Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ԵՎ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6304/05/22

    Վարչական գործ թիվ ՎԴ/6304/05/22             2023թ.

Նախագահող դատավոր Է. Նահապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի հոկտեմբերի 6-ին

գրավոր ընթացակարգով քննելով Համբարձում Մովսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Համբարձում Մովսեսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` «Անտոշեն» ՍՊԸ` Երևանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համբարձում Մովսեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ միջնորդել է կասեցնել Երևանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվության կատարումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 13.10.2022 թվականի որոշմամբ Համբարձում Մովսեսյանի միջնորդությունը` վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2022 թվականի որոշմամբ «Անտոշեն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համբարձում Մովսեսյանը (ներկայացուցիչ` Դավիթ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ և 83-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ երրորդ անձի կողմից իր սեփականության իրավունքի իրացման` վիճարկվող վարչական ակտի հիման վրա կառուցապատման հետևանքով արդեն իսկ զգալի վնաս է հասցվել հայցվորի սեփականության իրավունքին, գտել է, որ երրորդ անձի կողմից շինարարություն իրականացնելու իրավունքի ապահովումն ավելի կարևոր և գերակա է, քան հայցվորի սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե հայցվորի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունների մեջ արտացոլված տեղեկատվությունն ինչ հիմնավորմամբ չի դիտարկում իբրև արդեն իսկ պատճառված զգալի վնաս և (կամ) վարչական ակտի կատարման արդյունքում հնարավոր պատճառվելիք զգալի վնաս:

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել բողոք բերող անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում առկա բոլոր հիմքերն ու հիմնավորումները, չի գնահատել բոլոր ապացույցները, այլ սահմանափակվել է ընդամենը մեկ հիմքի գնահատմամբ, ինչի արդյունքում էլ չնկատելով ընդհանուր պատկերը` եկել է սխալ եզրահանգման:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշումը` կայացնելով նոր դատական ակտ»:

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը գործի լրիվ, բազմակողմանի և ամբողջական քննություն է իրականացրել և եկել է հիմնավոր եզրահանգման` երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի բողոքը բավարարելու վերաբերյալ:

Դատարանը հայցվորի միջնորդությունը բավարարել է վարչական ակտի կատարմամբ հենց հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով այն դեպքում, երբ հայցվորը չունի խնդրո առարկա հասցեում գրանցված որևէ իրավունք, իսկ ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու հարցը դուրս է ներկայացված միջնորդության քննարկման շրջանակներից:

Սույն գործով առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած, քանի որ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտը չկասեցնելը հայցվորի համար չի ստեղծի այնպիսի բացասական, վնաս պատճառող հետևանքներ, որոնք նյութական առումով ավելի կծանրացնեն հայցվորի վիճակը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավասու է արդյո՞ք ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս վարչական ակտի կասեցման անհրաժեշտությունը գնահատել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով չնախատեսված չափանիշների կիրառմամբ:

 

Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում դիտարկել իրավական պետության բաղադրատարր հանդիսացող` օրինականության սկզբունքի համատեքստում` հաշվի առնելով նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակն ու գործառույթը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում իր ձևակերպումն է գտել օրինականության սահմանադրական սկզբունքը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված օրինականության սահմանադրական սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին.

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները որոշվում են Սահմանադրությամբ և օրենքներով,

- այդ լիազորությունները կամայական չեն և չեն կարող հակասել Սահմանադրությանը, օրենքներին,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն Սահմանադրությամբ, օրենքներով նախատեսված գործողություններ և ձեռնպահ մնալ այդ ակտերով չնախատեսված կամ դրանց պահանջներին հակասող որևէ գործողությունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի նորմերը դիտարկելով օրինականության սկզբունքի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինականության սկզբունքը ՀՀ վարչական դատարանից պահանջում է կատարել բացառապես այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կատարելու լիազորությունը վերջինիս է վերապահված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակն ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ` սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը` դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է` վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում վերլուծության են ենթարկված Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, որոնց հիման վրա դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը:

Այսպես, օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

i

Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը` բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է և, օրինականության սկզբունքին համահունչ` այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որևէ այլ չափանիշով: Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան` բացառապես հաշվի առնելով հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայությունը (բացակայությունը): Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին չի վերապահել լիազորություն` վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունն իր հայեցողությամբ գնահատել նաև այլ` դատավարական նորմերով չնախատեսված չափանիշի կիրառմամբ: Ըստ այդմ` օրինականության սկզբունքին համապատասխան` ՀՀ վարչական դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս պետք է ձեռնպահ մնա Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով չնախատեսված չափանիշի կիրառմամբ վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելուց:

 

Սույն գործով Համբարձում Մովսեսյանը, դիմելով Դատարան, խնդրել է վերացնել Երևանի քաղաքապետի 08.04.2022 թվականին տրված 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն: Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշմամբ Համբարձում Մովսեսյանի միջնորդությունը բավարարվել է և Երևանի քաղաքապետի 08.04.2022 թվականին տրված 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվության կատարումը կասեցվել է:

Դատարանն արձանագրել է. «ծանոթանալով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին Հայցվորի միջնորդությանը, կից ներկայացված փաստաթղթերին («ԲԱԲԱՅԱՆ-ԼԱՏ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 03.10.2022 թվականի եզրակացություններին) և հաշվի առնելով միջնորդության ուսումնասիրությամբ ձևավորված հիմնավոր կասկածը, գտնում է, որ տվյալ դեպքում վարչական ակտի կատարումը չկասեցնելը կարող է Հայցվորին զգալի վնաս պատճառել կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը»:

Վերաքննիչ դատարանը 26.12.2022 թվականի որոշմամբ, բավարարելով երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ուղղված լինի իրավաչափ նպատակի: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել վարչական ակտի կատարման կասեցման արդյունքում հայցվորի իրավունքների պաշտպանության և բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջն այդ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջև: (...) սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմամբ խախտվում է հայցվորի իրավունքների պաշտպանության և բարենպաստ վարչական ակտի հասցեատեր` սույն գործով երրորդ անձանց այդ ակտով տրված իրավունքների միջև բարենպաստ հավասարակշռությունը` այն հաշվով, որ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման դատավարական ինստիտուտի կիրառման արդյունքում երրորդ անձը գործի քննության ողջ ընթացքում ժամանակավորապես զրկվում է իր սեփականության իրավունքն իրացնելու, մասնավորապես` իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավունքից և կրում է բացասական հետևանքները, հետևաբար, վիճարկվող վարչական ակտի կասեցմամբ վերջինս սույն գործի քննության ողջ ընթացքում զրկված է լինելու իր տարածքի օգտագործումից»:

Նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել վարչական ակտի կատարման կասեցման արդյունքում հայցվորի իրավունքների պաշտպանության և բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջն այդ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջև, և եզրահանգել, որ չի ձևավորվում հիմնավոր կասկած առ այն, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու համար կիրառել է այնպիսի չափանիշ, ինչպիսին է բարենպաստ հավասարակշռությունը հայցվորի իրավունքների պաշտպանության և վարչական ակտի հասցեատեր երրորդ անձին այդ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջև: Վերաքննիչ դատարանը վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իր եզրահանգումն ըստ էության հիմնավորել է նրանով, որ չի ապահովվում բարենպաստ հավասարակշռություն հայցվորի և վարչական ակտի հասցեատեր երրորդ անձի շահերի միջև` ի վնաս վերջինիս:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանելով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու չափանիշները, չի ամրագրել այնպիսի չափանիշ, ինչպիսին բարենպաստ հավասարակշռությունն է մի կողմից` հայցվորի իրավունքների, մյուս կողմից` վարչական ակտի հասցեատեր երրորդ անձի` վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջև: Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանից պահանջվում էր գնահատել` արդյոք Դատարանը բավարար փաստական հիմքերի ու փաստարկների պայմաններում է եզրահանգել վիճարկվող վարչական ակտը չկասեցնելու արդյունքում հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին: Սակայն, նշվածի փոխարեն, Վերաքննիչ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատել է` հիմք ընդունելով օրենքով չնախատեսված չափանիշ, ինչը չի բխում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից և օրինականության սկզբունքից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809976293

 

pin
Վճռաբեկ դատարան
06.10.2023
N ՎԴ/6304/05/22
Որոշում