Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 279-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 279-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԳԴ4/0016/01/18

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Լ. Աբգարյան

    Դատավորներ`        Ռ. Բարսեղյան

                       Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

11 նոյեմբերի 2022 թվական ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի և տուժողի իրավահաջորդ Ս. Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել Գևորգ Ավետիքի Աղաբեկյանի ջրահեղձման վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Ս. Մնացականյանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացվել է, և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 50200617 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ, Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2018 թվականի մայիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռով, Վ. Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Վ. Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

3. Դատախազ Է. Հարությունյանի և տուժողի իրավահաջորդ Ս. Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանը և տուժողի իրավահաջորդ Ս. Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանը:

Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ բողոքներն ընդունվել են վարույթ(1), և 2022 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության բանավոր ընթացակարգ:

_______________________________

1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի բողոքի փաստարկները.

5. Բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանները, դատական ակտերը կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերի համոզմամբ` իրավաչափ չի կարող դիտվել ստորադաս դատարանների այն իրավական եզրահանգումը, որ Վ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, քանզի վերջինիս մեղադրանք է առաջադրվել ոչ թե պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այլ վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքի` տվյալ դեպքում ջրահեղձման եղանակով անձի մահվան համար: Ընդ որում, նշված պարտականությունը բխում է ոչ թե քաղաքացիական գործարքից, այլ ՀՀ Կառավարության N 1583 որոշումից:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ` գործի քննության ընթացքում ձեռք բերված տվյալներն առ այն, որ տուժող Գ. Աղաբեկյանը դեպքի ժամանակ օգնություն չի կանչել, չեն կարող ինքնին հիմնավոր փաստարկ համարվել` խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառական կապի բացակայության մասին եզրահանգման համար, քանզի փրկարար ծառայության առկայությունը ապահովում է հնարավոր վտանգավոր ցանկացած իրավիճակների ժամանակին արձանագրումը և անձին ջրահեղձումից փրկելուն ուղղված ամբողջական հնարավոր միջոցառումների իրականացումը:

Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը, մեխանիկորեն վերաշարադրելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված և դատավճռի հիմքում դրված ապացույցները, առանց որևէ հիմնավոր իրավական վերլուծության և եզրահանգման, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում բավարար չափով ամրագրել է թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթակա այն ապացույցները, որոնց վրա հիմնված են եղել դատարանի հետևությունները:

5.1. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

II. Տուժողի իրավահաջորդ Սաթիկ Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի բողոքի փաստարկները.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես` բողոքաբերի պնդմամբ, ամբաստանյալ Վ. Գրիգորյանի և «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված թիվ 586-081 պայմանագրի 2-րդ գլխի 5.5-րդ կետի խախտման հետևանքով է առաջացել Գ. Աղաբեկյանի մահը, ուստի ստորադաս դատարաններն անտեսել են այն փաստը, որ այդ նույն պայմանագրի կնքման արդյունքում է ամբաստանյալ Վ. Գրիգորյանն իրականացրել իր գործունեությունը և եթե վերջինս չստանձներ լողափի անվտանգ շահագործմանն ուղղված նշված պարտավորությունը, ապա չէր կարող իրականացնել լողափի շահագործումը:

6.1. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության կամ Վաղարշակ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգիրք 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում:

 

Վճռաբեկ բողոքների պատասխանը.

7. Ամբաստանյալ Վ. Գրիգորյանի պաշտպան Ա. Սարգսյանը վճռաբեկ բողոքների պատասխանում նշել է, որ Վ. Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում կասկած չի հարուցում:

Ըստ պաշտպանի` ստորադաս դատարանները եկել են ճիշտ հետևության` Վ. Գրիգորյանի կողմից շահագործվող լողափում փրկարար ծառայության բացակայության և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև պատճառական կապի բացակայության վերաբերյալ:

Պաշտպանը նշել է, որ քրեական հետապնդման մարմինները Վ. Գրիգորյանին մեղադրանք են առաջադրել այնպիսի արարքի կատարման համար, որը որոշակիորեն սահմանված չէ ոչ միայն քրեական օրենսդրությամբ, այլ նաև իրավունքի մյուս ոլորտները կարգավորող իրավական ակտերով:

7.1. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա. Սարգսյանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի և տուժողի իրավահաջորդ Ս. Աղաբեկյանի ներկայացուցիչ Ն. Մկրտչյանի վճռաբեկ բողոքները մերժել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վաղարշակ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի տնօրեն իր և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2006 թվականի օգոստոսի 11-ին կնքված, Ծովագյուղ-»Արևիկ» առողջարան վայրում գտնվող հողամասի վարձակալության թիվ 586-081 պայմանագրի 2-րդ գլխի 5.5 կետի ուժով պարտականություն ունենալով բացառելու այդ լողափի շահագործումը առանց փրկարար ծառայության, չի կատարել նշված պայմանագրով իր վրա դրված այդ պարտականությունը` մատուցելով նշված լողափում հանգստացողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն: 2017 թվականի օգոստոսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, հիշյալ լողափում հանգստացող Գևորգ Ավետիքի Աղաբեկյանը Սևանա լճի այդ հատվածում լողանալու ժամանակ խեղդվելիս է եղել և փրկարար ծառայության բացակայությունը անզգուշությամբ առաջացրել է Գևորգ Աղաբեկյանի մահը` նա ջրահեղձ է եղել»(2):

_______________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 285:

 

9. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռի համաձայն` «(...) Մեղադրանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել երկկողմ կնքված պայմանագրի կետի խախտմամբ ծառայությունների մատուցման համար, որն անզգուշությամբ առաջացրել է Գևորգ Աղաբեկյանի մահը: Այսինքն` Վաղարշակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման համար: Մեղադրանքում նշված չէ, թե հանգստացողների կյանքի և առողջության անվտանգության, որ պահանջներին չհամապատասխանող ծառայություններ են մատուցվել և այդ պահանջները հատկապես, որ իրավական ակտով են սահմանված:

Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը կառուցված է ամբաստանյալի կողմից պայմանագրի կետի խախտման փաստի արձանագրմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է Գևորգ Աղաբեկյանի մահը: Պայմանագրային պարտավորության խախտումը ինքնին չի կարող բերել քրեական պատասխանատվության: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի համար 1563-Ն որոշմանը, համաձայն որի 11-րդ կետի 5-րդ ենթակետի սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ լողափի և բուֆերային գոտիներում գտնվող տարածքների նկատմամբ կնքվող համապատասխան պայմանագրերում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործման բացառման պահանջի պահպանման հետ, ապա հարկ է նշել, որ նշված որոշմամբ սահմանվում է կողմերի միջև կնքվող պայմանագրի ձևին վերաբերվող պահանջներ և նշված չեն սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներ: Դեռ ավելին` 2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարը գրությամբ հայտնել է, որ ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի համար 1563-Ն որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման և այլ իրավական ակտ, ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարը 2018 թվականի ապրիլի 05-ի գրությամբ հայտնել է նաև, որ` համաձայն ՀՀ օրենսդրության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված Սևանա լճի լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր չի կարող կնքել: Միաժամանակ նշել է, որ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-N որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման և այլ իրավական ակտ ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: Փաստորեն` չունենալով լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգ, ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարման համար:

Անդրադառնալով մեղադրանքում առկա մյուս ձևակերպմանը` 2017 թվականի օգոստոսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, հիշյալ լողափում հանգստացող Գևորգ Ավետիքի Աղաբեկյանը Սևանա լճի այդ հատվածում լողանալու ժամանակ խեղդվելիս է եղել և փրկարար ծառայության բացակայությունը անզգուշությամբ առաջացրել է Գևորգ Աղաբեկյանի մահը` նա ջրահեղձ է եղել, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «խեղդվելիս է եղել» բառակապակցությունն իրենից ենթադրում է մինչև խեղդվելն ինչ-որ իրավիճակ, որը կվկայեր, որ անձը հնարավոր է քիչ անց խեղդվի: Սակայն քրեական գործով հետազոտված ապացույցներում այդ իրավիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, դեռ ավելին, Գևորգ Աղաբեկյանին ջրահեղձ լինելու նախորդող ժամանակահատվածում տեսած անձինք հստակ ցուցմունք են տվել, որ Գևորգ Աղաբեկյանը մտել է լիճ լողալու և այլևս լճում չի երևացել, այսինքն` մինչև խեղդվելը ինչ-որ իրավիճակում գտնվելու, մասնավորապես օգնություն կանչելու, սուզվել բարձրանալու, կամ որևէ շարժումներ անելու վերաբերյալ, որը կվկայեր, որ Գևորգ Աղաբեկյանը խեղդվում է, գործում առկա չեն:

Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև ամբաստանյալին առաջադրված հանցագործության օբյեկտիվ կողմին, մասնավորապես` հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքի միջև պատճառական կապին: (...)

Դատարանն արձանագրում է, որ Գևորգ Աղաբեկյանի մահը ոչ թե վրա է հասել Վաղարշակ Գրիգորյանի գործողության կամ անգործության հետևանքով, մասնավորապես` փրկարարական ծառայության բացակայության պայմաններում լողափի շահագործման հետևանքով, այլ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը պայման է հանդիսացել Գևորգ Աղաբեկյանի ջրահեղձման համար: Դատարանը գտնում է, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև բացակայում է պատճառական կապը:

Ելնելով վերոգրյալներից Դատարանը գտնում է, որ Վաղարշակ Գրիգորյանի արարքում բացակայում է իրեն առաջադրված մեղադրանքի հանցակազմի օբյեկտիվ կողմը (...)»(3):

_______________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 188-189:

 

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Վաղարշակ Գրիգորյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հետևության հանգելու ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը բխում է Առաջին ատյանի դատարանի պատշաճ իրավական ընթացակարգով հաստատված այն հանգամանքներից, որ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի համար 1563-Ն որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման և այլ իրավական ակտ, ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ գոյություն չունի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը հիմնավոր հետևության է հանգել առ այն, որ փաստորեն լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգի բացակայության պայմաններում` ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարման համար:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշմանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ այն սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին վերաբերող ծառայությունների մատուցման կարգ չի սահմանում, որի հետ չհամաձայնելու հիմքեր առկա չեն:

Վերաքննիչ դատարանը, շեշտելով, որ դատարանն իրավասու չէ դուրս գալ դատական քննության` մեղադրական եզրակացությամբ նախանշված սահմաններից, սույն գործով կարևոր է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում նշված չէ, թե սպառողների` տվյալ դեպքում` հանգստացողների կյանքի և առողջության անվտանգության ո՞ր պահանջներին չհամապատասխանող ծառայություններ են մատուցվել և այդ պահանջները հատկապես ո՞ր իրավական ակտով են սահմանված: Տվյալ դեպքում, եթե դատարանն ինքը մատնանշեր կոնկրետ պահանջների խախտման հանգամանքը, ապա կիրականացներ քրեական հետապնդման գործառույթ` այդպիսով խախտելով մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի սկզբունքները, ինչպես նաև մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքը: Հետևաբար այս առումով ևս Առաջին ատյանի դատարանը գործել է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում, իսկ վերաքննիչ բողոքների հիմնավորումներն անհիմն են:

Ինչ վերաբերում է պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ վերոնշյալ հետևությունները թեև բավարար են Վ. Գրիգորյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելու համար, սակայն հարկ է նաև նշել, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև պատճառահետևանքային կապի հարցը և այդ մասով ևս իր դատական ակտը պատճառաբանել է անհրաժեշտ և բավարար փաստարկումներով, որոնց հետ չհամաձայնելու և բողոքաբերի պնդումներն ընդունելի համարելու հիմքեր չկան (...)»(4):

_______________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 44:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունները` ամբաստանյալ Վ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «1. Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը (...)

2. Նույն արարքները, որոնք`

(...)

3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ (...)»:

12.1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

13. Վճռաբեկ դատարանն Ատոմ Մանուկյանի գործով(5) իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կարող է դրսևորվել բազմազան ձևերով` շինարարական, վերանորոգման, բեռնափոխադրման, բժշկական և այլ աշխատանքներ կատարելով ու ծառայություններ մատուցելով: Ծառայությունների մատուցումը գործունեություն է, որը կապված չէ նյութական արտադրանքի ստեղծման հետ, սակայն ուղղված է որոշակի պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, ծառայությունների մատուցում են հանդիսանում ուղևորափոխադրումը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, ինչպես նաև բժշկական, հյուրանոցային և այլ ոլորտներում իրականացվող բազմաբևեռ գործունեությունը:

_______________________________

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ատոմ Մանուկյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 16-17-րդ կետերը:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության` ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին առաջադրվող պահանջները սահմանվում են տարբեր ստանդարտներով (պետական, միջազգային, առանձին կազմակերպությունների և այլն), սանիտարական նորմերով և կանոններով, հիգիենիկ նորմատիվներով, շինարարական նորմերով և սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներ նախատեսող այլ նորմատիվ ակտերով: Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող են համարվում այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց սպառողական հատկությունները, որակը և արդյունքները, ինչպես նաև դրանց կատարման կամ մատուցման ընթացքը չեն համապատասխանում նշված նորմատիվ փաստաթղթերին, և դրանց իրականացումը կարող է վնաս հասցնել որոշակի անձանց առողջությանը կամ պատճառել մահ:

13.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հանցակազմը և դրա որակյալ տեսակը նյութական հանցակազմեր են, այսինքն` ավարտված հանցագործության առկայությունն օրենսդիրը կապում է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման հետ: Այլ կերպ, դրանց օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանդիսանում` արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքը, արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում անդրադառնալ հետևյալ հարցերին`

- հանցավորի արարքը ժամանակային առումով նախորդե՞լ է հետևանքի (հանցավոր արդյունքի) առաջացմանը, թե` ոչ,

- հանցավորի արարքն արդյո՞ք հետևանքի առաջացման անհրաժեշտ պայման է (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետևանքը վրա չէր հասնի), թե` ոչ,

- հանցավորի արարքը կոնկրետ իրադրության մեջ տվյալ հետևանքն առաջացնելու իրական հնարավորություն պարունակե՞լ է, թե հետևանքն առաջացել է նրա արարքի հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:

Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի` արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառական կապի առկայության մասին հնարավոր է հետևության հանգել միայն վերոնշյալ երեք հարցերին դրական պատասխան տալու դեպքում: Հակառակ պարագայում, պետք է արձանագրել, որ բացակայում է համապատասխան պատճառական կապը, հետևաբար նաև` հանցակազմի օբյեկտիվ կողմը(6):

_______________________________

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԳԴ5/0004/01/16 որոշումը:

 

13.2. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով(7):

_______________________________

7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` այն բանի համար, որ նա, պարտականություն ունենալով բացառելու «Արևիկ առողջարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լողափի շահագործումն առանց փրկարար ծառայության, չի կատարել նշված պայմանագրով իր վրա դրված այդ պարտականությունը` մատուցելով նշված լողափում հանգստացողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն, և փրկարար ծառայության բացակայությունն անզգուշությամբ առաջացրել է Գևորգ Աղաբեկյանի մահը(8),

_______________________________

8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, Վ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ մեղադրանքը կառուցված է վերջինիս կողմից պայմանագրի կետի խախտման փաստի արձանագրմամբ, մինչդեռ պայմանագրային պարտավորության խախտումն ինքնին չի կարող բերել քրեական պատասխանատվության: Անդրադառնալով ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշմանը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այդ որոշմամբ սահմանվում են կողմերի միջև կնքվող պայմանագրի ձևին վերաբերող պահանջներ և դրանում նշված չեն սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներ, իսկ ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-ն որոշումից բխող գործող կարգ, հրահանգ, հրաման և այլ իրավական ակտ` ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման վերաբերյալ, գոյություն չունի, ուստի չունենալով լողափերում և բուֆերային գոտիներում փրկարարական ծառայության կազմակերպման կարգ` ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այդ պահանջների չկատարման համար:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Գևորգ Աղաբեկյանի մահը վրա է հասել ոչ թե Վաղարշակ Գրիգորյանի գործողության կամ անգործության հետևանքով, մասնավորապես` փրկարարական ծառայության բացակայության պայմաններում լողափի շահագործման հետևանքով, այլ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը պայման է հանդիսացել Գևորգ Աղաբեկյանի ջրահեղձման համար, ուստի փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև բացակայում է պատճառական կապը(9):

_______________________________

9) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ(10):

_______________________________

10) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն հետևությունները, որ Վ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է վերջինիս կողմից պայմանագրի կետի խախտման փաստի վրա, իսկ պայմանագրային պարտավորության խախտումը ինքնին չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության, հիմնավոր չէ, քանզի ամբաստանյալ Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե զուտ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, այլ դրա արդյունքում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, այն է` փրկարարական ծառայության բացակայության պայմաններում լողափը շահագործելու համար: Ընդ որում` այդ պահանջը հստակ սահմանված է իր տնօրինության տակ գտնվող ընկերության և «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված` հողամասի վարձակալության պայմանագրի համապատասխան կետով, որն էլ բխում է ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշումից:

16. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Վ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայության հարցը:

Նախ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գ. Աղաբեկյանի մահվան միջև բացակայում է պատճառական կապը, հիմնված է Առաջին ատյանի դատարանի հակասական պատճառաբանությունների վրա: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով հանդերձ, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործումը Գ. Աղաբեկյանի ջրահեղձման պայման է հանդիսացել, և փաստացի հաստատելով պատճառահետևանքային կապը, հանգել է դրան հակադրվող հետևության: Այլ կերպ, Առաջին ատյանի դատարանը միաժամանակ արձանագրել է պատճառական կապի և՛ առկայությունը, և՛ բացակայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փրկարարական ծառայության բացակայությամբ լողափի շահագործման և Գևորգ Աղաբեկյանի մահվան միջև պատճառական կապի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն, քանզի փրկարար ծառայության առկայությունը լողափի շահագործման համար պարտադիր պահանջ նախատեսելն ինքնին վկայում է, որ դրա նպատակը լողափի շահագործման ընթացքում հնարավոր ցանկացած վտանգավոր հետևանքների կանխումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, անտեսելով վերոնշյալ հանգամանքը, պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել պատճառահետևանքային կապի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ այն հարցերը, թե հանցավորի արարքն արդյո՞ք հետևանքի առաջացման անհրաժեշտ պայման է (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետևանքը վրա չէր հասնի), թե` ոչ, ինչպես նաև հանցավորի արարքը կոնկրետ իրադրության մեջ տվյալ հետևանքն առաջացնելու իրական հնարավորություն պարունակե՞լ է, թե հետևանքն առաջացել է նրա արարքի հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունները` ամբաստանյալ Վ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ, հիմնավորված չեն:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ամբաստանյալ Վ. Գրիգորյանի մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են ամբաստանյալ Վ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Վաղարշակ Բաբկենի Գրիգորյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                   Նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   Մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 նոյեմբերի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=33495522228603160

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.11.2023
N ԳԴ4/0016/01/18
Որոշում