Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԵՆ ԱՐԴՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ` ԵՐ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԵԴ/0343/01/21

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                                      Ռ. Մխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                               Լ. Թադևոսյանի

                               Ս. Օհանյանի

 

    14 սեպտեմբերի 2023 թվական            ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ պաշտպան Գ. Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 10850320 քրեական գործը:

Հետաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

2020 թվականի հուլիսի 24-ին Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Դ. Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի մարտի 13-ի որոշմամբ Դ. Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով` երկու դրվագով:

2021 թվականի մարտի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 30-ի դատավճռով Դավիթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով` երկու դրվագով նախատեսված հանցագործությունների համար և նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, վերջնական պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով և տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Դ. Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ. Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 25-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1):

 

________________

1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

 

Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերով թույլ է տրվել ամբաստանյալ Դ. Հարությունյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Մասնավորապես, վկայակոչելով գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, բողոքաբերը նշել է, որ պարզ չէ, թե ո՞ր ապացույցների համակցությունն է հանցակազմի առկայության համոզմունք առաջացրել: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչ հիմքով են շահագրգիռ անձանց ցուցմունքները համարվել հիմնավորված, իսկ ամբաստանյալի ցուցմունքը` ոչ:

6. Միաժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ Դ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Դ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Դավիթ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, 147-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա, 2020 թվականի հունիսի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում, (...) հերթական անգամ գնացել է իր ծնողներ Մագդա Սահակյանի և Վլադիմիր Հարությունյանի բնակության վայր հանդիսացող և Մագդա Սահակյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 73 տուն: Օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Մագդա Սահակյանի կողմից տուն մտնելու արգելքն անտեսելով, վերջինիս կամքին հակառակ` Դավիթ Հարությունյանը խախտելով Մագդա Սահակյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո Մագդա Սահակյանի` բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով` հրաժարվել է լքել այդ բնակարանը: Նույն բնակարանի խոհանոցում շարունակելով չենթարկվել Մագդա Սահակյանի` բնակարանից դուրս գալու պահանջներին` Դավիթ Հարությունյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով ձախ արմկահոդի շրջանի քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այդ վիճաբանությանը միջամտել է Դավիթ Հարությունյանի հայր` Վլադիմիր Հարությունյանը և փորձել է դուրս հրավիրել Դավիթ Հարությունյանին, որի ընթացքում Դավիթ Հարությունյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Հարությունյանի դեմքին, այնուհետև մետաղյա տապակով հարվածել է վերջինիս ձախ նախաբազկին` պատճառելով ստորին շրթունքի լորձաթաղանթի վնասման, արյունազեղման, քերծվածքի ձևով և ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»(2):

 

________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 268-276:

 

9. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցները` տուժողներ Մագդա Սահակյանի, Վլադիմիր Հարությունյանի, վկա Աննա Հարությունյանի, անչափահաս վկա Միլենա Հարությունյանի ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննությունների թիվ 0804 և 0805 եզրակացությունները, դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Վերլուծելով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքները, նրա, տուժողների ցուցմունքները և գործով ձեռք բերված մյուս ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)

Ապացուցված է նաև ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, առաջին դրվագով` այլ բռնի գործողություններ տուժող Մագդա Սահակյանի նկատմամբ կատարելը` որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)

Ապացուցված է նաև ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, երկրորդ դրվագով` այլ բռնի գործողություններ տուժող Վլադիմիր Հարությունյանի նկատմամբ կատարելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին (...)»(3):

 

________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 58-65:

 

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում, որ Դավիթ Հարությունյանը` 2020 թվականի հունիսի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում, (...) հերթական անգամ գնացել է իր ծնողներ Մագդա Սահակյանի և Վլադիմիր Հարությունյանի բնակության վայր հանդիսացող և Մագդա Սահակյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 73 տուն: Օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Մագդա Սահակյանի կողմից տուն մտնելու արգելքն անտեսելով, վերջինիս կամքին հակառակ` Դավիթ Հարությունյանը խախտելով Մագդա Սահակյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո Մագդա Սահակյանի` բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով` հրաժարվել է լքել այդ բնակարանը: Նույն բնակարանի խոհանոցում շարունակելով չենթարկվել Մագդա Սահակյանի` բնակարանից դուրս գալու պահանջներին` Դավիթ Հարությունյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով ձախ արմկահոդի շրջանի քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այդ վիճաբանությանը միջամտել է Դավիթ Հարությունյանի հայր` Վլադիմիր Հարությունյանը և փորձել է դուրս հրավիրել Դավիթ Հարությունյանին, որի ընթացքում Դավիթ Հարությունյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Հարությունյանի դեմքին, այնուհետև մետաղյա տապակով հարվածել է վերջինիս ձախ նախաբազկին` պատճառելով ստորին շրթունքի լորձաթաղանթի վնասման, արյունազեղման, քերծվածքի ձևով և ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի դատաքննական ցուցմունքին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը նման ցուցմունք տալով, նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից:

Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ վերջինի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում (...)»(4):

 

________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-68:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները մեղսագրված հոդվածներով նախատեսված արարքներում ամբաստանյալ Դ. Հարությունյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ. Հարությունյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված արարքներում, հաստատվում է տուժողներ Մագդա Սահակյանի, Վլադիմիր Հարությունյանի, վկա Աննա Հարությունյանի, անչափահաս վկա Միլենա Հարությունյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությունների` թիվ 0804 և 0805 եզրակացություններով: ՈՒստի, ամբաստանյալի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա(5):

 

________________

5) Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը:

 

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դ. Հարությունյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Դ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները(6):

 

________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արսեն Աղասյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0007/01/21 որոշման 17-րդ կետը:

 

17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` «1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 147-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ դրանց համար նախատեսված է ազատազրկման հետ չկապված պատիժ, ուստի դրանք դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, նշված հոդվածներով սահմանված հանցավոր արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ. Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքները կատարել է 2020 թվականի հունիսի 14-ին(7), իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2022 թվականի հունիսի 14-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետևաբար ամբաստանյալ Դ. Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են:

 

________________

7) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

20. Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դ. Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը պետք է բեկանել, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը` կարճել:

21. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Դ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

3. Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204127670

 

pin
Վճռաբեկ դատարան
14.09.2023
N ԵԴ/0343/01/21
Որոշում