Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՊԱՀԻՆ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/6665/05/18

    դատարանի որոշում                      2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6665/05/18

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                                      Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2023 թվականի հոկտեմբերի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.09.2020 թվականի որոշման դեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը` վարչական գործով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք` «Շեն Հոլդինգ» ՓԲԸ, Ընկերություն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյան` 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումները, որպես հետևանք Ծառայությանը պարտավորեցնել 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա հարուցել վարույթ, ինչպես նաև կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.09.2020 թվականի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.07.2019 թվականի թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով կայացրած վճիռը մասնակիորեն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժելու և կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել և այդ մասով փոփոխել` հետևյալ կերպ.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հայցը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարել:

Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Անվավեր ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը:

Մնացած` բողոքարկված և չբեկանված մասով, այն է` պատասխանող Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի հուլիսի 31-ի թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով կայացրած վճիռը թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ և 31.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն առ այն, որ կատարողական թերթը ներկայացվում է պահանջատիրոջ կողմից, հավասարապես կիրառելի է նաև կատարողական մակագրության թերթի ներկայացման դեպքում: Կատարողական մակագրության թերթը կատարման կարող է ներկայացնել միայն դրանում նշված պահանջատերը, հակառակ դեպքում անիմաստ է դառնում դրանում պահանջատիրոջ մասին նշումը և այն պահանջատիրոջը վերադարձնելու մասին օրենքի սահմանումը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ կատարողական մակագրության թերթը, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.2-րդ հոդվածի, կարող է վերադարձվել բացառապես այդ իրավանորմով նախատեսված դեպքերում, ապա այս առումով նույնպես պետք է նկատել, որ այն վերաբերում է պահանջատիրոջը վերադարձնելուն: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջատեր չհանդիսացող անձի կողմից կատարողական մակագրության թերթը ներկայացնելու դեպքում չի կարող հարուցվել կատարողական վարույթ, որպիսի իրավիճակում հարկադիր կատարողը չի կարող այլ վարքագիծ դրսևորել, քան կատարողական մակագրության թերթը այն ներկայացրած անձին վերադարձնելը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը` Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը մասնակի բեկանելու մասով, և այդ մասով փոփոխել այն` օրինական ուժ տալ Դատարանի 31.07.2019 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Հարկադիր կատարողը 19.03.2018 թվականի որոշումը կայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ և 31.2-րդ հոդվածների խախտմամբ` կատարողական թերթը վերադարձնելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին:

Վերոգրյալի հիման վրա` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն խնդրել է մերժել Ընկերության վճռաբեկ բողոքը` Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը թողնելով անփոփոխ, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատճառաբանելով ստորադաս դատարանի բողոքարկվող դատական ակտը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հիմք ընդունելով երկու հազար տասնվեց թվականի դեկտեմբերի քսանիննին «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից վավերացված և գրանցամատյանում 4830 համարով գրանցված պայմանագիրը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դիմումները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածը, 20.02.2018 թվականին կատարել է կատարողական մակագրություն, որը գրանցել է գրանցամատյանում 983 համարով: Կատարողական մակագրության թերթում որպես պահանջատեր նշվել է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը` ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի, պարտապան` «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության (հատոր 2-րդ, գ.թ. 10-11).

2) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանը 17.03.2018 թվականին Ծառայություն կատարման է ներկայացրել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված կատարողական մակագրության թերթը (հատոր 2-րդ, գ.թ. 15).

3) «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» 19.03.2018 թվականի որոշման համաձայն` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանը, ուսումնասիրելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից ներկայացված դիմումը և ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը, պարզել է, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ և 31.2-րդ հոդվածներով` ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը (ներկայացուցիչ Դ. Գյոզալյանին) (հատոր 2-րդ, գ.թ. 16).

4) Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հ. Հակոբյանի 09.04.2018 թվականի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժվել է, և Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Գ. Վարդանյանի կողմից 19.03.2018 թվականին կայացված որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 23-27):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 30-րդ և 31.2-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն կատարողական վարույթ կարող է հարուցվել ոչ պահանջատիրոջ կողմից ներկայացված կատարողական մակագրության թերթի հիման վրա:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` նույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ` կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա է կատարողական մակագրության թերթը:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում (...):

Օրենքի 31.2-րդ հոդվածի համաձայն` եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն` նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները (...) տալիս է կատարողական մակագրության թերթ (...):

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) կատարողական մակագրության թերթը հանդիսանում է նոտարական ակտ:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական ակտը պետք է բովանդակի`

1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.

3) փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագիրը.

4) նոտարի ստորագրությունը և կնիքը, ճզմիչ կնիքը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում` էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը.

5) առկայության դեպքում` պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.

6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու` պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին` «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.3-րդ հոդվածի համաձայն` կատարողական մակագրության թերթը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, որի շրջանակներում նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից վավերացված պայմանագրերի կատարումը` պարտատիրոջ դիմումի հիման վրա տրամադրելով համապատասխան կատարողական մակագրության թերթ, որը ենթակա է հարկադիր կատարման: Այսինքն` կատարողական վարույթի հարուցման, հետևաբար նաև հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք է, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով տրված կատարողական մակագրության թերթը, որի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը նշված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ նոտարի կատարողական մակագրության ինստիտուտի նպատակը վերջին հաշվով անձի խախտված իրավունքների վերականգնումն է և այն ածանցվում է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքից, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի բովանդակությունը դրսևորվում է իրավունքի սուբյեկտների կողմից իրենց իրավունքներն իրականացնելու և դրանք տնօրինելու ազատության մեջ:

Տվյալ դեպքում պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պահանջատերն իրավունք ունի ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել նոտարին կատարողական մակագրության թերթը տրամադրելու պահանջով իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, և ըստ այդմ` վերջինս իրավունք ունի ինքնուրույն որոշել կատարողական մակագրության թերթը ներկայացնել հարկադիր կատարման, թե` ոչ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող խմբագրությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն ամրագրում է իրավակարգավորում առ այն, որ կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով: Ընդ որում, կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին` «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածը կատարողական մակագրության թերթը միայն պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջ ուղղակիորեն չէր նախատեսում, այդուհանդերձ` այդ տրամաբանությունն է ընկած ողջ կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման վարույթի իրականացման հիմքում և բխում է վերը նշված իրավանորմերի համալիր մեկնաբանությունից: Ավելին` 09.07.2019 թվականին ընդունված և 04.08.2019 թվականին ուժի մեջ է մտած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-126-Ն ՀՀ օրենքով իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուղղակիորեն նախատեսվել է կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջը: Այսինքն` օրենսդրությունը զարգացել է հենց այն տրամաբանությամբ, որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման կարող է ներկայացվել միայն պահանջատիրոջ կողմից:

Հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը խնդրո առարկա իրավահարաբերություններում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող իրավակարգավորումների պայմաններում կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ կարող է լինել միայն պահանջատերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից կատարման չներկայացնելը վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն կատարողական մակագրության թերթը վերադարձնելու հիմք է, թե` ոչ, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական այն պահանջը, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանված լինեն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործող ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեության մեջ «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը կարող է վերադարձնել միայն օրենքով նախատեսված դեպքերում, այն է` եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը: Մինչդեռ օրենսդիրը որպես կատարողական մակագրության թերթի վերադարձման հիմք չի նախատեսել այն դեպքը, երբ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման է ներկայացվում այլ անձի կողմից, քան պահանջատերն է կամ նրա ներկայացուցիչը:

Միաժամանակ հաշվի առնելով, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու իրավասու սուբյեկտը պահանջատերն է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր կատարման ծառայությունն իրավասու չէ, օրենքով լիազորված չէ հարուցելու կատարողական վարույթ այն մակագրության թերթի հիման վրա, որը ներկայացրել է ոչ պահանջատերը:

Ըստ այդմ, արձանագրելով, որ մի կողմից` մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կողմից կատարման ներկայացնելը հիմք չէ մակագրության թերթը վերադարձնելու համար, մյուս կողմից` հարկադիր կատարման ծառայությունը լիազորված է վարույթ հարուցել միայն պահանջատիրոջ ներկայացրած մակագրության թերթի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում այն պետք է թողնվի առանց քննարկման, քանի որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող միակ սուբյեկտը պահանջատերն (նրա ներկայացուցիչը) է, որին էլ հենց վերադարձվում է կատարողական մակագրության թերթը, եթե այն չի համապատասխանում Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումները, որպես հետևանք Ծառայությանը պարտավորեցնել 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա հարուցել վարույթ, ինչպես նաև կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները:

Դատարանը 31.07.2019 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) նշված կատարողական մակագրության թերթով պահանջատեր և պարտապան են հանդիսանում «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ն և «էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն, ուստի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը տվյալ կատարողական մակագրության թերթով չի կարող հանդիսանալ պահանջատեր և կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ: (...) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները իրավաչափ են, մասնավորապես, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից խնդրո առարկա կատարողական մակագրության թերթի հիման վրա կատարողական վարույթի հարուցման հիմքեր առկա չեն եղել, որպիսի պարագայում Հայցվորի կողմից ներկայացված կատարողական մակագրության թերթը վերադարձվել է: Տվյալ պարագայում, հարկադիր կատարողը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և բացակայում է որևէ փաստական կամ իրավական հիմք, որը կվկայեր Ծառայության կողմից օրենքի խախտման, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով որոշում ընդունելու փաստը, ուստի տվյալ դեպքում բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված վիճարկվող ակտերի` 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշման անվավեր ճանաչման հիմքերը»:

Վերաքննիչ դատարանը 16.09.2020 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Դատարանի վճիռը մասնակիորեն` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժելու և կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել է և այդ մասով փոփոխել` հետևյալ կերպ.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հայցը` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարել է:

Անվավեր է ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Անվավեր է ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը:

Մնացած` բողոքարկված և չբեկանված մասով, այն է` պատասխանող Ծառայությանը 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերոգրյալ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) հարկադիր կատարողը Օրենքի 31.2-րդ հոդվածով լիազորված է վերադարձնել կատարողական մակագրության թերթը բացառապես այդ հոդվածում նշված հիմքերով, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ այն կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից, որպիսի հիմքով կատարողական մակագրության թերթը վերադարձնելու լիազորությամբ հարկադիր կատարողը Օրենքով օժտված չէ:

Վերոգրյալից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը` 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձնելով այն պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված չլինելու հիմքով, դուրս է եկել Օրենքով նախատեսված` կատարողական մակագրության թերթը վերադարձնելու իր լիազորությունների շրջանակից, որպիսի պարագայում էլ անհիմն է համարում հակառակի վերաբերյալ Դատարանի` վերը նշված հետևություններն ու եզրահանգումները, ինչպես նաև վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկները»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հիմք ընդունելով 29.12.2016 թվականին «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից վավերացված և գրանցամատյանում 4830 համարով գրանցված պայմանագիրը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դիմումները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածի համաձայն, 20.02.2018 թվականին կատարել է կատարողական մակագրություն, որը գրանցել է գրանցամատյանում 983 համարով, որպիսի կատարողական մակագրության թերթում որպես պահանջատեր նշվել է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը` ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանի, պարտապան` «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությունը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից 17.03.2018 թվականին Ծառայությանը ներկայացված դիմումով կատարման է ներկայացվել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականի տրված (գրանցված է սեղանամատյանում 983 համարով) կատարողական մակագրության թերթը` հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի և 23-րդ հոդվածի 1.1-րդ կետի պահանջները` դիմումին կից ներկայացնելով, ի թիվս այլ փաստաթղթերի, նաև կատարողական մակագրության թերթի բնօրինակը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման համաձայն` Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանը, ուսումնասիրելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից ներկայացված դիմումը և ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը, պարզել է, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից և ղեկավարվելով Օրենքի 28-րդ, 30-րդ և 31.2-րդ հոդվածներով` ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Պողոսյանի կողմից 19.03.2018 թվականի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանին հասցեագրված թիվ Ե-2921-07102 գրության համաձայն` վերջինիս է ուղարկվել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող Գ. Վարդանյանի կողմից կայացված որոշումը` կատարողական մակագրության թերթը վերադարձնելու մասին:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից 29.03.2018 թվականի վարչական կարգով բողոք է ներկայացվել Ծառայություն` խնդրելով վերացնել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հ. Հակոբյանի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշմամբ` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժվել է և Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Գ. Վարդանյանի կողմից 19.03.2018 թվականի կայացված որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ դեպքում «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված և գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթում հստակ որպես պահանջատեր նշված է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը` ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի, մինչդեռ այն կատարման է ներկայացվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ և 31.2-րդ հոդվածներով` ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը (ներկայացուցիչ Դ. Գյոզալյանին):

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն առաջնահերթ հարկ է համարում քննարկման առարկա դարձնել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ իրավական շահագրգռվածության առկայության հանգամանքը` նկատի ունենալով այն, որ վերջինս չի հանդիսացել իր կողմից հարկադիր կատարման ներկայացված կատարողական մակագրության թերթի պահանջատերը:

i

Այսպես` ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) նախատեսված է, որպես ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: (...) Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ: (...) Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի: Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

i

Այսինքն` վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության արդյունքում չի հիմնավորվել այն փաստը, որ Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված և գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթում հստակ որպես պահանջատեր նշված է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը, այնինչ այն հարկադիր կատարման է ներկայացվել ոչ պահանջատեր հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից:

Նկատի ունենալով, որ կատարողական մակագրության թերթի ոչ պահանջատեր հանդիսացող անձը չի կարող հավակնել այլ պահանջատիրոջը տրված կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման իրավունքի իրացմանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից պահանջատեր «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությանը տրված կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու և արդյունքում Ծառայության կողմից 19.03.2018 թվականին «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման կայացման պայմաններում չի հիմնավորվել, թե դրա արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր որ իրավունքներն ու ազատություններն են խախտվում:

Այսինքն` հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը ի սկզբանե չի ունեցել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված և գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավունք, ուստի Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման օրենքի ենթադրյալ խախտմամբ ընդունված լինելու և հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից 19.03.2018 թվականին «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման օրենքի ենթադրյալ խախտմամբ ընդունված լինելու պայմաններում անգամ չի հիմնավորվում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության իրավունքների ու օրինական շահերի ենթադրյալ խախտման միջև կապը: Մասնավորապես, սույն դեպքում հայցվորի իրավունքի խախտման փաստը չի հիմնավորվում` հաշվի առնելով, որ վերջինիս դիմումի հիման վրա միևնույնն է կատարողական վարույթ չէր կարող հարուցվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 31.07.2019 թվականի վճռին:

2. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հօգուտ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից

թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով 02.10.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

02.10.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հոկտեմբերի 2-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.09.2020 թվականի որոշման դեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը` վարչական գործով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք «Շեն Հոլդինգ» ՓԲԸ, Ընկերություն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյան` 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.07.2019 թվականի վճռին:

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործով Դատարանը 31.07.2019 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) նշված կատարողական մակագրության թերթով պահանջատեր և պարտապան են հանդիսանում «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ն և «էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն, ուստի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը տվյալ կատարողական մակագրության թերթով չի կարող հանդիսանալ պահանջատեր և կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ: (...) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները իրավաչափ են, մասնավորապես, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից խնդրո առարկա կատարողական մակագրության թերթի հիման վրա կատարողական վարույթի հարուցման հիմքեր առկա չեն եղել, որպիսի պարագայում Հայցվորի կողմից ներկայացված կատարողական մակագրության թերթը վերադարձվել է: Տվյալ պարագայում, հարկադիր կատարողը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և բացակայում է որևէ փաստական կամ իրավական հիմք, որը կվկայեր Ծառայության կողմից օրենքի խախտման, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով որոշում ընդունելու փաստը, ուստի տվյալ դեպքում բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված վիճարկվող ակտերի` 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշման անվավեր ճանաչման հիմքերը»:

Վերաքննիչ դատարանը 16.09.2020 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Դատարանի վճիռը մասնակիորեն` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժելու և կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել է և այդ մասով փոփոխել` հետևյալ կերպ.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հայցը` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարել է:

Անվավեր է ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Անվավեր է ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը:

Մնացած` բողոքարկված և չբեկանված մասով, այն է` պատասխանող Ծառայությանը 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերոգրյալ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) հարկադիր կատարողը Օրենքի 31.2-րդ հոդվածով լիազորված է վերադարձնել կատարողական մակագրության թերթը բացառապես այդ հոդվածում նշված հիմքերով, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ այն կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից, որպիսի հիմքով կատարողական մակագրության թերթը վերադարձնելու լիազորությամբ հարկադիր կատարողը Օրենքով օժտված չէ:

Վերոգրյալից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը` 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձնելով այն պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված չլինելու հիմքով, դուրս է եկել Օրենքով նախատեսված` կատարողական մակագրության թերթը վերադարձնելու իր լիազորությունների շրջանակից, որպիսի պարագայում էլ անհիմն է համարում հակառակի վերաբերյալ Դատարանի` վերը նշված հետևություններն ու եզրահանգումները, ինչպես նաև վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկները»:

Վճռաբեկ դատարանը որոշել է Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.07.2019 թվականի վճռին` պատճառաբանելով, որ չնայած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածը կատարողական մակագրության թերթը միայն պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջ ուղղակիորեն չէր նախատեսում, այդուհանդերձ` այդ տրամաբանությունն է ընկած ողջ կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման վարույթի իրականացման հիմքում և բխում է վերը նշված իրավանորմերի համալիր մեկնաբանությունից: Ավելին` 09.07.2019 թվականին ընդունված և 04.08.2019 թվականին ուժի մեջ է մտած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-126-Ն ՀՀ օրենքով իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուղղակիորեն նախատեսվել է կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջը: Այսինքն` օրենսդրությունը զարգացել է հենց այն տրամաբանությամբ, որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման կարող է ներկայացվել միայն պահանջատիրոջ կողմից:

Հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը և դրա կիրառելիությունը խնդրո առարկա իրավահարաբերություններում` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող իրավակարգավորումների պայմաններում կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ կարող է լինել միայն պահանջատերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից կատարման չներկայացնելը վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն կատարողական մակագրության թերթը վերադարձնելու հիմք է, թե` ոչ, արձանագրել է հետևյալը.

(...) իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեության մեջ «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով և օրենքով, ինչը դրսևորվում է նաև օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) և օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որևէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը կարող է վերադարձնել միայն օրենքով նախատեսված դեպքերում, այն է` եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը: Մինչդեռ օրենսդիրը որպես կատարողական մակագրության թերթի վերադարձման հիմք չի նախատեսել այն դեպքը, երբ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման է ներկայացվում այլ անձի կողմից, քան պահանջատերն է կամ նրա ներկայացուցիչը:

Միաժամանակ հաշվի առնելով, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու իրավասու սուբյեկտը պահանջատերն է, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման ծառայությունն իրավասու չէ, օրենքով լիազորված չէ հարուցելու կատարողական վարույթ այն մակագրության թերթի հիման վրա, որը ներկայացրել է ոչ պահանջատերը:

Ըստ այդմ, արձանագրելով, որ մի կողմից` մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կողմից կատարման ներկայացնելը հիմք չէ մակագրության թերթը վերադարձնելու համար, մյուս կողմից` հարկադիր կատարման ծառայությունը լիազորված է վարույթ հարուցել միայն պահանջատիրոջ ներկայացրած մակագրության թերթի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտել է, որ կատարողական մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում այն պետք է թողնվի առանց քննարկման, քանի որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող միակ սուբյեկտը պահանջատերն (նրա ներկայացուցիչը) է, որին էլ հենց վերադարձվում է կատարողական մակագրության թերթը, եթե այն թերթը չի համապատասխանում Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործի քննության արդյունքում չի հիմնավորվել այն փաստը, որ Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված և գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթում հստակ որպես պահանջատեր նշված է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը, այնինչ այն հարկադիր կատարման է ներկայացվել ոչ պահանջատեր հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից:

Նկատի ունենալով, որ կատարողական մակագրության թերթի ոչ պահանջատեր հանդիսացող անձը չի կարող հավակնել այլ պահանջատիրոջը տրված կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման իրավունքի իրացմանը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից պահանջատեր «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությանը տրված կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու և արդյունքում Ծառայության կողմից 19.03.2018 թվականին «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման կայացման պայմաններում չի հիմնավորվել, թե դրա արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր որ իրավունքներն ու ազատություններն են խախտվում:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվոր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունն ի սկզբանե չի ունեցել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված և գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավունք, ուստի Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման օրենքի ենթադրյալ խախտմամբ ընդունված լինելու և հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայության կողմից 19.03.2018 թվականին «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման օրենքի ենթադրյալ խախտմամբ ընդունված լինելու պայմաններում անգամ չի հիմնավորվում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության իրավունքների ու օրինական շահերի ենթադրյալ խախտման միջև կապը: Մասնավորապես, սույն դեպքում հայցվորի իրավունքի խախտման փաստը չի հիմնավորվում` հաշվի առնելով, որ վերջինիս դիմումի հիման վրա միևնույնն է կատարողական վարույթ չէր կարող հարուցվել:

 

3. Վճռաբեկ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանս և Արման Թովմասյանս համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշման հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումն ամփոփ հանգում է նրան, որ կատարողական մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում այն պետք է թողնվի առանց քննարկման, քանի որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող միակ սուբյեկտը պահանջատերն (նրա ներկայացուցիչը) է, որին էլ հենց վերադարձվում է կատարողական մակագրության թերթը, եթե այն չի համապատասխանում Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ինչպես նաև սույն դեպքում հայցվորի իրավունքի խախտման փաստը չի հիմնավորվում` հաշվի առնելով, որ վերջինիս դիմումի հիման վրա միևնույնն է կատարողական վարույթ չէր կարող հարուցվել:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի եզրահանգմանը` կատարողական մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողի վարույթ հարուցելու իրավասություն չունենալու և կատարողական մակագրության թերթն առանց քննարկման թողնելու ենթակա լինելու վերաբերյալ` հայտնում ենք մեր անհամաձայնությունը` ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` նույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ` կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա է` կատարողական մակագրության թերթը:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում (...):

Օրենքի 31.2-րդ հոդվածի համաձայն` եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

Նախքան կիրառելի իրավանորմերի մեկնաբանությունը հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքին և դրա լույսի ներքո միայն գնահատել իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում կատարողական մակագրության թերթի հիման վրա որպես պահանջատեր հանդես եկող սուբյեկտի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պարտադիրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական այն պահանջը, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանված լինեն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որևէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ իրավական ակտով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործող ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015թ. որոշումը):

Հարկ ենք համարում արձանագրել, որ օրենսդրությամբ, ի թիվս այլնի, նախատեսվում է կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման ինստիտուտը: Այսպես, հարկադիր կատարման վարույթը, բաղկացած լինելով միմյանց հաջորդող մի քանի փուլերից, սկսվում է կատարողական մակագրության թերթը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնելու պահից: Ընդ որում, Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման հենց պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացնելու պահանջ օրենսդիրը չէր նախատեսում:

Մասնավորապես, հիշյալ նորմի ուսումնասիրությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու երկու հիմք: Մի դեպքում հստակ նախատեսված է կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնող իրավասու սուբյեկտը` դատարանը, մինչդեռ, մյուս դեպքում նման սուբյեկտ նախատեսված չէ: Նման դիրքորոշումը բխում է Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի առաջին պարբերության «դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո» և երկրորդ պարբերության նշված «կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո» ձևակերպումներից:

Այսինքն, վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը չի սահմանել իմպերատիվ պահանջ` կատարողական մակագրության թերթը հենց պահանջատիրոջ կողմից ներկայացնելու: Դեռ ավելին, հետագայում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-126-Ն ՀՀ օրենքի (ընդունվել է 09.07.2019 թվականին, ուժի մեջ է մտել 04.08.2019 թվականին) շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում է նախատեսվել կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջը:

Ամփոփելով վերոշարադրյալը` արձանագրում ենք, որ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված չէր կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից անձամբ կատարման ներկայացնելու իմպերատիվ պահանջ, ըստ այդմ` հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելու իրավասությունն առկախված չէր կատարողական մակագրության թերթն անձամբ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացված լինելու հանգամանքից: Հետևաբար, ելնելով վարչական մարմինների գործունեության` բացառապես օրենքներով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ իրականացնելու սկզբունքից` եզրահանգում ենք, որ կատարողական մակագրության թերթը հենց պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացված չլինելը չէր կարող հանդիսանալ հիմք այն հարկադիր կատարողի կողմից վերադարձնելու համար` նման հիմք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքով նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, ավելին կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարողի կողմից չէր կարող թողնվել առանց քննարկման:

Հաջորդիվ, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը` սույն դեպքում հայցվոր ընկերության իրավունքի խախտման փաստը չհիմնավորվելու վերաբերյալ, այդ մասով ևս հայտնում ենք մեր անհամաձայնությունը` ներքոշարադրյալ պատճառաբանությամբ:

Հարկ ենք համարում շեշտադրել, որ Վճռաբեկ դատարանը հայցվոր ընկերության իրավունքի խախտման փաստը տվյալ դեպքում չհիմնավորվելը պայմանավորել է նրանով, որ վերջինիս դիմումի հիման վրա միևնույնն է կատարողական վարույթ չէր կարող հարուցվել:

Նախ, հիմք ընդունելով սույն հատուկ կարծիքով արտահայտած իրավական դիրքորոշումը` փաստենք, որ սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ վիճարկվող 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ այն կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից, այնինչ, կրկին շեշտադրելով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքով նախատեսված չէր կատարողական մակագրության թերթն անձամբ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացնելու իրավական պահանջ` գալիս ենք հետևության, որ վիճարկվող որոշումն իրավասու մարմնի կողմից կայացվել է իր լիազորությունների վերազանցման արդյունքում, ինչն էլ հանգեցրել է, ինչպես Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող 31.2-րդ հոդվածի սխալ մեկնաբանման և կիրառման, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտման, որպիսի իրավաչափ հետևության եկել է նաև Վերաքննիչ դատարանը:

Բացի այդ, հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել այն հանգամանքը, որ, «(...) ինչպես ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող խմբագրությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն ամրագրում է իրավակարգավորում առ այն, որ կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով: Ընդ որում, կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին` «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածը կատարողական մակագրության թերթը միայն պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջ ուղղակիորեն չէր նախատեսում, այդուհանդերձ` այդ տրամաբանությունն է ընկած ողջ կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման վարույթի իրականացման հիմքում և բխում է վերը նշված իրավանորմերի համալիր մեկնաբանությունից: Ավելին` 09.07.2019 թվականին ընդունված և 04.08.2019 թվականին ուժի մեջ է մտած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-126-Ն ՀՀ օրենքով իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուղղակիորեն նախատեսվել է կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջը: Այսինքն` օրենսդրությունը զարգացել է հենց այն տրամաբանությամբ, որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման կարող է ներկայացվել միայն պահանջատիրոջ կողմից»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, ընդգծելով, որ ուղղակիորեն ամրագրված է իրավակարգավորում առ այն, որ կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով, անտեսել է այն հանգամանքը, որ կատարողական մակագրության թերթը, որը հայցվոր ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանը 17.03.2018 թվականին Ծառայություն կատարման է ներկայացվել տրվել է հենց հայցվոր ընկերության դիմումի հիման վրա, ըստ որի` հիմք ընդունելով երկու հազար տասնվեց թվականի դեկտեմբերի քսանիննին «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից վավերացված և գրանցամատյանում 4830 համարով գրանցված պայմանագիրը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դիմումները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածը, 20.02.2018 թվականին կատարել է կատարողական մակագրություն, որը գրանցել է գրանցամատյանում 983 համարով:

Այսպիսով, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը` բողոքը մասնակի բավարարելու մասով բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը և Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը մասնակի բեկանելով և փոփոխելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավորներ Ք. Մկոյան

                          Ա. Թովմասյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809923284

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.10.2023
N ՎԴ/6665/05/18
Որոշում