Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱԼԻԿ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱԼԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Երևան  քաղաքի առաջին ատյանի                ԵԴ/0052/12/22

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Գ. Գասպարյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    10 հոկտեմբերի 2023 թվական                 ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ալիկ Աշոտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով և դատապարտվել մահապատժի` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2001 թվականի հունվարի 16-ի դատավճռով վերը նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2001 թվականի մարտի 23-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2001 թվականի հունվարի 16-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ Նախագահի` 2003 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Ա.Գրիգորյանին ներում է շնորհվել և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ա.Գրիգորյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի և 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են 2003 թվականի ապրիլին 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 15-րդ կետերին և պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2011 թվականի օգոստոսի 19-ին դատապարտյալ Ա.Գրիգորյանը դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի փետրվարի 20-ի որոշումը փոփոխվել է և Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին մեղսագրված հանցանքների որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերից համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի` 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդությունը մերժվել է:

2022 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ա.Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, որի արդյունքում Ա.Գրիգորյանն անհիմն կերպով զրկվել է իր շահերը դատական կարգով պաշտպանելու և իր նկատմամբ կայացված դատական ակտը վերադաս դատարան վիճարկելու իրավունքից:

5.1. Բողոքաբերը նշել է, որ դատարանը, սույն գործի նկատմամբ ճիշտ չի կիրառել քրեադատավարական օրենքը, ղեկավարվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ և 391-րդ հոդվածներով: Դատարանը կիրառել է հատուկ վերանայման բողոքի համար օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ժամկետները, որն օրինական չէ:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի` դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այն դատական ակտերի շարքում, որոնց վերաբերյալ կարող է ներկայացվել հատուկ վերանայման բողոք, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ չեն կարող կիրառվել հատուկ վերանայման բողոքի քննության համար սահմանված կարգավորումները:

Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված բողոքարկման ժամկետները բացառապես վերաբերում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ բաժնի 9-րդ գլխով սահմանված դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքներին և որևէ առնչություն չունեն սույն գործին, քանի որ այս դեպքում բողոքարկվել է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին վերաբերող դատական ակտ:

Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները սահմանված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 5-րդ բաժնի 25-րդ գլխում, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կիրառել է սխալ դրույթ:

5.2. Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասում հստակ արձանագրել է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա, վերաքննության կարգով բողոքը ներկայացվել է որոշումը ստանալուց հետո մեկամսյա ռեժիմով:

Ինչ վերաբերում է ներկայացված բողոքի վերնագրին, ըստ բողոքաբերի` դա, տեխնիկական վրիպակ է և չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ քրեական դատարանի համար` ներկայացված բողոքն առանց քննության թողնելու կամ ներկայացված բողոքը հատուկ վերանայման բողոքի կարգավորումների շրջանակներում քննության առնելու համար:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի դատական ակտը և վարույթը փոխանցել նույն դատարան` ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու համար:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «(...)Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում»(1):

 

___________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 251:

 

7.1. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին(2):

 

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 258:

 

7.2. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` LO108542729AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2023 թվականի մարտի 15-ին(3):

 

_______________________

3) Տե՛ս, www.haypost.am:

 

7.3. Սույն գործի նյութերի համաձայն` Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի` հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին(4):

 

_______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-11:

 

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ «(...) «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պաշտպան Մ.Սողոմոնյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին, ինչը հաստատվում է գործում առկա փոստային ծանուցագրի ստացականով, իսկ նրա կողմից բերված հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին (փոստային առաքման ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին):

Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստանալով 2023 թվականի մարտի 2-ին, պաշտպանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու տասնօրյա ժամկետը լրացել է 2023 թ.-ի մարտի 13-ին, ուստի նրա կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»(5):

 

_______________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-19:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

2022 թվականի հունիսի 15-ին ընդունված` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները»:

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-582-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:

(...)

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` 3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի` համաձայն` «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բողոքարկման կանոնները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի վրա»:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-582-Ն ՀՀ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 7-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխում զետեղված 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում»:

11. Նախորդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված և 2023 թվականի հունվարի 7-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հատուկ վերանայման ընթացակարգով, համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 2-ին, ուստի, դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացնել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի` սույն որոշման 5.1-րդ կետում նշված պատճառաբանությունները հիմնազուրկ են:

12. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է արձանագրել, որ արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում(6)` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման` հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը(7):

 

_______________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշումը:

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 16-րդ կետը:

 

13. ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման(8):

 

_______________________

8) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

 

14. ՀՀ Վճռաբեկ դատարանը «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով վերահաստատելով և զարգացնելով Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է` «(...) Իրավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման (...)»(9):

 

_______________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործով թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը:

 

15. Մեջբերված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք: Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետ(10),

 

_______________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման պատճենը Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին(11),

 

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ի)(12),

 

_______________________

12) Տե՛ս սույն որոշման 7.2-րդ կետը:

 

- Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի` հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին(13),

 

_______________________

13) Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ պաշտպան Մ.Սողոմոնյանի բողոքը թողել է առանց քննության` փաստելով, որ որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին(14):

 

_______________________

14) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դատական ակտերի կատարման փուլում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումների համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման տասնօրյա ժամկետ, սակայն Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը` դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ, կարող էր պաշտպանական կողմին հանգեցնել տարընկալման` բողոքարկման ժամկետի ավարտի վերաբերյալ:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի մարտի 2-ին ստացած լինելու պարագայում, ղեկավարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված` բողոքարկման մեկամսյա ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացրել է` 2023 թվականի մարտի 15-ին: Հետևաբար պաշտպանի կողմից պահպանվել է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետը:

18.1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի ներկայացրած բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետի սխալ արձանագրման հանգամանքը, որի արդյունքում խախտվել է կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքը, սահմանափակվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն: Ուստի, Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

19. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար(15): Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան եզրակացության:

 

_______________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ին:

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2023
N ԵԴ/0052/12/22
Որոշում