Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2283-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով`

«17) ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում (այսուհետ` նախազգուշացում)` մարդու համար դրանց օգտագործման հետևանքների վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ՆՊԱ-Ի և ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա:».

2) 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-36.14-րդ կետերով`

«36.1. ՆՊԱ-ի սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղվում է ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում` ներդիր թերթիկի վրա և պետք է պարունակի`

1) արտադրանքի անվանումը, այդ թվում` ապրանքային նշանը.

2) արտադրանքի արտադրման ամիսը, տարին և պիտանիության ժամկետը.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որը արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն` ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից: Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում` կարդալու համար հասանելի մասում.

4) արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) վերահսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունի ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելու չփոփոխված տեղեկություններով.

5) նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին` «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով` համաձայն Ձև 1-ի: Ընդ որում` նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա` սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով.

6) նախազգուշացում` գունավոր նկարի կամ ֆոտոպատկերի և տեքստի տեսքով` հետևյալ բովանդակությամբ. «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում:»` համաձայն Ձև 2-ի: Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:

36.2. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ:

36.3. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ:

36.4. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով: Ընդ որում` ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ՆՊԱ-ի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ:

36.5. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում մոլորության մեջ գցող տերմինների` «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը:

36.6. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում զետեղել այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել ՆՄՀ-ի գնահատման համար` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

36.7. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով` բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմ(եր)ի:

36.8. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ՆՊԱ-ի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի:

36.9. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով` բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի:

36.10. Սույն տեխնիկական կանոնակարգի 36.1-ին կետով նախատեսված տեղեկությունը զետեղվում է հայերեն, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ՆՊԱ-ի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով: Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով:

36.11. Նախազգուշացումը զետեղվում է ՆՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա: Նախազգուշացումը պետք է տեղադրվի ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում, հայերեն: Նախազգուշացման տարալուծումը կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi): Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448C) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը:

36.12. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա նախազգուշացումը դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում տեղադրվում է ստորին հատվածում:

36.13. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող նախազգուշացումը պետք է զբաղեցնի 4 հավասար կողմ ունեցող սպառողական փաթեթվածքի առնվազն 2 կողմերից յուրաքանչյուրի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը, կամ սպառողական փաթեթվածքի երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը:

36.14. Նախազգուշացմամբ չզբաղեցված, սակայն նախազգուշացման համար հատկացված մակերեսը տեղադրվում է նախազգուշացումից ներքև և ամբողջությամբ ծածկվում է Պանտոն 448 Սի (Pantone 448C) գույնին համապատասխան գույնով` սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի լայնությամբ: Նախազգուշացմամբ զբաղեցված մակերեսը և Պանտոն 448 Սի (Pantone 448C) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսն իրար հետ միասին պետք է կազմեն սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը:».

3) 51-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12) նախազգուշացում` «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում:»: Նախազգուշացման տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:».

4) 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51.1-ին կետով`

«51.1. Եթե ՆՄՀ-ն կառուցվածքով միացված է ՆՊԱ-ի հետ, ապա ՆՄՀ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում է սույն որոշման 36.1-36.14-րդ կետերով նախատեսված տեղեկությունը:».

5) 56-րդ և 57-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարին` սույն որոշման ընդունման օրվանից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում ապահովել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը` առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi) տարրալուծումով, «եռաշերտ» ձևաչափով տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Ձև 1

 

Նկար

 

Ձև 2

 

Նկար

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2023
N 2283-Ն
Որոշում