ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2024 թվականի N 523-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի ապրիլի 18-ի
N 523-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` ծառայություն) ծառայողի (այսուհետ` ծառայող) հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում են ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ:
3. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հատուկ ուսուցումն անցնելուց հետո:
2. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Ծառայողին արգելվում է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության:
5. Ծառայողի` հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են դրանց տեսակը, համարը, արտադրության տարեթիվը և հաստատվում ծառայության կնիքով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում ժամանման վայրում հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցներն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը դրանք ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
7. Ծառայողին հատկացված հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների, դրանց տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ` հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ:
8. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում ծառայողը պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել հերթափոխի տեսուչին:
9. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածից դուրս հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները ծառայողն ի պահ է հանձնում հերթափոխի տեսուչին:
10. Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու պայմանները.
2) ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
3) ծառայողն ազատվել է ծառայությունում ծառայությունից:
11. Հերթափոխի տեսուչին հանձնած հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների հանձնման և ընդունման մատյանում:
12. Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողը գրավոր զեկուցում է վերադասության կարգով:
13. Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները գործադրելու և օգտագործելու դեպքերում ծառայողն անմիջապես բանավոր զեկուցում է վերադասության կարգով, իսկ ստորաբաժանում ներկայանալուն պես` նաև գրավոր:
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2024 թվական: