Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/0326/05/20

    Վարչական գործ թիվ ՎԴ/0326/05/20             2024թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Վազգեն Բագդասարյանի ընդդեմ Կոմիտեի` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վազգեն Բագդասարյանը խնդրել է վերացնել Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը, և պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ` Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասն իրեն հատուցելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 22.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Նվեր Թունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Բագդասարյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատված կարգը, որոնք պետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ և 97-րդ հոդվածները, 99-րդ հոդվածի 1-ին մասը, 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006, 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 և 30.03.2007 թվականի թիվ 3-739/ՎԴ որոշումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ և 65-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը և 124-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Տվյալ դեպքում բացակայել են պետական գրանցումը մերժելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, իսկ պետական գրանցում կատարելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերն առկա են եղել, ըստ այդմ` պետական գրանցումը համապատասխանում է վերոգրյալ նորմերի պահանջներին և ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006 որոշմանը: Կոմիտեն, որպես իրավունք գրանցող մարմին, պարտավոր է եղել և կատարել է Ջուլիետա Մանուկյանի անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը: Ուստի, առկա չէ Կոմիտեի կողմից պարտականությունների խախտում, ինչպես նաև բացակայում է իրականացված վարչարարության և պատճառված ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապը` համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 որոշման:

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված դատական ակտով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 24-րդ, 43-րդ հոդվածների վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ և 97-րդ հոդվածների, 98-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 1-ին մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի, 102-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած մեկնաբանություններին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վնասի հատուցման պարտադիր պայման հանդիսացող ոչ իրավաչափ վարչարարության և վնասի միջև պատճառահետևանքային կապը հաստատված չէ: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նաև վնասի հատուցման չափի որոշման խախտում: Չնայած հայցվորը վիճելի գույքի արժեքը գնահատել է 712.908 ՀՀ դրամ, այդուհանդերձ, Դատարանը, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությամբ նշված Գառնի գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի 1 քմ մակերեսի միջին արժեքը, ինչպես նաև` դրանում նշված ավտոտնակի և գոմի վերարտադրման ընդհանուր արժեքը, վճռել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել բարենպաստ վարչական ակտ` հայցվորին` որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնաս, 1.600.908 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից վիճելի գույքի բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացվել են ապօրինի, հետևաբար` հետևանքների ռիսկը կրում է հայցվորը: Ընդ որում, 26.3 քմ ավտոտնակի և 24.9 քմ գոմի նկատմամբ հայցվորի անվամբ իրավունքի պետական գրանցում երբևէ չի կատարվել, նշված գույքը սեփականության իրավունքով գրանցված է Վոլոդյա, Լալա, Ծաղիկ, Լիանա, Սուրեն, Սարգիս Հովհաննիսյանների անվամբ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վազգեն Բագդասարյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Կոմիտեն հաշվի չի առել, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա թիվ 1733071 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրամադրումն իր կողմից իրականացված վարչարարություն է, որի հետևանքով Վազգեն Բագդասարյանին պատճառվել է ընդհանուր առմամբ 1.600.908 ՀՀ դրամի նյութական վնաս: Նշվածից ակնհայտ է, որ հայցվորին պատճառված վնասը պատասխանողի ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի արդյունքն է, այսինքն` Վազգեն Բագդասարյանը վնաս չէր կրի, եթե չլիներ պատասխանողի ոչ իրավաչափ վարչարարությունը (թիվ 1733071 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը), իսկ նշվածը փաստում է ոչ իրավաչափ վարչարարության և պատճառված վնասի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության մասին:

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ խնդրահարույց անշարժ գույքում շինարարական աշխատանքներն իրականացվել են ապօրինի, հետևաբար հետևանքների ռիսկը կրում է հայցվորը, ապա հայցվորը, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի` «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման, ուներ դրանք օրինականացնելու օրինական ակնկալիք, սակայն Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով զրկվել է դրանից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն 02.06.2004 թվականին տրված Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 1836217 վկայականի` Կոտայքի մարզի գյուղ Գառնիում 07-021-087-068 կադաստրային համարի 0.2340 հա մակերեսով տնամերձ հողամասի և 087-068-001 կադաստրային համարի 212.8 քմ մակերեսով բնակելի տան` սանհանգույցի (14.8 քմ), ծածկարանի (5.7 քմ), մառանի (9.5 քմ), ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) նկատմամբ 02.06.2004 թվականին գրանցվել է Վոլոդյա, Լալա, Ծաղիկ, Լիանա, Սուրեն և Սարգիս Հովհաննիսյանների ընդհանուր համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ. 59-62):

2) Ջուլիետա Մանուկյանի և Վազգեն Բագդասարյանի միջև 03.12.2004 թվականին կնքվել է «Անշարժ գույքի բնակելի տան և բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի» պայմանագիր, որի համաձայն` Ջուլիետա Մանուկյանը վաճառել, իսկ Վազգեն Բագդասարյանը, որպես սեփականություն, ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 181.5 քմ մակերեսով անշարժ գույքը` բնակելի տուն, շինություններ և 0.074 հա մակերեսով բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06.12.2004 թվականին տրված ամփոփ հաշվարկի համաձայն` Գառնի գյուղում Վազգեն Բագդասարյանին պատկանող շինությունը գնահատվել է 2.903.153 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 17):

4) Համաձայն 07.12.2004 թվականին տրված Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 1148150 վկայականի` Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Մ. Նալբանդյան փողոց 1-ին փակուղի, թիվ 3 բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63-66):

5) Թիվ ՎԴ/5211/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.02.2018 թվականի վճռի համաձայն` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Վազգեն Բագդասարյանի անվամբ 07.12.2004 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 3 բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 02.06.2004 թվականին տրված թիվ 1836217 սեփականության իրավունքի վկայականի համաձայն համատեղ սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով:

Վճռով ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ «(...) վիճելի գույքը իրավահաստատող փաստաթղթերով պատկանել է հայցվորներին և վերջիններիս սեփականության իրավունքի գրանցված լինելու պայմաններում /02.06.2004թ. թիվ 1836217 վկայական/ պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 07.12.2004թ.-ին Վազգեն Բագդասարյանի սեփականության իրավունքի գրանցումը` վիճելի ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի չափով, իրավաչափ չէ և չի բխում վերոգրյալ իրավանորմերի պահանջներից, հանգեցրել է հայցվորների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքների խախտմանը, ուստի Վազգեն Բագդասարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը` համատեղ սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով, ենթակա է անվավեր ճանաչման» (հատոր 1-ին, գ.թ. 10-16):

6) Թիվ ԿԴ1/1421/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2019 թվականի վճռի համաձայն` «Վազգեն Վանիկի Բագդասարյանի հայցն ընդդեմ պատասխանողներ Վոլոդյա Սուրենի Հովհաննիսյանի, Լալա Սուրենի Հովհաննիսյանի, Լիանա Վոլոդյայի Հովհաննիսյանի, Սուրեն Վոլոդյայի Հովհաննիսյանի և Սարգիս Վոլոդյայի Հովհաննիսյանի` Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, դադարեցնելով Վոլոդյա, Լալա, Լիանա, Սուրեն և Սարգիս Հովհաննիսյանների սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմի նկատմամբ, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմի նկատմամբ ճանաչելու դրանց զբաղեցրած հողամասի սեփականատեր Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքը և Վոլոդյա, Լալա, Լիանա, Սուրեն և Սարգիս Հովհաննիսյանների ապօրինի տիրապետումից հետ պահանջելու Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմը` այն հանձնելով Վազգեն Վանիկի Բագդասարյանին, պահանջի մասին, մերժել:

2. Հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. պարտավորեցնել պատասխանող Վազգեն Վանիկի Բագդասարյանին` վերացնելու հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները, այն է` քանդելու իր շինությունները 02.06.2004 թվականի թիվ 1836217 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով հակընդդեմ հայցվորներին պատկանող 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը և ազատել այդ տարածքը» (հատոր 1-ին, գ.թ. 40-45):

7) Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 գրությամբ` ի պատասխան Վազգեն Բագդասարյանի 09.12.2019 թվականի դիմումի հայտնվել է, որ չափագրվել է նաև Ջուլիետա Մանուկյանին չպատկանող անշարժ գույքը, որից ծագել է ամբողջ խնդիրը, ուստի թիվ ՎԴ/5211/05/15 վարչական գործով վճիռը չի կարող հանգեցնել վնասի հատուցում տրամադրելու պահանջի բավարարմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջներով` Վազգեն Բագդասարյանի խնդրանքը չի բավարարվել (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ, 96-րդ, 97-րդ, 99-րդ և 100-րդ հոդվածների խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վարչական մարմնի կողմից իրականացրած վարչարարության և պատճառված վնասի միջև առկա պատճառահետևանքային կապին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության (...) հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`

ա) Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում.

բ) համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետևանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետևանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի էությանը, արտահայտել է այն դիրքորոշումը, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձևավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 26.12.2016 թվականի որոշմամբ անդրադարձել է նաև վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պայմաններին` նշելով, որ պետության կամ համայնքի պատասխանատվությունը ծագում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարություն,

2) պատճառվել է վնաս,

3) իրականացված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ: Այլ կերպ ասած` վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ պատճառական կապն արտացոլում է երևույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երևույթը` պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար առաջացնում է մյուսը` հետևանքը: Ընդ որում, կոնկրետ ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու իրավահարաբերությունում վնասի հատուցման նախապայմանների առկայության հարցը լուծելիս էական է իրավական նշանակություն ունեցող պատճառական կապի առկայության հարցը պարզելը: Իսկ պատճառական կապն ունի իրավական նշանակություն, երբ վնաս պատճառողի վարքագիծը վնասակար հետևանքի հնարավորությունը դարձրել է իրականություն կամ պայմանավորել է այդ հետևանքի առաջացման կոնկրետ հնարավորությունը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման համար պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունն արդյո՞ք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե` ոչ (տե՛ս, Աիդա Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0832/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ թեև պատճառահետևանքային կապը վնասի հատուցման վերաբերյալ վեճերում հանդիսանում է ապացուցման առարկայի տարր, այդուհանդերձ օրենսդիրը չի սահմանել պատճառահետևանքային կապի կոնկրետ հասկացությունը կամ վեճում դրա հաստատման չափանիշները: Միևնույն ժամանակ, խուսափելու համար այն տարընկալումներից, որ պատճառահետևանքային կապը ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարության և պատճառված վնասի առաջացման անմիջական և անխուսափելի հետևանք է, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ, որպես վնասի կազմի առանձին բաղադրատարր, պատճառահետևանքային կապը ենթակա է ինքնուրույն ապացուցման: Այսինքն, պատճառահետևանքային կապի առկայության հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է առանձին գնահատման առարկա դառնա: Ըստ այդմ, ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստն ապացուցված կհամարվի, երբ հիմնավորվի, որ վնասը հանդիսացել է ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարության ուղղակի, անմիջական հետևանք: Հակառակ պարագայում, երբ վնասը չի առաջացել ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության արդյունքում, կամ ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության և վնասի միջև կապն անուղղակի է, ապա վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանը չի կարող համարվել առկա և հիմք հանդիսանալ վնասի հատուցման պահանջը բավարարելու համար: Ուստի, բոլոր դեպքերում նմանատիպ վեճերով հարցերի լուծման համար անհրաժեշտ է` պարզել, բացահայտել և հիմնավորել, թե արդյոք վարչարարության և վնասի միջև առկա է անմիջական, ուղղակի պատճառահետևանքային կապ, որից հետո միայն հանգել համապատասխան եզրակացության վնասի հատուցման պահանջը բավարարելու կամ մերժելու համար (տե՛ս, Գագիկ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2157/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վարչական մարմինների կողմից իրականացված ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նաև` իրավաչափ) վարչարարության, ինչպես նաև անձին վնաս պատճառված լինելու պայմաններում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցի քննարկման շրջանակում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք անձին պատճառված վնասը ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նաև` իրավաչափ) վարչարարության անմիջական, փաստացի հետևանքն է, այսինքն` վնասը պատճառվել է անձին անմիջապես վարչական մարմնի ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նաև` իրավաչափ) վարչարարության արդյունքում` առանց այլ անձանց կողմից վարչարարությանը հաջորդող միջնորդավորված գործողությունների:

Հակառակ մեկնաբանության պարագայում, անձին պատճառված վնասը վարչարարությանը հաջորդող միջնորդավորված գործողությունների արդյունքում պատճառված լինելու, ըստ այդմ` վնասի և ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նաև` իրավաչափ) վարչարարության միջև անմիջական, ուղղակի պատճառահետևանքային կապի բացակայության պայմաններում խաթարվում է վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտի գաղափարը, այն է` փոխհատուցել հենց անմիջականորեն վարչարարությամբ փաստացի պատճառված վնասը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Վազգեն Բագդասարյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը, և պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ` Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասն իրեն հատուցելու մասին:

Դատարանը 22.09.2021 թվականի վճռով բավարարել է Վազգեն Բագդասարյանի հայցը` պատճառաբանելով, որ «(...) Դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով այն հողամասի նկատմամբ, որի վրա գտնվել են նաև վերը նշված շինությունները, գրանցվել է Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ այնուհետև վերջինիս և Վազգեն Բագդասարյանի միջև 03.12.2004 թվականին կնքված բնակելի տան և բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Վազգեն Բագդասարյանի իրավունքը, ինչի արդյունքում հայցվորը ոչ միայն զրկվել է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, այլ նաև պարտավորեցվել է քանդել 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը:

Նկատի ունենալով, որ փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել վիճելի հողամասի փաստացի շուկայական արժեքը, Դատարանը վիճելի հողամասի 1 քմ մակերեսի շուկայական արժեքը պայմանական ընդունում է փորձագետների կողմից հաշվարկված և փորձագիտական եզրակացությամբ նշված Կոտայքի մարզի Գառնի գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի 1 քմ մակերեսի միջին արժեքը, որը կազմել է 4.718 ՀՀ դրամ: Միաժամանակ, ըստ եզրակացության, ավտոտնակի և գոմի վերարտադրման ընդհանուր արժեքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.521.000 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ Հայցվորի կողմից վկայակոչված գույքային վնասի չափը հաստատվել է սույն վեճի շրջանակներում:

Դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վնասի հատուցման մյուս եղանակը` հետևանքների վերացումը, հնարավոր չէ, քանի որ վնասը, այդ թվում` գույքի նկատմամբ իրավունքների դադարեցումը տեղի է ունեցել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ գործի քննությամբ հաստատվել է Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ Վազգեն Բագդասարյանին պատճառված վնասը, ուստի հայցը ենթակա է բավարարման:

Միաժամանակ դատարանը գտնում է, որ պարտավորեցման հայցի բավարարման պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի երկրորդ մասի իմաստով Կադաստրի կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 գրությունը ենթակա է վերացման»:

Վերաքննիչ դատարանը 13.10.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 22.09.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով այն հողամասի նկատմամբ, որի վրա գտնվել են նաև վերը նշված շինությունները, գրանցվել է Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ այնուհետև վերջինիս և Վազգեն Բագդասարյանի միջև 03.12.2004 թվականին կնքված բնակելի տան և բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Վազգեն Բագդասարյանի իրավունքը, ինչի արդյունքում հայցվորը ոչ միայն զրկվել է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, այլ նաև պարտավորեցվել է քանդել 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը, հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Վազգեն Բագդասարյանը կրել է վնաս, որի փոխհատուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը:

Անդրադառնալով Բողոքաբերի փաստարկին առ այն, որ Հայցվորը վիճելի գույքի արժեքը գնահատել է 712.908 ՀՀ դրամ, մինչդեռ Դատարանը բավարարել է 1.600.000 ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը վիճելի հողամասի 1 քմ մակերեսի շուկայական արժեքը որոշելիս իրավաչափորեն առաջնորդվել է փորձագետների կողմից հաշվարկված և փորձագիտական եզրակացությամբ նշված Կոտայքի մարզի Գառնի գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի 1 քմ մակերեսի միջին արժեքով:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա մերժման:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը կատարված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի սույն գործով կայացված վճռում առկա չեն Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում նշված կամ չնշված իրավունքի նորմերի կիրառման, չկիրառման կամ սխալ մեկնաբանության հետ կապված այնպիսի խախտումներ, որպիսիք հանգեցնեին գործի սխալ լուծմանը»:

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը վերը նշված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումներում և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ սույն գործով վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել, թե արդյո՞ք առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հատուցման ընթացակարգով հայցվորին վնասի հատուցում տրամադրելու միաժամանակյա պայմանները, այն է` 1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ) վարչարարություն, 2) պատճառվել է վնաս, 3) իրականացված վարչարարության և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել:

Վերոգրյալ իրավանորմերի համադրումից հետևում է, որ օրենսդրի իմպերատիվ պահանջն է, որ որևէ գործով իրավաչափ եզրակացության հանգելու և գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը համապատասխան գործի բոլոր փաստերը պետք է պարզի գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, դատարանն ապացույցները գնահատում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը որոշելու, արդյունքում` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարության տեսանկյունից:

Այսպես, սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Վազգեն Բագդասարյանը 03.12.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որպես սեփականություն, ձեռք է բերել վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը: Առուվաճառքից ծագած իրավունքները 07.12.2004 թվականին գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, որի արդյունքում Վազգեն Բագդասարյանին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայական:

Թիվ ՎԴ/5211/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.02.2018 թվականի վճռով հաստատվել է այն փաստը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոչ իրավաչափ գործողությունը` վիճելի հասցեում գտնվող ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով Վազգեն Բաղդասարյանի անվամբ կատարված պետական գրանցումը եղել է ոչ իրավաչափ, ըստ այդմ` ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով անվավեր է ճանաչել վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Գործում առկա նյութերի` թիվ ԿԴ1/1421/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2019 թվականի վճռի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 20.04.2021 թվականի թիվ 20-0025Վ փորձագիտական եզրակացության, ինչպես նաև հայցադիմումի համալիր ուսումնասիրությունից հետևում է նաև, որ Վազգեն Բագդասարյանը, վիճելի հասցեում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո, 24.9 քմ գոմի և 26.3 քմ ավտոտնակի վրա իրականացրել է բարեկարգման աշխատանքներ: Միաժամանակ, նույն վճռով Վազգեն Բագդասարյանին պարտավորեցվել է քանդելու իր շինությունները` 02.06.2004 թվականի թիվ 1836217 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով տվյալ գործով հակընդդեմ հայցվորներին պատկանող 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը, և ազատել այդ տարածքը:

Դիմելով դատարան` Վազգեն Բագդասարյանը, որպես ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած վնաս, պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 1.600.908 ՀՀ դրամ, որից 712.908,8 ՀՀ դրամը` որպես գնված անշարժ գույքի համար ավել վճարված գումար, 546.000 ՀՀ դրամը` որպես վերադարձված գույքում կատարված բարեկարգման շինարարական աշխատանքների գումար, 300.000 ՀՀ դրամը` որպես դատարանում պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 42.000 ՀՀ դրամը` որպես ապրանքագիտական փորձաքննություն իրականացնելու համար «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին վճարված գումար:

Գործի նյութերով հիմնավորվում է, որ.

1. թիվ ՎԴ/5211/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.02.2018 թվականի վճռով հաստատվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Վազգեն Բագդասարյանի անվամբ պետական գրանցման է ենթարկվել այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք: Արդյունքում, վիճելի գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը` ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով, ճանաչվել է անվավեր,

2. Վազգեն Բագդասարյանը, որպես վնասի հատուցում, դատարանից պահանջել է Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 1.600.908 ՀՀ դրամ, որից 712.908,8 ՀՀ դրամը` որպես գնված անշարժ գույքի համար ավել վճարված գումար, 546.000 ՀՀ դրամը` որպես վերադարձված գույքում կատարված բարեկարգման շինարարական աշխատանքների գումար, 300.000 ՀՀ դրամը` որպես դատարանում պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 42.000 ՀՀ դրամը` որպես ապրանքագիտական փորձաքննություն իրականացնելու համար «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին վճարված գումար:

Վճռաբեկ դատարանը, հետազոտելով և գնահատելով սույն գործում առկա ապացույցները, արձանագրում է, որ դրանցով հիմնավորվում է Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության առկայության փաստը, այն է` ավտոտնակի (26.3 քմ) և գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի նկատմամբ ոչ իրավաչափ իրավունքի պետական գրանցում կատարելը, ինչպես նաև այն, որ Վազգեն Բագդասարյանը, վիճելի գույքի նկատմամբ իրականացրած բարեկարգման աշխատանքների նպատակով, կատարել է որոշակի ծախսեր:

Հետագայում թիվ ԿԴ1/1421/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2019 թվականի վճռով` Վազգեն Բագդասարյանին պարտավորեցվել է քանդելու իր կատարած շինությունները` 02.06.2004 թվականի թիվ 1836217 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով տվյալ գործով հակընդդեմ հայցվորներին պատկանող 26.3 քմ մակերեսով ավտոտնակի և 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը, և ազատել այդ տարածքը:

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության և վնասի միջև վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման ինստիտուտի կիրառման համար իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապի առկայության գնահատմանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վազգեն Բագդասարյանի կրած ենթադրյալ վնասը Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության փաստացի հետևանքը չէ, դրանց միջև առկա չէ անմիջական, ուղղակի և իրական կապ:

Մասնավորապես, վիճելի գույքի` 24.9 քմ գոմի և 26.3 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո Վազգեն Բագդասարյանի կողմից իրականացված բարեկարգման աշխատանքների համար կատարված ծախսերը Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական հետևանքը չեն, դրանք առաջացել են հայցվորի կողմից վիճելի գույքը գնելուց, դրա նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելուց հետո` հետագայում միայն բարեկարգման աշխատանքներ իրականացնելով: Այլ խոսքով` հայցվորի մոտ վնասն առաջացել է իր կողմից կատարված գործողությունների հետևանքով, ուստի այն ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի, անմիջական, փաստացի արդյունք չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարության և ենթադրյալ պատճառված վնասի միջև բացակայում է պատճառահետևանքային անմիջական, ուղղակի և իրական կապը:

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած 712.908 ՀՀ դրամի չափով վնասին` որպես գնված անշարժ գույքի համար ավել վճարված գումարի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս չի հանդիսանում Կոմիտեի վերն արդեն իսկ հիշատակված ոչ իրավաչափ վարչարարության անմիջական հետևանք` նկատի ունենալով, որ հայցվորի կողմից անշարժ գույքի ձեռք բերման համար դրամական միջոցների վճարման պարտականությունը բխել է հայցվորի և Ջուլիետա Մանուկյանի միջև 03.12.2004 թվականին կնքված և նույն օրը նոտարական կարգով վավերացված (գրանցված սեղանամատյանում 4119) «Բնակելի տան և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի» առուվաճառքի պայմանագրից, ավելին` ըստ նույն պայմանագրի 2-րդ կետի «գ» ենթակետի` պայմանագրի վավերացման օրը բնակելի տան և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի վաճառքի գինը եղել է վճարված:

Այսինքն, հայցվորի կողմից որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում պահանջվող 712.908 ՀՀ դրամի վճարման գործողությունը նախորդել է Կոմիտեի կողմից իրականացված վարչարարությանը և որևէ կերպ չի բխել դրանից, ըստ այդմ` չի կարող հանդիսանալ Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական հետևանք: Այսպիսով, Կոմիտեի կողմից վիճելի գույքի` 24.9 քմ գոմի և 26.3 քմ ավտոտնակի զբաղեցրած հողամասի նկատմամբ հայցվորի իրավունքի գրանցման և դրան նախորդող` «Բնակելի տան և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի» առուվաճառքի պայմանագրից բխող հայցվորի կողմից կատարված վճարման միջև առկա չէ իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ:

Միաժամանակ, անդրադառնալով նաև ներկայացուցչի վճարի և պետական տուրքի գծով կատարված դատական ծախսերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք ևս չեն հանդիսանում ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով առաջացած վնասներ, քանի որ դրանք համապատասխան դատավարական օրենսգրքով նախատեսված և լուծվող դատական ծախսեր են, որոնք պայմանավորված են դատավարական գործողություններով, այսինքն` նման ծախսերը վարչարարության հետևանք չեն, և այդ մասով ևս բացակայում է ոչ իրավաչափ վարչարարության ու այդ ծախսերի միջև պատճառահետևանքային կապը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի հետևանքով եկել է սխալ եզրահանգման:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հայցվորի կողմից հայց ներկայացնելու համար նախապես վճարվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, իսկ Կոմիտեն վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ Կոմիտեի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարը` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Վազգեն Բագդասարյանի կողմից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վազգեն Բագդասարյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 152.880 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարման ենթակա գումար:

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Կոմիտեին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Վազգեն Բագդասարյանի հայցն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի` 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը վերացնելու և ՀՀ Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել ընդունելու բարենպաստ վարչական ակտ` ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասը Վազգեն Բագդասարյանին հատուցելու մասին, մերժել:

2. ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վազգեն Բագդասարյանից հօգուտ ՀՀ կադաստրի կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վազգեն Բագդասարյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 152.880 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարման ենթակա գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809942459

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2024
N ՎԴ/0326/05/20
Որոշում