Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ԵՎ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԿԴ1/0244/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0244/02/17        2023 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

    Դատավորներ`        Կ. Համբարձումյան

                       Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հոկտեմբերի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ Շմավոն Համբարձումյանի հայցի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի, երրորդ անձինք Ընկերության և ՀՀ ջրային կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Շմավոն Համբարձումյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 12.04.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 01.07.2019 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, բավարարվել է` Ընկերությունը ներգրավվել է որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, բավարարվել է` Կոմիտեն ներգրավվել է որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով:

Դատարանի 18.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը` վճռի շրջադարձ կատարելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ս. Իսոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սույն գործով 11.09.2017 թվականին կայացված և ի կատար ածված վճիռը բեկանվել է, մինչդեռ վերաքննության փուլում դատական ակտի շրջադարձ չի կատարվել` չնայած ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող էր ինքնուրույն անդրադառնալ այդ հարցին: Նման պայմաններում վճռի շրջադարձ պետք է կատարեր նոր դատական ակտ կայացրած դատարանը, այն է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:

Ընդ որում, շրջադարձ կատարելու անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ դրանով շոշափվում են Ընկերության իրավունքները և օրինական շահերը, քանի որ անվիճելի է այն փաստը, որ տվյալ հատվածով անցնում են ջրամատակարարման խողովակներ, իսկ դրանց շահագործումն իրականացնում է Ընկերությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքնուրույն պահանջներ չներկայացնող անձինք ևս իրավունք ունեն դիմելու դատարան` վճռի շրջադարձ կատարելու պահանջով, քանի որ «պարտապան» եզրույթի տակ պետք է հասկանալ ցանկացած շահագրգիռ անձի, ով մասնակցել է դատավարությանը, իսկ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը հենց այն շահագրգիռ անձանցից է, ում իրավունքները և օրինական շահերը շոշափվում են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.10.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Ընկերության դիմումը բավարարել:

 

2.1. ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է և համապատասխանում է օրենքին:

Սույն քաղաքացիական գործի շրջանակներում կնքվել է հաշտության համաձայնություն` հաշվի առնելով, որ հայցվոր Շմավոն Համբարձումյանը շուրջ 30 տարի տիրապետում և օգտագործում է գույքը, ու որևէ մեկը հավակնություն չունի այդ գույքի նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Շմավոն Համբարձումյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հետևյալ բովանդակությամբ հաշտության համաձայնությունը`

«(...)

1. Ես` հայցվոր` Շմավոն Հրանտի Համբարձումյանս համաձայնվում և հաշտվում եմ առ այն, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար` Ա. Սահակյանի կողմից ստորագրվի սույն համաձայնագիրը, այն մասին, որ նա, որպես համայնքի ղեկավար չի առարկում, որպեսզի Կոտայքի մարզ, Գառնի ձորում գտնվող 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվի իմ սեփականության իրավունքը:

2. Ես` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար` Ա. Սահակյանս ընդունում եմ, որ 1991 թվականից առ այսօր Շմավոն Հրանտի Համբարձումյանի կողմից օգտագործվում է Կոտայքի մարզ, Գառնի ձորում գտնվող 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքները և համաձայն եմ, որպեսզի այդ տարածքների նկատմամբ ճանաչվի Շմավոն Հրանտի Համբարձումյանի սեփականության իրավունքը:

(...)»:

Նշված քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 2-6, 29-31).

2) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի և նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0018 ծածկագրով 0,4021հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 14, 15).

3) Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 07-021-0398-0001 ծածկագրով 0,2771 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը «վերագրանցվել է Գառնի գյուղի բնակիչ Շմավոն Համբարձումյանին», և որպես սեփականություն Կադաստրի կոմիտեի կողմից տրվել է թիվ 07-021-0398-0023 ծածկագրով թիվ 19022018-07-0062 սեփականության իրավունքի վկայական (հատոր 4-րդ, գ.թ. 52).

4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի և նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0023 ծածկագրով 0,2771հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 59).

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ստորադաս դատարան` նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից հիմնավորվել է (ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով) վկայակոչված այն փաստը, որ սույն գործով Հայցվորի կողմից պահանջված հողամասը` հնարավոր է համադրվել է Կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքն` բողոքարկվող դատական ակտն առնչվում է Կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 109-111, 219-222).

6) գործի նոր քննության ընթացքում Ընկերության կողմից ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություն:

Դատարանը 01.07.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու և Ընկերությանը սույն քաղաքացիական գործով որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով ապագայում կայացվելիք դատական ակտը կարող է ազդել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրավունքների և պարտականությունների վրա: Հետևաբար` վերջինս պետք է մասնակցություն ունենա գործով ընթացող դատավարությանը` հնարավորություն ունենալով արտահայտել իր իրավական դիրքորոշումը: Վերը նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացվող վճիռը կարող է առնչվել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության իրավունքներին» (հատոր 3-րդ, գ.թ. 15-19, 68-72).

7) գործի նոր քննության ընթացքում հայցվոր Շմավոն Համբարձումյանը ներկայացրել է հայցից հրաժարվելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն:

Դատարանը 25.02.2021 թվականին որոշում է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 7-րդ, գ.թ. 4, 51-57).

8) Ընկերությունը ներկայացրել է վճռի շրջադարձ կատարելու մասին դիմում` պահանջելով վերը նշված անշարժ գույքի` հողամասերի նկատմամբ վերականգնել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականությունը` այն պատճառաբանելով նրանով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 15.10.2018 թվականի որոշմամբ բեկանված լինելու պայմաններում դատական ակտի շրջադարձ չի կատարվել, ուստի շրջադարձը պետք է կատարի նոր դատական ակտ կայացրած դատարանը` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որի անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ դրանով շոշափվում են Ընկերության իրավունքները և օրինական շահերը` նկատի ունենալով, որ տվյալ հատվածով անցնում են ջրամատակարարման խողովակներ, որոնց շահագործումն իրականացնում է Ընկերությունը:

Դատարանի 18.05.2021 թվականի որոշմամբ վճռի շրջադարձ կատարելու մասին Ընկերության դիմումը մերժվել է (հատոր 8-րդ, գ.թ. 2-10, 79-95).

9) Վերաքննիչ դատարանի 28.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 9-րդ, գ.թ. 86-91):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Դատական ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակին` միևնույն ժամանակ անդրադառնալով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու հնարավորությանը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:

Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը: (...): Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար պարտադիր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) գործով կայացված վճիռն ի կատար է ածվել,

2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության` նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Papamichalopopuulos v. Greece) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):

ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ` կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը` գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը` քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն` վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում` այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նաև արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարևոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ և 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով: (...):

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն` դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`

1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և

2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները և օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է` վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս ըստ Նինա Չալտիկյանի դիմումի` ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը):

Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է: Այսինքն` բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված և տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ (տե՛ս Արսեն Չիչյանն ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի և մյուսների` թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են գործին մասնակցող անձինք (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով` մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և օրենքով իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Ավելին, հայցվորի պահանջների բավարարումը պատասխանողի կողմում հանդես եկող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի համար անցանկալի է, դրա արդյունքում նրա փաստացի և իրավական վիճակը կարող է էականորեն վատթարանալ (տե՛ս Աշոտ Հակոբյանն ընդդեմ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՐԱԴ/1190/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը, Համլետ Չափարյանն ընդդեմ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՐԱԴ/1197/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց թվին է դասել նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց, ովքեր կարող են հանդես գալ կա՛մ հայցվորի, կա՛մ պատասխանողի կողմում և օգտվել նրանց իրավունքներից ու կրել նրանց պարտականությունները, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասում նշված իրավունքներից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումների համատեքստում բացահայտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «պարտապան» եզրույթը` Վճռաբեկ դատարանը, զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված դիրքորոշման մեջ օգտագործված «շահագրգիռ կողմ» արտահայտությունը, արձանագրում է, որ թեկուզև վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով վերապահված է բացառապես նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «պարտապան» հանդիսացող կատարողական վարույթի կողմին, ով, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից, այդուհանդերձ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը պետք է ընձեռել ինչպես այն պատասխանող-պարտապանին, ով կամովին կատարել է դատական ակտը, այնպես էլ այն անձանց, ովքեր թեև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով ուղղակիորեն չեն հանդիսանում պարտապան, սակայն քաղաքացիական դատավարությունում ներգրավված լինելով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, օգտվել են կողմի, տվյալ դեպքում` պատասխանողի իրավունքներից և կրել նրա պարտականությունները, բացի նույն հոդվածով նախատեսված իրավունքներից` պայմանով, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հաստատապես ազդել է նրանց իրավունքների ու օրինական շահերի վրա` վերջիններիս համար հանդիսանալով անցանկալի և նրանց փաստացի ու իրավական վիճակը վատթարացնող:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ պարտապան չհանդիսացող, սակայն պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված անձի կողմից ներկայացվում է վճռի կատարման շրջադարձի մասին դիմում, դատարանները պարտավոր են, վերը նշված պարտադիր պայմանների առկայությունը պարզելուց բացի, նաև պարզել այդ անձի` վերը նշված դիրքորոշումների համատեքստում շահագրգիռ լինելու հանգամանքը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Շմավոն Համբարձումյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Գառնի համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով, ըստ էության, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանը, ընդունելով, որ 1991 թվականից Շմավոն Համբարձումյանն օգտագործել է Կոտայքի մարզ, Գառնի ձորում գտնվող 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերով տարածքները, համաձայնվել է, որ այդ տարածքների նկատմամբ ճանաչվի Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը: Նշված քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Վերը նշված վճռի, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի և նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0018 ծածկագրով 0,4021հա մակերեսով ու 07-021-0398-0023 ծածկագրով 0,2771հա մակերեսով հողամասերի նկատմամբ: Այսինքն` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռն ի կատար է ածվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ստորադաս դատարան` նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից հիմնավորվել է (ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով) վկայակոչված այն փաստը, որ սույն գործով Հայցվորի կողմից պահանջված հողամասը` հնարավոր է համադրվել է Կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքն` բողոքարկվող դատական ակտն առնչվում է Կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»: Այսինքն` ի կատար ածված` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության ընթացքում Ընկերության կողմից ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություն, որը Դատարանի 01.07.2019 թվականի որոշմամբ բավարարվել է, և Ընկերությունը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով ապագայում կայացվելիք դատական ակտը կարող է ազդել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրավունքների և պարտականությունների վրա: Հետևաբար` վերջինս պետք է մասնակցություն ունենա գործով ընթացող դատավարությանը` հնարավորություն ունենալով արտահայտել իր իրավական դիրքորոշումը: Վերը նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացվող վճիռը կարող է առնչվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրավունքներին»:

Գործի նոր քննության ընթացքում հայցվոր Շմավոն Համբարձումյանը ներկայացրել է հայցից հրաժարվելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն, որի հիման վրա Դատարանը 25.02.2021 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվելուց հետո գործի վարույթը կարճվել է, և նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը:

Այնուհետև Ընկերությունը վճռի շրջադարձ կատարելու մասին դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերը նշված անշարժ գույքի` հողամասերի նկատմամբ վերականգնել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականությունը` այն պատճառաբանելով նրանով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 15.10.2018 թվականի որոշմամբ բեկանված լինելու պայմաններում դատական ակտի շրջադարձ չի կատարվել, ուստի շրջադարձը պետք է կատարի նոր դատական ակտ կայացրած դատարանը` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որի անհրաժեշտությունը բխում է նաև այն հանգամանքից, որ դրանով շոշափվում են Ընկերության իրավունքները և օրինական շահերը` նկատի ունենալով, որ տվյալ հատվածով անցնում են ջրամատակարարման խողովակներ, որոնց շահագործումն իրականացնում է Ընկերությունը:

Դատարանը, պատճառաբանելով, որ ««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզ, Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0001 և 07-021-0398-0018 ծածկագրերով հողամասերի նախկին սեփականատերը չի հանդիսանում: Թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով պատասխանող (պարտապան) է հանդիսանում Գառնի համայնքը: Մինչդեռ, վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմում է ներկայացրել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը», «վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել պարտապանը (գույքի նախկին սեփականատերը)», 18.05.2021 թվականին որոշում է կայացրել վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ Ընկերության դիմումը մերժելու մասին:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործով հայցվորը հանդիսացել է Շմավոն Հրանտի Համբարձումյանը, իսկ պատասխանողը` Գառնի համայնքը, (...), «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սույն գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` պատասխանողի կողմում, (...), սույն գործով վճռի կատարման շրջադարձ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ կարող էր հանդես գալ միայն պատասխանող Գառնի համայնքը, քանի որ հայցվոր Շմավոն Հրանտի Համբարձումյանի կողմից Դատարանում ներկայացված հայցադիմումի նյութաիրավական պահանջն ի սկզբանե ուղղված է եղել Գառնի համայնքին (...)», 28.10.2021 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 18.05.2021 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Դատարանը 01.07.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու և վերջինիս սույն քաղաքացիական գործով որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում հաստատված համարելու, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հնարավոր է ազդեր նրա իրավունքների ու օրինական շահերի վրա` վերջինիս համար հանդիսանալով անցանկալի և նրա փաստացի ու իրավական վիճակն էականորեն վատթարացնող: Հակառակ պարագայում Դատարանը որոշում կկայացներ Ընկերության միջնորդությունը մերժելու մասին` այն հիմնավորելով նրանով, որ բացակայում են վերջինիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավական հիմքերը:

Վերաքննիչ դատարանը վերը նշված հանգամանքներն անտեսել է և, ըստ էության, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելը բացառապես պայմանավորել է նրանով, որ վճռի կատարման շրջադարձ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ կարող էր հանդես գալ միայն պատասխանող Գառնի համայնքը, ում ի սկզբանե ուղղված է եղել հայցադիմումում նշված նյութաիրավական պահանջը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեկուզև Ընկերությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով չի հանդիսացել պարտապան, այդուհանդերձ հնարավոր է, որ վերը նշված դիրքորոշումների համատեքստում հանդիսանար նման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձ, որպիսի հանգամանքն ստորադաս դատարանները չեն պարզել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` վերը նշված դիրքորոշումների հաշվառմամբ քննարկելու վճռի շրջադարձ կատարելու մասին Ընկերության դիմումը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 հոկտեմբերի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16325548649260993

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.10.2023
N ԿԴ1/0244/02/17
Որոշում