Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԱՎԴ2/1332/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/1332/02/21       2023թ.

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան                 

                       Ն. Գաբրիելյան                          

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

2023 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարազդատ Ադամյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշման դեմ` ըստ Սասուն և Մանուշակ Ղարիբյանների հայցի ընդդեմ Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի` խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սասուն և Մանուշակ Ղարիբյանները պահանջել են վերացնել իրենց խախտված իրավունքները, այն է` Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին պարտավորեցնել ազատել 30.03.2021 թվականին կազմված տեղագրական հանույթում նշված Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողամասից իրենց կողմից ապօրինի զավթած 33,66քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև քանդել այդ հողամասի վրա կառուցված քարե շինությունը և պարիսպը` հողամասը վերադարձնելով իրենց տիրապետմանը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2022 թվականի որոշմամբ Սասուն և Մանուշակ Ղարիբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը բավարարվել է, Վարազդատ, Մովսես և Արման Ադամյանները, Սիլվա Հունանյանը, պարտավորեցվել են Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողամասից 33,66քմ մակերեսով ապօրինի տիրապետվող ու օգտագործվող հողամասը վերադարձնել Սասուն և Մանուշակ Ղարիբյանների տիրապետմանը` մինչև իրավունքի խախտումը եղած վիճակում (առանց շինությունների):

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Ադամյանը (ներկայացուցիչ Մնացական Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 279-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողներին պատկանող Արարատի մարզի Արգավանդ գյուղի Օդանավակայանի թիվ 1 փողոցի թիվ 20 հասցեի անշարժ գույքը գրանցվել է 18.03.2000 թվականին կադաստրի 4-018-01 մատյանի 000217 համարի տակ և տրվել է թիվ 039006 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական: Ավելին, հողամասը 1991 թվականից ստանալուց հետո մինչ օրս որևէ սահմանային փոփոխության չի ենթարկվել, և որևէ ինքնակամ մակերես գոյություն չունի:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի կողմից 04.12.2020 թվականին տրված թիվ 03-03-22 փորձագետի եզրակացության համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան փողոցի թիվ 13-րդ հողամաս հասցեում Սեյրան, Մանուշակ և Սասուն Ղարիբյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասն ու 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես, Արման Ադամյաններին և Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, ըստ իրավունքի պետական գրանցում ստացած իրավիճակի հատակագծի, չեն համադրվում: Ավելին` վերը նշված փորձագետի եզրակացությամբ հիմնավորվել է կողմերի հողամասերի համադրված չլինելու փաստը, ինչը ենթադրում է, որ պատասխանողների կողմից հողազավթում չի կատարվել, հակառակ դեպքում վերջիններիս սեփականության իրավունքը չէր գրանցվի:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի կողմից 04.12.2020 թվականին տրված թիվ 03-03-22 փորձագետի եզրակացությունը, միաժամանակ դրան համարժեք իրավական գնահատական չտալով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ իրավահաստատող փաստաթղթերում ներառված անշարժ գույքը պատասխանողների սեփականության իրավունքի օբյեկտ է, որը գործող օրենսդրությամբ, Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով անձեռնմխելի է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.06.2022 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.03.2000 թվականի թիվ 039006 վկայականի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող` 03-018-005-021 կադաստրային ծածկագրով 0,09հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Վարազդատ, Մովսես և Արման Ադամյանների ու Սիլվա Հունանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 46-51).

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.12.2020 թվականի թիվ 04122020-03-0078 վկայականի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող` 03-018-0005-0005 կադաստրային ծածկագրով 0,08հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Սեյրան Ղարիբյանի (1/4), Մանուշակ Ղարիբյանի (1/4) և Սասուն Ղարիբյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9-11).

3) 30.03.2021 թվականի տեղագրական հանույթի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող 03-018-0005-0005 կադաստրային ծածկագրով հողամասից այլ սեփականատիրոջ կողմից օգտագործվող տարածքը կազմում է 33,66քմ (հատոր 1-ին, գ.թ. 12).

4) Ըստ «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 փորձագետի եզրակացության` 04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում Սեյրան, Մանուշակ և Սասուն Ղարիբյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը, և 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես և Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, ըստ իրավունքի պետական գրանցում ստացած իրավիճակի հատակագծի (կադաստրային քարտեզում ամրագրված իրավիճակի հատակագիծ), չեն համադրվում: Հետևաբար, 04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող Սեյրան, Մանուշակ և Սասուն Ղարիբյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի, և 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի համադրման կամ չհամադրման հանգամանքը կարող է պարզվել միայն փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի սահմաններն իրավասու մարմնի կողմից ճշգրտելուց հետո, որը դուրս է շինարար փորձագետի իրավասության սահմաններից (...):

04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող Սեյրան, Մանուշակ և Սասուն Ղարիբյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, ինչպես նաև 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի փաստացի իրավիճակի հատակագծի համաձայն (հավելված 3)` Վարազդատ, Մովսես և Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի կողմից փաստացի օգտագործվում է 18,2քմ մակերեսով հողամաս, որն ըստ կադաստրային քարտեզի հանդիսանում է Սեյրան Սերգեյի Ղարիբյանին, Մանուշակ Հակոբի Ղարիբյանին, Սասուն Սեյրանի Ղարիբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը: Սակայն, այս պարագայում խախտվում է Վարազդատ, Մովսես և Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին պատկանող հողամասի տեղակայման դիրքն ըստ կադաստրային քարտեզի (հատոր 3-րդ, գ.թ. 49-59):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման խնդրին` վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

Նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ապացույցի տեսակներն են փորձագետի եզրակացությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին` որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների` միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վեր հանել ապացույցների միջև եղած հակասությունները և ակներև դարձնել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել` տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով: Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները (տե՛ս Դավիթ Դավթյանն ընդդեմ Թագուշ Դավթյանի թիվ ԵԴ/17352/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը):

Ամփոփելով` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց և դրանց հաստատման համար ներկայացված և(կամ) ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից և գնահատումից: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, և որ ամենակարևորն է` այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով: Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ և որևէ պարագայում չհարուցի որևէ կասկած: Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԵԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել` առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների` միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել` տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով:

Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները: Պարզելով ապացույցների արժանահավատությունը` դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե՛ս Տիգրան Դանիելյանն ընդդեմ «Սարմէ Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3003/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե՛ս Լիրիկա Զաքարյանը և մյուսներն ընդդեմ Սերգեյ Քոչարյանի և Էդվարդ Քոչարյանի թիվ ԵԷԴ/1837/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Վարազդատ, Մովսես և Արման Ադամյանները, Սիլվա Հունանյանը, ըստ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.03.2000 թվականի թիվ 039006 վկայականի, հանդիսանում են Արարատի մարզի Արգավանդ գյուղի հասցեում գտնվող` 03-018-005-021 կադաստրային ծածկագրով` 0,09հա մակերեսով տնամերձ հողամասի համասեփականատերերը:

Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող` 03-018-0005-0005 կադաստրային ծածկագրով 0,08հա մակերեսով հողամասի նկատմամբ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.12.2020 թվականի թիվ 04122020-03-0078 վկայականի համաձայն` գրանցված է Սեյրան Սերգեյի Ղարիբյանի (1/4), Մանուշակ Հակոբի Ղարիբյանի (1/4) և Սասուն Սեյրանի Ղարիբյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

Հայցադիմումին կից ներկայացվել է 30.03.2021 թվականի տեղագրական հանույթը, որի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող` 03-018-0005-0005 կադաստրային ծածկագրով հողամասից այլ սեփականատիրոջ կողմից օգտագործվող տարածքը կազմում է 33,66քմ մակերես:

Գործով հիմնավորվել է նաև, որ պատասխանողների ներկայացուցիչը 04.03.2022 թվականի նախնական դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին, որը նույն թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է:

Դատարանը 15.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) պահանջելով պարտավորեցնել պատասխանողներին ազատել 30.03.2021 թվականին կազմված տեղագրական հանույթում նշված ՀՀ, Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողամասից իրենց կողմից ապօրինի զավթած 33,66 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև քանդել այդ հողամասի վրա կառուցված քարե շինությունը և պարիսպը` հողամասը վերադարձնելով հայցվորների տիրապետմանը, հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ տվյալ պարիսպի և շինության մասին, ինչ չափեր ունեն դրանք, որտեղ են կառուցված և այլն: Ինչ վերաբերում է դատարան ներկայացված լուսանկարներին, ապա դրանցից առհասարակ հնարավոր չէ կատարել նշված հարցերի վերաբերյալ հստակ եզրահանգումներ, իսկ հայցվորների ներկայացուցչի կողմից ներկայացված 30.03.2021 թվականի տեղագրական հանույթում առհասարակ չկա որևէ նշում պարիսպի և վիճելի հողամասի վրա առկա շինությունների վերաբերյալ, այն ընդամենը պարունակում է տեղեկություն հայցվորներին պատկանող հողամասից 33.66 քմ մակերեսով հողամասն այլ սեփականատիրոջ կողմից օգտագործվելու վերաբերյալ: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ տեղագրական հանույթում առկա է նշում, որ հայցվորներին պատկանող հողամասից 33.66 քմ մակերեսով հողամասն օգտագործվում է այլ սեփականատիրոջ կողմից, պատասխանող Վարազդատ Ադամյանի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 փորձագետի եզրակացության Հավելված 3-ում առկա է նշում, որ անշարժ գույքերի փաստացի իրավիճակի հատակագծի համաձայն Վարազդատ, Մովսես, Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի կողմից փաստացի օգտագործվում է 18,2 քմ մակերեսով հողամաս: Այսինքն գործով առհասարակ վիճելի է մնում նաև այն հարցը, թե հայցվորներին պատկանող հողամասից որքան մասն է գտնվում պատասխանողների տիրապետման տակ, իսկ գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ որևէ միջնորդություն, այդ թվում փորձաքննություն նշանակելու վերաբերյալ չունի, իսկ դատարանը սեփական նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու, այդ թվում նման պահանջով գործեր քննելիս իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասություն չունի: Ըստ այդմ, հիմք ընդունելով նշվածը, Դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից նշված փաստերը ապացուցված չլինելու պայմաններում, դրա բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով պետք է կրի հայցվոր կողմը, ուստի հայցը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցվորների վերաքննիչ բողոքը, Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Արդեն իսկ իրականացված հետազոտությունների ընթացքում օգտագործված իրեղեն ապացույցների ցանկից և չափագրման համար օգտագործված սարքից հնարավոր է եզրակացնել, որ «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 եզրակացությամբ արված հետևություններն առհասարակ արժանահավատության տեսանկյունից բավարար չեն 30.03.2021 թվականի տեղագրական հանույթի` որպես ապացույցի արժանահավատությունը կասկածի տակ դնելու տեսանկյունից: Քննարկման առարկա դարձնելով սույն գործով առկա փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հայցվորների պահանջն իրապես հիմնվում է 30.03.2021 թվականի տեղագրական հանույթի վրա, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործով փաստակազմի պարագայում օրենքը հայցապահանջով ակնկալվող իրավական հետևանքները կարող է կապել 30.03.2021 թվականի տեղագրական հանույթի` որպես բավարար և արժանահավատ փաստական տվյալի հետ, քանի որ այդ ապացույցով հաստատվում է հայցապահանջը և այն կարող է դիտվել որպես դատական ապացույց»:

 

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը:

Գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել 30.03.2021 թվականի տեղագրական հանույթը, որի համաձայն` Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում գտնվող` 03-018-0005-0005 կադաստրային ծածկագրով հողամասից այլ սեփականատիրոջ կողմից օգտագործվող տարածքը կազմում է 33,66քմ: Միևնույն ժամանակ, պատասխանողի ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 փորձագետի եզրակացությունը, որի համաձայն` (...) համաձայն` 04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում Սեյրան Ղարիբյանին, Մանուշակ Ղարիբյանին, Սասուն Ղարիբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը, և 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես, Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, համաձայն իրավունքի պետական գրանցում ստացած իրավիճակի հատակագծի (կադաստրային քարտեզում ամրագրված իրավիճակի հատակագիծ) չեն համադրվում: Հետևաբար, 04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի, Արգավանդ համայնքի, Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում Սեյրան Ղարիբյանին, Մանուշակ Ղարիբյանին, Սասուն Ղարիբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի, և 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարազդատ, Մովսես, Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի համադրման կամ չհամադրման հանգամանքը կարող է պարզվել միայն փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի սահմանները իրավասու մարմնի կողմից ճշգրտելուց հետո, որը դուրս է շինարար փորձագետի իրավասության սահմաններից (...): 04.12.2020 թվականին տրված թիվ 04122020-03-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի, Արգավանդ համայնքի, Օդանավակայան 2-րդ փողոցի թիվ 13 հողամաս հասցեում Սեյրան Ղարիբյանին, Մանուշակ Ղարիբյանին, Սասուն Ղարիբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, ինչպես նաև 18.03.2000 թվականին տրված թիվ 039006 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն Վարազդատ, Մովսես, Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի փաստացի իրավիճակի հատակագծի համաձայն (հավելված 3)` Վարազդատ, Մովսես, Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի կողմից փաստացի օգտագործվում է 18,2 քմ մակերեսով հողամաս, որն ըստ կադաստրային քարտեզի հանդիսանում է Սեյրան Սերգեյի Ղարիբյանին, Մանուշակ Հակոբի Ղարիբյանին, Սասուն Սեյրանի Ղարիբյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը: Սակայն, այս պարագայում խախտվում է Վարազդատ, Մովսես, Արման Ադամյաններին, Սիլվա Հունանյանին պատկանող հողամասի տեղակայման դիրքը ըստ կադաստրային քարտեզի»:

Նշված երկու ապացույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ.

1. ըստ տեղագրական հանույթի` հայցվորի և պատասխանողի հողամասերը համադրվում են,

2. փորձագետի եզրակացության համաձայն` պետական գրանցում ստացած իրավիճակի հատակագծի վիճելի հողամասերը (կադաստրային քարտեզում ամրագրված իրավիճակի հատակագիծ) չեն համադրվում,

3. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Վարազդատ, Մովսես և Արման Ադամյաններին ու Սիլվա Հունանյանին պատկանող հողամասի համադրման կամ չհամադրման հանգամանքը կարող է պարզվել միայն փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի սահմաններն իրավասու մարմնի կողմից ճշգրտելուց հետո, որը դուրս է շինարար փորձագետի իրավասության սահմաններից,

4. փորձագետի եզրակացության համաձայն` պատասխանողների կողմից փաստացի օգտագործվում է 18,2 քմ մակերեսով հողամաս, որը կադաստրային քարտեզի համաձայն` հանդիսանում է հայցվորներին ընդհանուր բաժնային իրավունքով պատկանող հողամաս:

Այսինքն` նշվածից հետևում է, որ առկա են երկու հակասական տեղեկություններ պարունակող ապացույցներ, որոնք պատշաճ գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջը: Միաժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվոր կողմի ներկայացրած 30.03.2021 թվականի տեղագրական հանույթը և պատասխանողի կողմից ներկայացված «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 փորձագետի եզրակացությունն ունեն հակասական բովանդակություն, այդուհանդերձ` այդ հակասությունը բացահայտելու համար վերաբերելիության և թույլատրելիության առումով երկու հավասարազոր ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների պահանջներին համապատասխան հետազոտման ու գնահատման չեն արժանացել:

Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, գործում առկա 30.03.2021 թվականի տեղագրական հանույթի և «ԷՔՍՊԵՐՏ ՍՎՍ» ՍՊԸ-ի թիվ 03-03-22 փորձագիտական եզրակացության միջև առկա է հակասություն, որն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը: Ավելին` փորձագետի եզրակացությամբ նշվել է նաև, որ առաջադրված հարցերին հնարավոր չէ լիարժեք պատասխան տալ, քանի որ վիճելի հողամասի համադրման կամ չհամադրման հանգամանքը կարող է պարզվել միայն փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի սահմաններն իրավասու մարմնի կողմից ճշգրտելուց հետո, որը դուրս է շինարար փորձագետի իրավասության սահմաններից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունն ու բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները բացահայտելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու և դրանց ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Տվյալ դեպքում, Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների միջև եղած հակասությունը պարզելու և դրա արդյունքում հայցվորի կողմից ներկայացված փաստի առկայությունը կամ բացակայությունը բացահայտելու համար, պետք է օգտվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունից, այն է` իր նախաձեռնությամբ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն գործով ձեռք բերված ապացույցների միջև հակասությունը պարզելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ կրկնակի փորձաքննություն նշանակելը դատարանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջի պահպանման առումով, ելնելով գործի հանգամանքներից ու իրականացնելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու պարտականությունը, դատարանը պետք է օգտվեր իր հայեցողական լիազորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից:

Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ դատարանն ապացույցները գնահատում է ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ: Միևնույն ժամանակ օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների համապարփակ գնահատումը միայն կարող է բացահայտել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում թույլ տալ որոշել ապացույցների հավաստիությունը: Եթե դատարանի կամ գործին մասնակցող անձանց մոտ կասկածներ են ծագում` կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության հետ, այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել` գործով ձեռք բերված ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու, փաստաթուղթը կազմելու և դրա բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու հանգամանքը պարզելու, անհրաժեշտության դեպքում փորձաքննություններ նշանակելու և մասնագետներ հրավիրելու միջոցով:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ստորադաս դատարանների կողմից դատավարական խախտում թույլ տված լինելու մասին բողոքաբերի փաստարկը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի նյութերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում խախտվել է բողոքաբերի իրավունքները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առկա են երկու հակասական և հավասարազոր տեղեկություններ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Դատարանը, պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի դրույթները, պետք է նշանակի կրկնակի փորձաքննություն` պարզելու, թե արդյո՞ք հայցվորների և պատասխանողների հողամասերի միջև առկա է համադրում, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ չափով, որից հետո միայն հնարավոր կլինի հանգել համապատասխան եզրահանգման:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատական ակտը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության և գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 13 հոկտեմբերի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=27303072741080710

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.10.2023
N ԱՎԴ2/1332/02/21
Որոշում