Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Կոտայքի մարզի առաջին ատյանի                 ԿԴ/0332/13/22

ընդհանուր իրավասության դատարան,

Նախագահող դատավոր Գ. Շահբազյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

Նախագահող դատավոր` Ռ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

 

մասնակցությամբ

                         դատավորներ`     Լ. Թադևոսյանի

                                         Ա. Պողոսյանի

                                         Ս. Օհանյանի

 

    10 նոյեմբերի 2023 թվական             ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դատապարտյալ գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սամվել Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Սամվել Սարգսի Գևորգյանը դատապարտվել է երկու դրվագ` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով: Ս. Գևորգյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետ:

2. 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա. Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Գևորգյանի նկատմամբ նշանակված` 230.000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա. Բաղդասարյանի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ Տ. Առաքելյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 25-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը` որպես դրա կատարման եղանակ: Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:

Բացի այդ, բողոքի հեղինակը, Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում, նշել է նաև, որ Ս. Գևորգյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բավարարելով Ս. Գևորգյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը նախատեսում է դատապարտյալի կողմից տուգանքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այն բացառապես հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն` հաշվի առնելով տուգանքը վճարելու անհնարինության և չարամիտ խուսափելու հանգամանքները: Մինչդեռ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու (չարամտություն դրսևորելու) դեպքում բռնագանձվում է տուգանքի չափին համարժեք գույք, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ: Ասվածից հետևում է, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում պատիժը փոփոխելու վերաբերյալ ՀՀ նոր քրեական օրենսգրքի դրույթը կիրառվել չի կարող, քանի որ դրանով սահմանվում է տուգանքն ազատազրկմամբ, այսինքն` ի տարբերություն հանրային աշխատանքների, ավելի խիստ պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը: Այլ խոսքով, անձը զրկվում է ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակի` հանրային աշխատանքների կիրառման հնարավորությունից, ինչը բնականաբար հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող նորմ:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն փոփոխությունը, ըստ որի` տուգանքի վճարումից խուսափելու դեպքում չի կարող նշանակվել հանրային աշխատանքներ պատժատեսակը, համարվում է անձի վիճակը վատթարացնող և չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Հետևաբար, Դատարանը գտնում է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործության համար նշանակված տուգանք պատժատեսակի փոփոխման հարցը պետք է լուծվի Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք բարելավում են դատապարտյալի վիճակը:

Ելնելով վերոգրյալից` Դատարանն արձանագրում է, որ Սամվել Գևորգյանի նկատմամբ (...) նշանակված 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ տուգանքին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի միջնորդությունը ենթակա է մերժման: (...) «(1):

____________________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 36-40:

 

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Տուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում ((...) գույքի բռնագանձումը առանձին պատժատեսակ չէր և չէ), սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել, և առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում` ուժի մեջ գտնվող դատական ակտ` այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց: Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը, թե գործող և թե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքերով թվարկված այլ դեպքերն հանգեցնում են տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպքում, երբ հանցանքի կատարման և դատավճռի ի կատար ածման պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կարգավորումները դատապարտյալների վիճակը բարելավող են. տուգանքը կարող էր փոխարինվել և դատավճռի կատարման գործընթացն ավարտվեր տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով` հանրային աշխատանքներով փոխարինելով և այդ պատիժը կրելով:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուգանքին համարժեք գույքի բռնագանձման ինստիտուտի` գործող ՀՀ քրեական օրենսգրքի համակարգում զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ կարգավորման, անցումային դրույթներում այդ ինստիտուտի ներդրման վերաբերյալ կանոններ չնախատեսելու պայմաններում հնարավոր չէ արձանագրել, որ այն դատապարտյալների վիճակը բարելավող օրենք է, մինչդեռ դա է նոր օրենքին (օրենսդրությանը) հետադարձ ուժ տալու և այն կիրառելու նախապայմաններից մեկը:

Անվիճելի է, որ վերոնշյալ նոր ինստիտուտը թեև պատիժների համակարգում ներառված առանձին պատժատեսակ չէ, սակայն օժտված է պատժի տարրերով, փոխկապակցված և զուգակցված է հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակի` ազատազրկման հետ, հետևաբար` դրա քրեաիրավական (պատժիչ) ներազդեցությունը դատապարտյալների վիճակի վրա ողջամտորեն ավելի ինտենսիվ է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները կիրառելու, մասնավորապես` տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու պարագայում: (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց (չարամտորեն) խուսափելու դեպքում դատապարտյալները կարող էին իրավաչափորեն ակնկալել (կանխատեսել), որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական (քրեակատարողական) հարաբերությունները կարող են ավարտվել այդ և ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով:

Գործող ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալին զրկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է` տուգանքը հանրային աշխատանքներով (գործող պատժատեսակով) փոխարինվելու հնարավորությունից, որը դատապարտյալների, տվյալ դեպքում` նաև Սամվել Գևորգյանի համար երաշխավորված է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող, բայցև Դատապարտյալի նկատմամբ դեռևս կիրառելի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով և դրան համապատասխանող քրեակատարողական օրենսդրությամբ:

(...)

Այսպիսով, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը, այն է` տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացակայության պարագայում` տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու նորմը դատապարտյալների, այդ թվում Սամվել Գևորգյանի վիճակը վատթարացնող է, հետևաբար` այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մաս): Ընդ որում, նույնիսկ եթե մի պահ ընդունվի, որ տվյալ կարգավորումը հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենք է, այն, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետք է նախատեսվեր օրենքով, ինչը ևս չի կատարվել:

(...) Այսպիսով, Օրենքով տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացակայության և այլ դեպքերում` տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու իրավահարաբերությունները կարգավորող որևէ նորմ չի նախատեսվել (օրենսդիր մարմինը չի ընդունել), որի պայմաններում դատապարտյալների վիճակը վատթարացնող վերոնշյալ նոր իրավական կարգավորումը (ինստիտուտը) նրանց նկատմամբ կիրառելն անթույլատրելի է, դրան հետադարձ ուժ չի կարող տրվել:

(...)

Այսպիսով, քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) դատապարտյալ Սամվել Գևորգյանի վիճակը ոչ թե մեղմացնող, այլ ընդհակառակը` վատթարացնող է: Դատապարտյալի վիճակը վատթարացնող նորմեր է բովանդակում նաև գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի` տուգանքի կատարման կարգին և պայմաններին առնչվող վերաբերելի դրույթները, թեև դատապարտյալ Սամվել Գևորգյանի նկատմամբ կայացված դատավճիռն ուժի մեջ էր մտել և կատարման հանձնվել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, հետևաբար` նրա նկատմամբ առերևույթ կիրառելի են պատժի կատարման պահին գործող` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (բարենպաստ) դրույթները: Չի նախատեսվել (չի ընդունվել) նաև գույքի բռնագանձման ինստիտուտին հետադարձություն տալու մասին օրենք, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ այդ ինստիտուտի նորմերն անձի վիճակը բարելավող օրենք (օրենսդրություն) են:

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) և դրա կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Սամվել Գևորգյանի նկատմամբ կիրառելի չեն, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա. Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը մերժելով, թույլ չի տվել դատական սխալ` քրեական օրենքի խախտում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուստի` սույն որոշման մեջ նշված լրացուցիչ հիմնավորմամբ Դատախազի ներկայացրած բողոքն անհրաժեշտ է մերժել` վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ: (...)»(2):

 

_____________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 31-51:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` «(...) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում` առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(...)

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

11. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը` ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում` անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես` տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման` օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի` տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի` տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով` հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ` նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը` անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով` նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը` տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ(3):

 

________________________

3) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:

 

11.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն` դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում` տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով(4):

 

______________________

4) Տե՛ս նույն որոշումը:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ս. Գևորգյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը` ընդգծելով, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում պատիժը փոփոխելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանվում է տուգանքն ազատազրկմամբ, այսինքն` ի տարբերություն հանրային աշխատանքների, ավելի խիստ պատժատեսակով փոխարինելու հնարավորություն, ինչը հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող նորմ(5):

 

____________________

5) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը` նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը դատապարտյալների, այդ թվում` Սամվել Գևորգյանի վիճակը վատթարացնող է, հետևաբար այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել(6):

 

________________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով` հանրային աշխատանքներով` նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:

14. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ վերոնշյալ ինստիտուտը զուգակցված է հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակի` ազատազրկման հետ, հետևաբար դրա քրեաիրավական ներազդեցությունը դատապարտյալների վիճակի վրա ավելի ինտենսիվ է, քան նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները կիրառելու, մասնավորապես` տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու պարագայում, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարվելու դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված` տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը ոչ թե զուգակցված է ազատազրկման հետ, ինչպես փաստարկել է Վերաքննիչ դատարանը, այլ միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով: Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով` նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը` տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ:

15. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի` հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար(7):

 

________________________

7) Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազ Տ. Առաքելյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա. Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Սամվել Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին:

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.11.2023
N ԿԴ/0332/13/22
Որոշում