) Արտյոմ Շեկոյանը 29.09.2021 թվականի լիազորագրով լիազորել է ՀՀ քաղաքացի Սամվել Առաքելյանին` ներկայացնել իր շահերը բոլոր հաստատություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից` որպես ՏՍԿ-1248-ի կողմից 20.09.2019 թվականին տրված սերիա CXE 048853 սեփականության իրավունքի վկայականի հիման վրա իրեն պատկանող «MERCEDES-BENZ» տրանսպորտային միջոցի սեփականատեր` առանց տնօրինման իրավունքի (հատոր 1-ին, գ.թ. 22-25).

3) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 19.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով 365 օր ժամկետով ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոց, որի ներմուծման ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը, սահմանված ժամկետում Արտեմ Շեկոյանն այդ տրանսպորտային միջոցը չի վերաարտահանել, չի վերահայտարարագրել մաքսային այլ ընթացակարգով` չի կատարել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի պահանջները, այսինքն` նրա գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 18-19).

4) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 20.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ է ներմուծվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող «MERCEDES-BENZ-VITO» մակնիշի տրանսպորտային միջոց, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է այլ անձի` Սամվել Առաքելյանին, այսինքն` Արտեմ Շեկոյանի գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

5) Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության ՄԳ բաժնի մաքսային տեսուչի 27.10.2021 թվականի թիվ Ն/22-1/193312-2021 գրությամբ նույն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետին հայտնվել է, որ թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության համար բաց թողնելու դեպքում կառաջանա միասնական մաքսատուրք` 5.439.767 ՀՀ դրամ, բնապահպանական վճար` 238.475 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 100).

6) Կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության պետի ժ/պ-ի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 280/6 որոշմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար Արտեմ Շեկոյանը ենթարկվել է 2.839.121 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության, որպիսի որոշմամբ հաստատված է համարվել, որ Արտեմ Շեկոյանի կողմից 23.11.2019 թվականին ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով 365 օր ժամկետով ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոց, ապա համավարակով պայմանավորված` ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը, սակայն Արտեմ Շեկոյանը սահմանված ժամկետում չի արտահանել նշված տրանսպորտային միջոցը, չի ձևակերպել այլ մաքսային ընթացակարգով և չի օգտվել օրենքով նախատեսված արտոնությունից, վերջինս իմանալով, որ չէր կարող սահմանված ժամկետում վերաարտահանել տրանսպորտային միջոցը ՀՀ-ից, չի դիմել մաքսային մարմիններին այլ անձի կողմից արտահանման թույլտվություն ստանալու համար, նա ցուցաբերել է անգործություն, որի հետևանքով առաջացել է պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 31-36).

7) վարչական վարույթի նյութերում հայցվորի անունը սխալմամբ նշվել է «Արտեմ», մինչդեռ վերջինիս անունն Արտյոմ է, ինչն անվիճելի է:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման նվազ նշանակության իրավական ինստիտուտը հանդիսանում է վարչական իրավախախտման համար պատասխանատվության միջոցի անհատականացման և կիրառման համաչափության որոշման սկզբունքային բաղադրիչ, որի բովանդակությունն օրենսդրի կողմից ուղղակիորեն սահմանված չէ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված նորմը հավասարապես կիրառելի է նաև մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշումը):

ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն օրենսգրքի 38-րդ գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նշված գլխին չհակասող մասով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության և թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո դիտարկելով մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված նորմի կիրառելիության հարցը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նշված գլխին չհակասող մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի` «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 38-րդ գլխով կարգավորված են ենթակայության (հոդված 206), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերի (հոդված 207), մաքսային կանոնների խախտման մասին հաղորդմանն ընթացք տալու (հոդված 208), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության (հոդված 209), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով առանձին հանձնարարությունների (հոդված 210), վարչական ձերբակալման (հոդված 211), ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և փաստաթղթեր վերցնելու (հոդված 212), ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգի (հոդված 213), մաքսային զննումներ կատարելու (հոդված 214), հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու (հոդված 215), փորձաքննության կատարման (հոդված 216), վերցված ապրանքների և առարկաների գնահատման (հոդված 217), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության վայրի (հոդված 218), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցության (հոդված 219), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի հրապարակման անթույլատրելիության (հոդված 220), մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով մաքսային մարմնի որոշումների (հոդված 221), վարչական տույժ նշանակելու մասին մաքսային մարմինների որոշումների բողոքարկման (հոդված 222), բողոքի կապակցությամբ, ինչպես նաև վերահսկողության կարգով վարչական տույժ նշանակելու մասին որոշման քննության (հոդված 223), վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետի (հոդված 224), վարչական տուգանքի վճարման և բռնագանձման (հոդված 225), վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքների և պարտականությունների (հոդված 226) վերաբերյալ հարցերը:

Միևնույն ժամանակ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով կարգավորված չեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ի թիվս այլնի նաև վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը, այդ թվում վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի հետադարձ ուժ ունենալու և վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն խստացնող ակտերի հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ, վարչական իրավախախտումը դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված լինելը գնահատելու վերաբերյալ, վարչական պատասխանատվություն առաջանալու համար տարիքը սահմանելու վերաբերյալ, վարչական իրավախախտումը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում կատարելու պարագայում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները, հետևաբար մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթի ընթացքում նշված հարցերը կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերով: Ըստ այդմ, նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությանը վերաբերող մասով ևս կիրառման է ենթակա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի իրավակարգավորումը, որը որևէ հակասության մեջ չէ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով սահմանված իրավակարգավորումների հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու կանոնակարգումներին` արձանագրել է, որ վարչական իրավախախտման նվազ նշանակությունն ընկալվում է որպես գործողություն կամ անգործություն, որը, թեև ձևական առումով պարունակում է վարչական զանցակազմի հատկանիշներ, բայց հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտի անձը, վնասի չափը և հետևանքների ծանրությունը` էականորեն չի խախտում պահպանվող հասարակական հարաբերությունները: Իրավախախտման նվազ նշանակությունը գնահատողական կատեգորիա է, որը պահանջում է գործի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, պաշտպանվող հասարակական հարաբերություններին սպառնացող վտանգի բնույթի և աստիճանի, անձին, հասարակությանը կամ պետությանը վնաս պատճառելու սպառնալիքի գնահատում: Արարքը նվազ նշանակության գնահատելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, իսկ դրա փոխարեն կիրառվող բանավոր դիտողությունը չի համարվում վարչական պատասխանատվության տեսակ, և, համապատասխանաբար, հաշվի չի առնվում անձի կողմից կրկնակի իրավախախտում կատարելիս: Այն ունի կանխարգելիչ նշանակություն. նպատակն իրավախախտի կողմից իր վարքի անօրինականության գիտակցումն է (տե՛ս, Աշխեն Դաշյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5608/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով, որպես ընդհանուր նորմ ամրագրվել է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: Այսինքն` օրենսդիրը սպառիչ կերպով չի սահմանել այն իրավախախտումները, որոնք կարող են գնահատվել նվազ նշանակություն ունեցող, ինչպես նաև որևէ կերպ չի սահմանել, թե կոնկրետ որ իրավախախտումների վրա չեն տարածվում իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու կարգավորումները: Ընդհակառակը, օրենսդրի սահմանած իրավակարգավորման համատեքստում ցանկացած վարչական իրավախախտում իրավասու մարմնի կողմից կարող է գնահատվել որպես «նվազ նշանակություն ունեցող», մասնավորապես` ցանկացած իրավախախտում իրավասու մարմնի կողմից կարող է որակվել նվազ նշանակություն ունեցող, եթե այդպիսի խախտման հետևանքով օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին` զանցանքի օբյեկտին, էական վնաս չի պատճառվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը հստակ չի սահմանել, թե ինչ չափորոշիչների գնահատման արդյունքում է իրավասու մարմինն այս կամ այն իրավախախտումը որակում որպես նվազ նշանակություն ունեցող` այդ հարցի լուծումը թողնելով իրավասու վարչական մարմնի հայեցողությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադառնալով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրացման խնդրին` արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, վերջինիս գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և այլոց թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վարչական մարմնի հայեցողական լիազորության հասկացությունից հետևում է, որ.

1) հայեցողական լիազորությունը պետք է վարչական մարմնին վերապահված լինի օրենքով,

2) հայեցողական լիազորությունը հանգում է մի քանի լուծումներից մեկն ընտրելու և այն իրացնելու` վարչական մարմնի հնարավորությանը,

3) վարչական մարմնի կողմից ընտրվող և իրացվող բոլոր լուծումները պետք է լինեն իրավաչափ. վարչական մարմինը չի կարող ընտրել որևէ լուծում, որը դուրս է հայեցողական լիազորությունների` օրենքով սահմանված շրջանակներից և ուղղված չէ օրենքով հետապնդվող նպատակներին:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավական պետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված բոլոր սուբյեկտներին վերապահված հայեցողական լիազորությունները կարող են գործադրվել միայն իրավունքի սահմաններում: Հետևաբար հայեցողական վարչարարությունը ևս կաշկանդված, սահմանափակված է իրավունքով: Այդ իսկ պատճառով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել`

- մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ,

- իրավահավասարության սկզբունքով,

- վարչարարության իրականացման համաչափության սկզբունքով,

- կամայականության արգելքի սկզբունքով:

Միաժամանակ վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ` ընդգծելով, որ նշված իրավադրույթից հետևում է, որ վարչական մարմինները հայեցողական լիազորություններ իրականացնելիս կաշկանդված են նաև հայեցողության այն նպատակով, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամրագրված է հայեցողություն վերապահող օրենքում: Այսինքն` վարչական մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր է պարզել իրեն հայեցողություն վերապահող օրենքի նպատակը և իր հայեցողությունն իրականացնել օրենքի սահմաններում` այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ:

Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմինների կողմից օրենքով ամրագրված սահմանների խախտմամբ կամ օրենքով կանխորոշված նպատակին ոչ համահունչ կերպով հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է հայեցողական հետևյալ սխալների.

1) սխալ ենթադրություն հայեցողության բացակայության մասին (հայեցողության չօգտագործում),

2) տվյալ փաստակազմի համար օրենքով չնախատեսված իրավական հետևանքի կիրառում կամ հայեցողության չարաշահում (վերազանցում),

3) հայեցողության կիրառման ժամանակ փաստական հանգամանքների ոչ ամբողջական պարզում:

Ամփոփելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պետք է ստուգի հայեցողության կիրառման ժամանակ այնպիսի սխալների առաջացման հարցը, որոնք պայմանավորված են հայեցողության` օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ: Այլ կերպ ասած` հայեցողական լիազորությունների իրավաչափության գնահատման համար դատարանը, մասնավորապես, պետք է պարզի արդյոք վարչական հայեցողությունը հետևողականորեն է կիրառվել, թե` ոչ, և արդյոք վարչական մարմինը թույլ է տվել վերը նշված հայեցողական սխալներից որևէ մեկը, թե` ոչ (տե՛ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Համաձայն նշված հոդվածի` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ: Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակներին` ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրի հայեցողության ազատության սահմանները նախանշված են, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածներում: ՀՀ Սահմանադրության նշված հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նաև նշել է, որ համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-924 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ համաչափության սկզբունքն իրավական պետության կարևորագույն տարրերից է: Դրա առանցքային կարևորությունը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու գործողության և/կամ անգործության իրավաչափությունը` միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորության և թույլատրելիության տեսանկյունից: Համաչափության սկզբունքը երաշխավորում է, որ այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև: Յուրաքանչյուր դեպքում միջամտությունը պետք է բավարարի օրինականության, պիտանիության, անհրաժեշտության և համարժեքության պահանջներին: Այսինքն` հիմնարար իրավունքից անարգել օգտվելու հնարավորության ցանկացած միջամտություն պետք է զերծ լինի կամայականությունից և հնարավորինս մեղմ միջոցների գործադրմամբ ապահովի առաջադրվող նպատակի արդյունավետ իրագործումը: Ուստի` անձի երաշխավորված որևէ հիմնարար իրավունք սահմանափակելիս պետական մարմինը, այդ թվում` Դատարանը կաշկանդված է համաչափության սկզբունքի սահմանադրական հրամայականով և ցանկացած դեպքում պետք է ստուգի ընտրված միջոցի օրինականությունը, ապա գնահատի իր առջև դրված նպատակին հասնելու հարցում դրա պիտանիությունը, անհրաժեշտությունը ու համարժեքությունը (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի` մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության միջոցն ընտրելու հայեցողական լիազորությունը պետք է իրացվի առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության միջոցն ընտրելու հայեցողական լիազորությունն իրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես արարքի ծանրությունը, հանրային վտանգավորության աստիճանը, պատճառված վնասը, այնպես էլ սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռության առկայությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել (...) օրենքները պահպանելու, (...) համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի բովանդակությունը և նպատակը հանգում է նրան, որ իրավախախտում կատարած անձը ոչ թե անհիմն ազատվի սահմանված պատժից, այլ նպաստի վարչական իրավախախտում կատարած անձին օրենքները պահպանելու, համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելուն, ինչպես նաև վերջինիս և այլ անձանց կողմից նոր իրավախախտումներ կատարելը կանխելուն:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով` այնքանով, որքանով վերջինիս նորմերը չեն հակասում ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխում ամրագրված նորմերին: Ըստ այդմ, իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելը, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավական հնարավորություն թույլատրելի է նաև մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության ընթացքում, ուստի մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործը քննող պաշտոնատար անձը համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում պարտավոր է իր հայեցողական լիազորության կիրառմամբ ընտրել իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու և իրավախախտին վարչական պատասխանատվությունից ազատելու երկու իրավաչափ լուծումներից մեկը:

Ամփոփելով վերոգրյալը և ելնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետևյալ ուղղությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու վերաբերյալ նորմը հավասարապես կիրառելի է նաև մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արտյոմ Շեկոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը, ի թիվս այլնի նաև այն հիմնավորմամբ, որ իրավախախտումն ունեցել է նվազ նշանակություն:

Դատարանը 24.06.2022 թվականի վճռով Արտյոմ Շեկոյանի հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Ինչ վերաբերում է խախտման նվազ նշանակություն ունենալու վերաբերյալ հայցվորի փաստարկին, ապա Դատարանն այն նույնպես համարում է անհիմն, քանի որ, նախ, ՀՀ մաքսային օրենսգրքում բացակայում է նվազ նշանակության հետ կապված որևէ կանոն, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի իմաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը կիրառելի է զուտ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթի, այսինքն` գործերի քննության ընթացակարգի նկատմամբ, և դա չի կարող կիրառվել պատասխանատվության միջոցի ընտրության շրջանակներում, որը սահմանված է միայն ՀՀ մաքսային օրենսգրքով, և, երկրորդ, հայցվորի կողմից թույլ տրված խախտումը չի կարող գնահատվել որպես նվազ նշանակություն ունեցող, քանի որ դրա համար առկա չէ որևէ հիմք` կրկին հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգրքի` պատասխանատվություն սահմանող նորմերում առկա չէ նվազ նշանակության որևէ դասակարգում»:

Վերաքննիչ դատարանը 06.10.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Շեկոյանի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի 24.06.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ` նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով թեև Օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտման նվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, սակայն նույն կամ մեկ այլ հոդվածով որևէ կերպ բացահայտված չէ` վարչական իրավախախտումը նվազ նշանակության որակելու չափորոշիչները (...): Տվյալ դեպքում, քննարկվող վարչական ակտն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան դրույթների կիրառմամբ, որն ունի իր կարգավորման առարկան, ընդ որում, ինչպես վերը նշվեց` մաքսային կանոնների խախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվությունը նախատեսված է ՀՀ մաքսային օրենսգրքով, իսկ վերջնանշված իրավական ակտը, սահմանելով կոնկրետ պատասխանատվություն առաջացնող արարքները, չի պարունակում որևէ դրույթ մաքսային կանոնների խախտումը նվազ նշանակության դասելու մասին, հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտումը նվազ նշանակություն դասելու հնարավորությունը տարածելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքերով, ուստիև Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` մաքսային մուտքի թիվ 05100033/231119/0000571544 օրդերով Ուկրաինայի քաղաքացի Արտյոմ Շեկոյանը ժամանակավոր` մինչև 22.11.2020 թվականը, ՀՀ է ներմուծել «MERCEDES-BENZ-VITO» տրանսպորտային միջոցը, ապա նշված ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը:

Արտյոմ Շեկոյանը 29.09.2021 թվականի լիազորագրով լիազորել է ՀՀ քաղաքացի Սամվել Առաքելյանին` ներկայացնել իր շահերը բոլոր հաստատություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից` որպես ՏՍԿ-1248-ի կողմից 20.09.2019 թվականին տրված սերիա CXE 048853 սեփականության իրավունքի վկայականի հիման վրա իրեն պատկանող «MERCEDES-BENZ» տրանսպորտային միջոցի սեփականատեր` առանց տնօրինման իրավունքի:

Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 19.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով 365 օր ժամկետով ժամանակավոր ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոց, որի ներմուծման ժամկետը երկարաձգվել է մինչև 30.09.2021 թվականը, սահմանված ժամկետում Արտեմ Շեկոյանն այդ տրանսպորտային միջոցը չի վերաարտահանել, չի վերահայտարարագրել մաքսային այլ ընթացակարգով` չի կատարել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի պահանջները, այսինքն` նրա գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ:

Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի կողմից 20.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ 23.11.2019 թվականին Արտեմ Շեկոյանի կողմից Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ է ներմուծվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող «MERCEDES-BENZ-VITO» մակնիշի տրանսպորտային միջոց, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնվել է այլ անձի` Սամվել Առաքելյանին, այսինքն` Արտեմ Շեկոյանի գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ:

Կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության ՄԳ բաժնի մաքսային տեսուչի 27.10.2021 թվականի թիվ Ն/22-1/193312-2021 գրությամբ նույն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետին հայտնվել է, որ թիվ 05100033/231119/0000571544 մաքսային մուտքի օրդերով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության համար բաց թողնելու դեպքում կառաջանա միասնական մաքսատուրք` 5.439.767 ՀՀ դրամ, բնապահպանական վճար` 238.475 ՀՀ դրամ:

Կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության պետի ժ/պ-ի 23.11.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 280/6 որոշմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար Արտեմ Շեկոյանը ենթարկվել է 2.839.121 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:

Արտյոմ Շեկոյանի կողմից 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը վիճարկվել է նաև այն հիմնավորմամբ, որ իրավախախտումն ունեցել է նվազ նշանակություն:

Սույն գործով ստորադաս դատարաններն արձանագրել են, որ ՀՀ մաքսային օրենսգիրքը չի պարունակում որևէ դրույթ մաքսային կանոնների խախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու մասին, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտումը նվազ նշանակության դասելու հնարավորությունը տարածելի չէ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքերով, մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու կանոնակարգումը հավասարապես կիրառելի է նաև մաքսային կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելիս:

Ինչ վերաբերում է Դատարանի այն եզրահանգմանը, որ «ՀՀ մաքսային օրենսգրքում բացակայում է նվազ նշանակության հետ կապված որևէ կանոն, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի իմաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը կիրառելի է զուտ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթի, այսինքն` գործերի քննության ընթացակարգի նկատմամբ, և դա չի կարող կիրառվել պատասխանատվության միջոցի ընտրության շրջանակներում», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի նման նեղ մեկնաբանումը շեղվում է ընդհանուր հոդվածի նպատակից, քանի որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իր մեջ ներառում է և՛ գործի քննության ընթացակարգը, և՛ դրա արդյունքում անձի նկատմամբ պատասխանատվության միջոցի ընտրությունն ու կիրառումը, ինչը, սակայն, չի բացառում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթների, այդ թվում վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու իրավանորմի կիրառումը ինչպես մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ընթացակարգի, այնպես էլ պատասխանատվության միջոցի ընտրության ու նշանակման նկատմամբ` այնքանով, որքանով ՀՀ մաքսային օրենսգիրքը չի պարունակում արարքը նվազ նշանակություն ունեցող որակելու հատուկ կարգավորումներ:

Անդրադառնալով նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «Օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտման նվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, սակայն նույն կամ մեկ այլ հոդվածով որևէ կերպ բացահայտված չէ` վարչական իրավախախտումը նվազ նշանակության որակելու չափորոշիչները: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ քննարկվող օրենսգրքի որոշ հոդվածներ պարունակում են հատուկ նշում` այն մասին, թե որ դեպքում նույն հոդվածի դիսպոզիցիայով նկարագրված արարքը կարող է ունենալ նվազ նշանակություն: Վերոգրյալից կարելի է գալ այն եզրահանգման, որ փաստացի սահմանելով վարչական իրավախախտման նվազ նշանակություն ունենալու հնարավորությունը, Օրենսդիրն այդպիսին ճանաչելու հնարավորությունը չի տարածել բոլոր` պատասխանատվություն նախատեսող դրույթների վրա, իսկ այս կամ այն պարագայով նվազ նշանակություն ունենալու դեպքում` այդ մասին պարտադիր նշումը ներառել է դրույթի դիսպոզիցիայում», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշել է, որ օրենսդիրը չի բացահայտել իրավախախտումը նվազ նշանակության որակելու չափորոշիչները, սակայն միաժամանակ անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը նաև հստակ չի սահմանել այն իրավախախտումները, որոնք կարող են որակվել նվազ նշանակություն ունեցող: Ինչ վերաբերում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի որոշ հոդվածներ պարունակում են հատուկ նշումներ այն մասին, թե որ դեպքում նույն հոդվածների դիսպոզիցիաներով նկարագրված արարքները կարող են ունենալ նվազ նշանակություն, դեռևս չի նշանակում, որ օրենսդիրը նման կերպ հստակեցրել է այն իրավախախտումների շրջանակը, որոնք կարող են որակվել նվազ նշանակություն ունեցող կամ որ նույնն է` բացառել է մնացած իրավախախտումների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածը կիրառելու և արարքը նվազ նշանակություն ունեցող որակելու հնարավորությունը:

 

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի մեկնաբանման հարցում ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման, ինչի արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակել են նշված իրավանորմի կիրառելիությունը:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ Արտյոմ Շեկոյանի կողմից 23.11.2021 թվականի թիվ 280/6 որոշումը վիճարկվել է նաև այն հիմնավորմամբ, որ իրավախախտումն ունեցել է նվազ նշանակություն, մինչդեռ ստորադաս դատարանները այդ հարցը քննարկման առարկա չեն դարձրել` պատճառաբանելով, որ մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կանոնակարգումը կիրառելի չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրվող խախտումը նվազ նշանակություն ունենալու կամ չունենալու հարցին անդրադառնալու և իրավական գնահատական տալու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Արտյոմ Շեկոյանի կողմից կատարված իրավախախտման նվազ նշանակություն ունենալու կամ չունենալու հարցը պարզելու նպատակով գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը մասնակիորեն ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809969526

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2024
N ՎԴ/0358/05/22
Որոշում