Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/40776/02/22

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40776/02/22        2023 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հոկտեմբերի 3-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Նարինե Եգորյանի հայցի ընդդեմ Գուրգեն Աղաջանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին, և ըստ Գուրգեն Աղաջանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նարինե Եգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նարինե Եգորյանը պահանջել է Գուրգեն Աղաջանյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի թիվ 34/2 հասցեում գտնվող ավտոտնակը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գուրգեն Աղաջանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի թիվ 34/2 հասցեում գտնվող հողամասից 19 քմ մակերեսի նկատմամբ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.10.2022 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել են:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Աղաջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 119-րդ և 361-րդ հոդվածները, 362-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկը, որ Դատարանի 24.10.2022 թվականի որոշման` իր օրինակը Դատարանի աշխատակազմը սխալմամբ ուղարկել է հայցվորի ներկայացուցչի հասցեով: Հակընդդեմ հայցադիմումում և գործի նյութերում ինքը նշել է «ք. Երևան Աճառյան 34 շ., 23 բն.» հասցեն, սակայն Դատարանի 24.10.2022 թվականի որոշման իր օրինակն ուղարկվել է ոչ թե նշված հասցեով, այլ «ք. Երևան Կիևյան 4-15» հասցեով, որը սկզբնական հայցվորի ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի հասցեն է: Նշված որոշումն ինքն ստացել է Դատարանի աշխատակազմին դիմելուց հետո` 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել է համապատասխան գրառում:

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Դատարանի 24.10.2022 թվականի որոշման օրինակն իր բնակության և հաշվառման հասցեով չի ուղարկվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքը 06.02.2023 թվականին ներկայացվելու պայմաններում ինքը պահպանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետը, այնուամենայնիվ միջնորդել է հարգելի ճանաչել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն, քանի որ 24.10.2022 թվականին կայացված որոշման դեմ բողոքը բերվել է 06.02.2023 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նարինե Եգորյանի ներկայացրած հայցադիմումում որպես իր և իր ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցե նշվել է «ՀՀ, ք Երևան, Կիևյան 4-15» (գ.թ. 5).

2) Գուրգեն Աղաջանյանը հակընդդեմ հայցադիմումում է ներկայացրել Դատարան` դրանում որպես իր հաշվառման և բնակության վայրի հասցե նշելով «ք. Երևան, Աճառյան 34 շենք, բն. 23» (գ.թ. 22).

3) Դատարանի 26.10.2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ հակընդդեմ հայցադիմումը, կից փաստաթղթերը և Դատարանի 24.10.2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք. Երևան, Կիևյան 4-15» հասցեով: Ստացման հավաստագրի (փոստային ծածկագիրը` AL0106773067AM) վրա առկա են «29.11.» գրառում և ստորագրություն (գ.թ. 48, 49, 51, 52).

4) Գործում առկա փոստային ծրարի վրա առկա են «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01.02.2023թ» գրառում և ստորագրություն (գ.թ. 53).

5) Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանը փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 06.02.2023 թվականին և նշել, որ «Որոշումն ինձ չի ուղարկվել, այլ, ինչպես հետագայում ինձ պարզաբանեցին դատարանի աշխատակազմից, սխալմամբ իմ օրինակն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին: Որոշումը ստանալու համար ես դիմել եմ դատարանի աշխատակազմ, և այն ինձ տրամադրվել է միայն 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել եմ համապատասխան գրառում: Այսինքն` ես վերաքննիչ բողոքը ներկայացնում եմ օրենքով սահմանված` այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Սակայն եթե Վերաքննիչ դատարանը կգտնի, որ սույն բողոքը ներկայացնելու ժամկետը խախտվել է, քանի որ 24.10.2022 թվականի որոշման դեմ ի վերջո բողոքը ներկայացվում է միայն 2023 թվականի փետրվար ամսին, ապա միջնորդում եմ հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ այն բաց եմ թողել Դատարանի սխալի պատճառով, այն է` Որոշումը պատշաճ կերպով ինձ չի ուղարկվել և հանձնվել է միայն իմ դիմումից հետո` 01.02.2023 թվականին» (գ.թ. 74-80):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունն ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v. Russia թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը, հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Perez de Rada Cavanilles v. Spain թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց` դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia թիվ 67755/14 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը` մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovenie թիվ 36261/08 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ու նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Կարեն Ալբերտյանի և Արտակ Ներկարարյանի թիվ ԼԴ/0759/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվել դատարանի մատչելիության իրավունքից, ներառյալ` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող բողոքը վարույթ ընդունելու արդյունքում վերադաս դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ հակընդդեմ հայցադիմումի նկատմամբ կիրառելի համարելով հայցադիմումի համար օրենսգրքով սահմանված կարգը` օրենսդիրը հայցադիմումի, այդ թվում` հակընդդեմ, ընդունումը մերժելու մասին որոշումը դիտարկել է որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշում` միաժամանակ նախատեսելով այն ստանալուց հետո դրա դեմ բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետ: Բողոք բերելու նշված ժամկետային սահմանափակումը, լինելով իրավական որոշակիության սկզբունքի երաշխիք, այդուհանդերձ չպետք է կիրառվի այն կերպ, որ խոչընդոտի դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն` խաթարելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը:

Նկատի ունենալով, որ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորված է դրա ստացման փաստով` անձն արդյունավետ կերպով պետք է տեղեկացվի դատական այդ ակտի մասին և պետք է ապահովվի պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը: Այսինքն` այդ որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը:

Եթե անձը բաց է թողել իր իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող կամ իր համար որոշակի հետևանքներ առաջացնող դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, ապա պետք է ներկայացնի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` նշելով բացթողման պատճառները, որոնք դատարանի կողմից հարգելի ճանաչվելու դեպքում հիմք են ժամկետը վերականգնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում` բողոք բերած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը և բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 24.10.2022 թվականին որոշում է կայացրել Գուրգեն Աղաջանյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

Դատարանի 26.10.2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ հակընդդեմ հայցադիմումը, կից փաստաթղթերը և Դատարանի 24.10.2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք. Երևան, Կիևյան 4-15» հասցեով: Ստացման հավաստագրի (փոստային ծածկագիրը` AL0106773067AM) վրա առկա են «29.11.» գրառում և ստորագրություն:

Նարինե Եգորյանի ներկայացրած հայցադիմումում որպես իր և իր ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցե նշվել է «ՀՀ, ք Երևան, Կիևյան 4-15», իսկ Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումում որպես իր հաշվառման ու բնակության վայրի հասցե նշվել է «ք. Երևան, Աճառյան 34 շենք, բն.23»:

Գործում առկա փոստային ծրարի վրա նշված է «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01.02.2023թ» և առկա է ստորագրություն:

Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գուրգեն Աղաջանյանը փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 06.02.2023 թվականին և նշել, որ «Որոշումն ինձ չի ուղարկվել, այլ, ինչպես հետագայում ինձ պարզաբանեցին դատարանի աշխատակազմից, սխալմամբ իմ օրինակն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին: Որոշումը ստանալու համար ես դիմել եմ դատարանի աշխատակազմ, և այն ինձ տրամադրվել է միայն 01.02.2023 թվականին, ինչի մասին կատարել եմ համապատասխան գրառում: Այսինքն` ես վերաքննիչ բողոքը ներկայացնում եմ օրենքով սահմանված` այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Սակայն եթե Վերաքննիչ դատարանը կգտնի, որ սույն բողոքը ներկայացնելու ժամկետը խախտվել է, քանի որ 24.10.2022 թվականի որոշման դեմ ի վերջո բողոքը ներկայացվում է միայն 2023 թվականի փետրվար ամսին, ապա միջնորդում եմ հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ այն բաց եմ թողել Դատարանի սխալի պատճառով, այն է` Որոշումը պատշաճ կերպով ինձ չի ուղարկվել և հանձնվել է միայն իմ դիմումից հետո` 01.02.2023 թվականին:»:

Վերաքննիչ դատարանը 27.03.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունը, համապատասխանաբար` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Դատարանը 24.10.2022թ. կայացրել է «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, որը ուղարկել է սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Գուրգեն Վլադիմիրի Աղաջանյանին, իսկ վերջինս այն ստացել է 29.11.2022թ., հետևաբար` Դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը սկսել է հոսել 30.11.2022թ., որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 08.12.2022թ. ներառյալ, սակայն վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 06.02.2023թ.: (...)»:

Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից 29.11.2022 թվականին ստացվելու և 30.11.2022 թվականից դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետի հոսքն սկսված լինելու փաստ արձանագրելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքում ներկայացված ու գործում առկա ապացույցներով հաստատվող հանգամանքները: Մասնավորապես` հակընդդեմ հայցադիմումը, կցված փաստաթղթերը և նշված որոշումը 26.10.2022 թվականի թիվ Ե-289087/հ2 գրությամբ Գուրգեն Աղաջանյանին ուղարկվել են «ք. Երևան, ք. Երևան, Կիևյան 4-15» հասցեով, որը գործում առկա փաստաթղթերի համաձայն` Նարինե Եգորյանի և նրա ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցեն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ AL0106773067AM փոստային ծածկագիրը կրող ստացման հավաստագիրը, որի վրա առկա են «29.11.»գրառում և ստորագրություն, չի կարող համարվել Դատարանի 24.10.2022 թվականի որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատող պատշաճ ապացույց` դրանում ևս Նարինե Եգորյանի ու նրա ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի ծանուցման հասցեն նշված լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա փոստային ծրարի վրա նշված է «Ստացա Գուրգեն Աղաջանյան 01.02.2023թ» և առկա է ստորագրություն, ինչը բողոք բերած անձի պնդմամբ նշված որոշումն իր կողմից ստացվելու օրն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի որոշումը Գուրգեն Աղաջանյանին ավելի վաղ հանձնված լինելու մասին այլ ապացույցներ գործում առկա չեն, հետևաբար Վերաքննիչ դատարանը որպես բողոք ներկայացնելու ժամկետի սկիզբ պետք է հիմք ընդուներ 01.02.2023 թվականը: Դատարանի որոշումը Գուրգեն Աղաջանյանի կողմից 01.02.2023 թվականին ստացվելու պայմաններում դրա դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 10.02.2023 թվականը ներառյալ, իսկ Գուրգեն Աղաջանյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքման միջոցով ներկայացրել է 06.02.2023 թվականին, այսինքն` պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բողոք ներկայացնելու յոթնօրյա ժամկետը, որի պայմաններում բացակայել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գուրգեն Աղաջանյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել չէր կարող, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Գուրգեն Աղաջանյանի միջնորդությունն առարկայազուրկ է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գուրգեն Աղաջանյանը Դատարանի 24.10.2022 թվականի «Հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետում, իսկ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումն օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով, Գուրգեն Աղաջանյանին զրկել է Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից` խախտելով Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 հոկտեմբերի 2023 թվական:

 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204333969

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.10.2023
N ԵԴ/40776/02/22
Որոշում