Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ` ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2024 թվականի N 392-Ն

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարված ձեռքբերումների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. մարտի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի մարտի 21-ի

N 392-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների (բացառությամբ արտարժույթի) մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի (այսուհետ` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ) էլեկտրոնային եղանակով դուրսգրման դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում`

1) օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում.

2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում.

3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքում:

3. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով` ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերում այն դուրս գրողին վերաբերող` պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` տեղեկատվական բազայում առկա տվյալներով: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը դուրս է գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում է առցանց ռեժիմում:

4. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքի ընդունման պահին:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պետք է պարունակի չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որն այդ փաստաթուղթը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պարտադիր վավերացվում (հաստատվում) է այդ փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեցող` օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձի կողմից:

7. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի` էլեկտրոնային եղանակով դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:

8. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը կարող են ապրանքներ մատակարարող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին տրամադրվել թղթային տարբերակով:

9. Օրենսգրքով սահմանված կարգով համալիր հարկային ստուգմամբ (չափագրմամբ) ստուգված (ուսումնասիրված) կամ համալիր հարկային ստուգման (չափագրման) ընթացքում գտնվող ժամանակաշրջաններին վերաբերող` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել, իսկ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը ենթակա չէ փոփոխման:

10. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար հարկ վճարողը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի տեսակը, լրացնում այն և լրացված այդ փաստաթուղթը վավերացնում է էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի ձևատեսքը սահմանվում է հարկային մարմնի կողմից հաստատված` էլեկտրոնային եղանակով այդ փաստաթղթի դուրսգրման ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:

11. Ֆիզիկական անձից ձեռքբերման լրացված փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն սույն կարգի 12-րդ կետում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

12. Սույն կարգի 5-րդ կետում նշված` սերիա-համարից բացի, ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթում պարտադիր ներառվում են`

1) փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

2) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

3) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը.

4) ապրանք մատակարարող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` հանրային ծառայության համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց համար` ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը լրացվում է առկայության դեպքում.

5) ապրանք ձեռք բերող`

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

13. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգն առցանց ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր կողմից դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև թույլ է տալիս դուրս գրված այդ փաստաթղթերի ցանկերը, հաշվետվությունը վերածել «էմ էս էքսել» (MS Excel) ֆայլի` այդ հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

14. Հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում ստուգելու էլեկտրոնային եղանակով դուրս գրված` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերի վավերականությունը` այդ փաստաթղթերի սերիա-համարներից ելնելով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2024
N 392-Ն
Որոշում